Սկզբում մի շարք անկասելի փաստեր՝ ադրբեջանցիները հանդիսանում են Կարա-Կոյունլու, Ակ-Կոյունլու քոչվոր ցեղերի (մեր թվարկության XV դար) հետևորդները (տես․ К.Э. Босворт. Мусульманские династии, էջ. 221-225)։
ԽՍՀՄ բնակչության 1926 թվականի մարդահամարի տվյալներում նրանք կոչվում են Կովկասյան թաթարներ։
Չունենալով սեփական այբուբենը, ադրբեջաներենում հերթականությամբ օգտագործվել են արաբական, լատինական, ռուսական- կիրիլիցա, նորից լատինական այբուբենները։ Վերջերս Ռեջեփ Էրդողանը հանձնարարել է ստեղծել նոր այբուբեն, որը կիրառելի կլինի բոլոր թուրքալեզու պետությունների համար։
Մինչև XIX դարը ներառյալ ադրբեջանցիների մոտ իր դիրքերն է պահպանել պարսկերենը։ Անգամ Աբբաս-Կուլի Բակիխանովը (1794 – 1847), որին Ադրբեջանում համարում են ադրբեջանական առաջին պատմաբանը, իր հեղինակած պատմությունը գրել է պարսկերեն (տես.: В.А. Шнирельман. Войны памяти. Мифы, идентичность и политика в Закавказье. Москва. ИКЦ «Академкнига», 2003, էջ. 103)։
Ադրբեջանցիները միայն XX դարում հինգ անգամ փոխել են իրենց նախնիների ով լինելը (В.А. Шнирельман)։
Իրականացնելով հայերի ցեղասպանությունը Արևմտյան Հայաստանում, Թուրքիան դրանով չսահմանափակվեց։ Օսմանյան կայսրության պլաններին քաջատեղյակ, Թուրքիայում Գերմանիայի ռազմական կցորդ Օտտո Լոսովը 1918թ․ մայիսի 15-ին արձանագրում է՝ «Թուրքերը ձեռնամխել են հայերի լիովին բնաջնջումը Անդրկովկասում» (տես: Нагорный Карабах в международном праве и мировой политике. Документы и комментарий. Москва, 2008, Том 1, документ N 218)։ Օսմանյան կայսրությունում Գերմանիայի դեսպան Բերնստորֆի Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությանը հասցեագրված 23 մայիս 1918թ․-ի հեռագրում ասվում է՝ «հայկական բնակչությանը մի թիզ հող անգամ չի մնում ապրելու համար» (տես: док․N 219)։ Գերմանիայի Արտաքին գործերի նախարար Ր․Կյուլմանը 3 հունիս 1918թ․ Օսմանյան կայսրությունում Գերմանիայի դեսպանին տեղեկացնում է՝ «Լիովին արհամարելով իրենց կողմից տրված խոստումները, թուրքերը ձգտում են հասնել իրենց նպատակին՝ ոչնչացնել հայերին Կովկասում, կամ իրենց հովանավորությամբ թույլատրում են որ դա կատարվի» (տես: док․N 222)։
Դժբախտաբար, ինչպես ցույց տվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմը Արցախում և այսօրվա առկա իրավիճակը, այդ մտադրությունը (արդեն թուրք-ադրբեջանական տանդեմի) չի փոխվել։
Որպեսզի իրագործվի այդ հրեշավոր մտադրությունը, Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ և անգլիական օկուպացիոն ուժերի աջակցությամբ 1918թ․ մայիս ամսում առաջին անգամ կազմավորվում է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը (ԱԴՀ)։ Միաժամանակ առաջին անգամ շրջանառության մեջ է դրվում «ադրբեջան» բառը։ Այդ բառը հանդիսանում է մեր թվարկությունից առաջ IV դարի պարսիկ նշանավոր զորահրամանատար «Ատուրապատ»-ի անունը, որը