Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Սահմանադրական գործընթացի երկակի ծուղակը. խաղաղության և ժողովրդավարության փորձությունը 1in.am 1in.am

time
Սահմանադրական գործընթացի երկակի ծուղակը. խաղաղության և ժողովրդավարության փորձությունը

Հայաստանի Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելու պահանջը խաղաղության նախապայման դարձնելով՝ Բաքուն ստեղծել է մի իրավիճակ, երբ սահմանադրական հանրաքվեի ձախողումն ինքնին կարող է ծառայել Ադրբեջանի ռազմավարական նպատակներին։

Հանրաքվեի ձախողումը Բաքվին դիվանագիտական նոր լծակ կտա՝ հայ հասարակության սահմանադրական ընտրությունը ներկայացնելու որպես խաղաղության մերժում և այդ մեկնաբանությամբ միջազգային հանրության առջև հիմնավորելու Հայաստանի նկատմամբ հետագա ճնշումն ու նոր պահանջները։

Հայաստանում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության շուրջ քննարկումները ծավալվել էին դեռևս 2018 թվականին՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման հրամայականով։ Բաքուն հետագայում այդ գործընթացը կապեց խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ՝ հայ հասարակության մեջ խորացնելով արտաքին պարտադրանքի և ազգային արժանապատվության ոտնահարման զգացումը։ Կոգնիտիվ պատերազմի այս ռազմավարությունը միաժամանակ սպառնում է Հայաստանի ներքին բարեփոխումներին և խաղաղության գործընթացին՝ հասարակական դիմադրությունը վերածելով արտաքին քաղաքական ճնշման ռեսուրսի։

2004 թվականին Կիպրոսի հունական համայնքի ընտրողների շուրջ 76 տոկոսը մերժեց Կոֆի Անանի խաղաղության ծրագիրը։ Անվտանգության երաշխիքների նկատմամբ անվստահությունն ու արտաքին պարտադրանքի ընկալումը տասնամյակներով հետաձգեցին կղզու վերամիավորման հեռանկարը։ Հայաստանի սահմանադրական գործընթացը նույնպես կարող է հայտնվել նման փակուղում։

Փոխադարձ սահմանադրական պարտավորությունների ամրագրումը խաղաղության համաձայնագրում զգալիորեն կնվազեցներ այդ վտանգը։ 1998 թվականի Բելֆաստի համաձայնագրի հաջողության հիմքում հենց փոխադարձությունն էր։ Հայ-ադրբեջանական նախաստորագրված համաձայնագրում այդ մեխանիզմը բացակայում է, իսկ փաստաթղթի շուրջ բանակցությունների վերսկսումը նոր անորոշություններ կառաջացնի։

Անկախության հռչակագիրը պատմականորեն հիմնավորել է Հայաստանի անկախ պետականության վերականգնումը։ Երեք տասնամյակ անց դրա սահմանադրական նշանակությունը վերաիմաստավորելու անհրաժեշտությունը բխում է Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության և զարգացման արդի առաջնահերթություններից։ Այդ հարցում Հայաստանի ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքը ինքնիշխանության հիմնարար սկզբունք է, որը պետք է պաշտպանված լինի նաև Ադրբեջանի քաղաքական ճնշումից։

Հրապարակված սահմանադրական նախագծի գնահատման գլխավոր չափանիշը պետության ժողովրդավարական կարգի կենսունակությունն է՝ իշխանության կենտրոնացման, քաղաքական ազատությունների ոտնահարման և սահմանադրական լիազորությունների չարաշահման վտանգների առջև։

Սահմանադրությունը պետք է գրվի՝ կանխատեսելով իշխանության չարաշահման վատագույն սցենարները։ Վայմարյան հանրապետության կործանման պատմական դասը Գերմանիան ամրագրեց 1949 թվականի Հիմնական օրենքում՝ ստեղծելով ժողովրդավարական կարգի ինքնապաշտպանության համակարգ։ Սահմանադրական յուրաքանչյուր լիազորություն պետք է ուղեկցվի այնպիսի հակակշիռներով, որոնք կկանխեն օրինական ճանապարհով ստանձնած իշխանության վերածումն անսահմանափակ իշխանության։

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի մի շարք դրույթների հիմքում ընթացիկ քաղաքական խնդիրներն են, արտաքին միջամտության վտանգներն ու դատաիրավական բարեփոխումների դժվարությունները։ Տասնամյակներ գործելու կոչված հիմնարար օրենքը պահանջում է քաղաքական շատ ավելի լայն հեռատեսություն։

Ստեղծվել է պարադոքսալ իրավիճակ։ Խաղաղության հեռանկարը կարող է հասարակության մի հատվածին մղել անտեսելու նախագծի ժողովրդավարական թերությունները, իսկ Ադրբեջանի ճնշումը՝ մյուս հատվածին՝ մերժելու սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը։

Հայաստանի առջև ծառացած խնդիրը երկու վտանգների հաղթահարումն է։ Նախագծի խորքային լրամշակումը կարող է սահմանադրական գործընթացը վերադարձնել հայկական օրակարգ՝ դրա հիմքում դնելով անկախ արդարադատությունը, իշխանության արդյունավետ հակակշիռները, մարդու իրավունքների պաշտպանությունն ու ինքնիշխանության ամուր երաշխիքները։

Հայաստանի սահմանադրական համակարգի կենսունակությունը պետք է ապահովված լինի քաղաքական ճգնաժամերի, արտաքին անվտանգության սպառնալիքների և իշխանության չարաշահումների պարագայում՝ երաշխավորելով հանրապետության ինստիտուտների անխափան գործունեությունը, ժողովրդավարական կարգի պահպանումն ու երկրի ինքնիշխանությունը։

Սահմանադրության պատմական արժեքը քաղաքացու ազատությունը, պետության կենսունակությունն ու Հայաստանի ինքնիշխանությունը քաղաքական շրջադարձերից, ներքին ճգնաժամերից և արտաքին ուժերի կամայականություններից պաշտպանելու կարողության մեջ է։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test