Պարսկաստանի հյուսիս-արևմուտքում ստեղծել է իր «Ատուրապատական» թագավորությունը՝ արաբերեն «ադերաբադական», հետագայում «Ադերբայջայ», «Ադերբայջան»։ Դրանով թուրք-ադրբեջան տանդեմը հետապնդել է նպատակ՝ հարմար պահի ներկայացնել Իրանին (Պարսկաստան) տերիտորիալ պահանջներ, քանզի այնտեղ այժմ բնակվում են նաև ադրբեջանախոս իրանցիներ, իսկ նորահայտ ադրբեջանցի-թուրքին ամենուրեք բղավել՝ մենք հնագույն ազգ էնք (որտե´ղ մ․թ․ա․ IV դարը, որտեղ մ․թ․ XV դարը)։
Թուրքիայի թելադրանքով նորահայտ ԱԴՀ-ն անմիջապես սկսեց տերիտորիալ պահանջներ ներկայացնել իր հարևաններ՝ Հայաստանին և Վրաստանին։ Պահանջների անհիմն լինելու պատճառով՝ ԱԴՀ-ն չմտցվեց Ազգերի Լիգա։ Թուրքիան սկսեց հետապնդել նպատակ՝ նավթով հարուստ Ադրբեջանը տարածքայնորեն միավորել Թուրքիային։ XX դարի քսանական թվականներին առաջին անգամ հայտարարվեց, որ Նախիջևանը, Զանգեզուրը և Արցախը (Ղարաբաղ) իբր պատկանում են Ադրբեջանին։ Դրանք այն տարածքներն են, որոնցով Թուրքիան տարանջատվում է Ադրբեջանից։ Հանրահայտ է, որ այդ տարածքները երբեք չեն պատկանել Թուրքիային։ Տեսականորեն նրանց կարող են հավակնել Հայաստանը, Իրանը, Ռուսաստանը։ Պետական մակարդակի հասցված այդ սուտը սկսվեց թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից հնչեցվել ամեն մի հարմար պահի։ Հայաստանին չօգնեց Սովետականացումը։ Բոլշևիկյան և հետբոլշևիկյան Ռուսաստանը, որքան էլ զարմանալի է ու ցավալի, պաշտպանեց թուրք-ադրբեջանական տանդեմին։ Հավանական է, վճռորոշ դեր է խաղացել տանդեմի ցուցաբերած նուրբ դիվանագիտությունը։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո Թուրքիան հայտնվեց կործանման եզրին, բայց նրան հաջողվեց փրկվել, ստեղծելով սերտ կապեր Բոլշևիկյան Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի ռազամական և նյութական օգնության շնորհիվ Թուրքիան 1920թ․ հաղթեց Հունաստանի հետ կռվում և փրկվեց։ Թուրքիան, իր հերթին, խոստացավ տարածել Բոլշևիկյան համաշխարհային հեղափոխությունը Միջին Ասիայում և Արևելքում։
1921թ․մարտի 16-ին Մոսկվայում ստորագրվեց ռուս-թուրքական «բարեկամության և եղբայրության» մասին պայմանագիրը։ Բանակցություններին չթույլատրվեց մասնակցել Սովետական Հայաստանի ներկայացուցիչներին։ Համաձայն այդ պայմանագրի՝ Ղարսի մարզի (գտնվում էր Ռուսական Կայսրության կազմում 1879 թվականից), Երևանյան Գուբերնիայի Սուրմալուի Գավառը, Հայաստանի սիմվոլ Արարատ (Մասիս) սարով (գտնվում էր Ռուսաստանի կազմում 1828 թվականից) տրվեցին Թուրքիային։ Կողմերը համաձայնվեցին նաև Երևանի Գուբերնյայի Նախիջևանի մարզը, որը անհիշելի ժամանակներից բնակեցված էր առավելապես հայերով, դարձնել ինքնավարություն՝ որպես Ադրբեջանի պրոտեկտորատ։ «Պրոտեկտորատ» բառի մեկնաբանությունը նշանակում է՝ Ադրբեջանի տիրապետությանը հանձնվեց իրեն չպատկանող տարածք։
Բոլշևիկյան հեղափոխությունը Արևելք «տարածող» Էնվեր փաշան միայն ստեղծեց բասմաչական պետություն Միջին Ասիայում և սպանվեց Կարմիր Բանակի հեծյալ կորպուսի հետ մարտում։ Ճակատագրի հեգնանքով այդ կորպուսի հրամանատարը ծննդով Արցախից, հայ սպա Հակոբ Մելքումովն էր։
Վերը շարադրվածի ֆոնին, գարշանք է առաջացնում այն թևթևությունը, որով բոլշևիկյան Ռուսաստանը նվիրաբերել է բուն հայկական տարածքները Թուրքիային ու Ադրբեջանին։
Լուծելով Նախիջևանի հարցը նման ձևով, Թուրքիան դրեց առաջին անկյունաքարը տարածքայնորեն միանալու իր իսկ կողմից ստեղծած Ադրբեջանի հետ։
Ղարսի 13 հոկտեմբերի 1921թ․ պայմանագիրը Անդրկովկասի երեք հանրապետությունների և Թուրքիայի միջև, կրկնեց Մոսկովյան պայմանագրի հիմնական դրույթները։
16 մարտի և 13 հոկտեմբերի 1921թ․ պայմանագրերի արդյունքում Հայաստանը կորցրեց շուրջ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք։ Չօգնեց նաև Հայաստանի սովետականացումը։ Նրան սպասում էր ևս մեկ ճակատագրական արհավիրք, արդեն կապված Արցախի հետ։
Լեռնային Ղարաբաղը (Արցախ) սկուտեղի վրա, առանց գեթ մեկ կրակոցի Ադրբեջանին հանձնվեց Ռուսաստանի բոլշեվիկյան Կոմկուսի Կովկասյան բյուրոյի 5 հուլիսի 1921թ․ որոշումով, չնայած մեկ օր առաջ (4 հուլիս) նույն բյուրոն Լեռնային Ղարաբաղն համարել է Հայաստանի անքակտելի մաս։
Արցախի հայերի համար ողբերգական դարձավ Կովբյուրոյի որոշման բ) կետը՝ «Հանձնարարել Ադրբեջանի Կենտկոմին որոշել Ավտոնոմ մարզի սահմանները և ներկայացնել Կովբյուրոյի հաստատմանը»։ Փոխանակ Ավտոնոմ մարզի կազմ մտցվեին այն տարածքները, որոնք կային Արցախը Ռուսաստանի կազմում ընդգրկվելու (1813թ․) պահին՝ «Ղարաբաղը երկիր է, որը գտնվում է Արաքս գետի ձախ ափի և Քուր գետի աջ ափի միջև, Մուղանի դաշտից վերև, սարերում։ Նրա գլխավոր բնակիչները հայեր են, որոնք ղեկավարվում են իրենց հինգ մելիքներով (իշխաններով) ժառանգաբար։ Այդ մելիքները անմիջապես ենթարկվում են Շահին (Նադիր)» (տես․՝ академик Российской Академии наук А. Бутков: Материалы по новой истории Кавказа, СПб., 1869)։ Մելիքները օգտվել են լրիվ ազատությունից, վճարել են Պարսկաստանին տուրք և մատակարարել են բանակին ղարաբաղյան նշանավոր ձիեր։ Հինգ հայկական մելիքությունները լինելով անմիջական հարևաններ կազմել են միաբանություն և գոյատևել են մինչև ռուսական տիրապետության տակ անցնելը 1813թ․
Կամ կազմեին հառը հանձնաժողով, բաղկացած ռուսներից, հայերից ու ադրբեջանցիներից՝ ավտոնոմ մարզի ծավալը և սահմանները որոշելու համար, այդ հարցը հանձնարարվեց Ադրբեջանի Կենտկոմին։
Օգտվելով Կովբյուրոյի որոշման բ) կետից, առանց Կովբյուրոյի հաստաման, որը պահանջվում էր, ադրբեջանական իշխանությունները Լեռնային Ղարաբաղից կտրեցին և չմտցրեցին Ավտոնոմ մարզի մեջ Շամխորի, Խանլար-Գետաշենի, Շահումյանի շրջանները (Արցախի Գյուլիստանի Մելիքություն), 97-98% հայ բնակչությամբ հյուսիս-արևմուտքում (մարշալներ Բաղրամյանի, Բաբաջանյանի, ադմիրալ Իսակովի հայրենիքը), Քելբաջարի և Լաչինի շրջանները արևմուտքում (Խաչենի և Վարանդայի մելիքությունների մի մասը) և բոլոր հարավային շրջանները մայր-Արաքս գետի երկայնքով (Դիզակի մելիքություն)։ Այդ հանդիսացավ Ղարաբաղի էական մասնատումը։ 1923թ․ ձևավորված Լեռնային Ղարաբաղի Ավտոնոմ Մարզը (ԼՂԱՄ), հետագայում (ԼՂԻՄ) տարածքայնորեն հանդիսացել է լիովին իզոլացված Հայաստանից և բոլոր կողմերով շրջապատված միայն Ադրբեջանով։
Այդ հանգամանքը թույլատրեց Ադրբեջանին ժամանկի ընթացքում (արդեն Սովետականի օրոք) անպատիժ կերպով արտաքսել հայ բնակչությունը ԼՂԻՄ-ին չպատկանող տարածքներից (Արևելյան Հայաստանից ԼՂԻՄ-ի հետ միասին), և Արաքս գետի երկայնքով մաքսիմալ մոտենալ Թուրքիային։ Մնացել է Հայաստանի 45-կլիլոմետրանոց Սյունիք-Զանգեզուր գոտին, Ադրբեջանի տարածքայնորեն միանալուն Թուրքիային։ Թուրքիա-Ադրբեջան տանդեմը ձգտել է այդ խնդիրը լուծել դեռևս XX դարի քսանական թվականներին։ Սակայն Հայրենիքի ինքնապաշտպանական ուժերին, ազգային հերոս Գարեգին Նժդեհի հրամանատարությամբ հաջողվեց դիմակայել և միացման այդ պլանը այդ ժամանակ ձախողվեց։
ԽՍՀՄ փլուզումից առաջ, 3 ապրիլի 1990թ․ընդունվել է՝ «ԽՍՀՄ-ից դուրս գալու վերաբերյալ հարցերի լուծման կարգի մասին» օրենքը։ Համաձայն այդ, դեռևս ուժը չկորցրած օրենքի և Միջազգային իրավական համապատասխան նորմերի, ստեղծվել են 2 անկախ հանրապետություններ՝ Азербайджанская Республика (АР) (տես. док․ N 745) и Нагорно-Карабахская Республика (НКР) (տես. док․ N 743)։
Քանի որ (НКР) (ԼՂՀ-ն) ստեղծվել է ավելի առաջ (02․09․1991թ․) քան ընդունվել է Անկախ պետությունների Ալմաաթայի հռչակագիրը (21․12․1991թ․), ապա Ադրբեջանի Հանրապետության (АР) տերիտորիալ ամբողջականությունը պետք է հասկանալ առանց (ԼՂՀ) (НКР) տարածքի։ Այդ հաստատվում է նաև նրանով, որ Ալմաաթայի հռչակագրից հետո ստեղծվել է ОБСЕ Մինսկի խումբը, որը գործել է 1992-2025թթ․, որի նպատակն էր լուծել ԼՂՀ անկախության հարցը։
Թուրքիա-Ադրբեջան տանդեմը ընտրեց այդ հարցի լուծման հանցավոր ռազմական-ուժային տարբերակը։ Տանդեմի ներկայացուցիչները մնում են անպատիժ, չէ որ նրանց ամեն ինչ թույլատրելի´ է։
ԼՂՀ (Արցախի Հանրապետություն) ստեղծումով, Արցախի հայրենի տարածքի մի մասի վրա, Թուրքիան և Ադրբեջանը հայտնվեցին իրարից 150 կմ-ից ավելի հեռավորության վրա։ Թվում Էր թե այս հանգամանքը շահավետ պիտի լիներ տարածաշրջանի խոշոր պետությունների համար։ Այժմ այդ հեռավորությունը դարձյալ 45 կմ է (Սյունիք-Զանգեզուր)։ Տարածաշրջանում ստեղծվել է անորաշություններով և կրիտիկական իրողություններով լի վիճակ նաև Հայաստան պետության համար, որը հնարավոր է հաղթահարել միայն համայն հայության միակամ և նպատակասլաց գործողություններով, քանզի դարձել է ռեալ տարածաշրջանում գերհզոր, Բալկաններից մինչև Չինաստան ընդգրկող Մեծ Թուրան կազմավորման ստեղծումը։
Հայկական տարածքների ձեռքբերմանը զուգահեռ, Ադրբեջանը ձգտում է ներկայանալ աշխարհին, որպես պետություն, որը իբր գոյություն է ունեցել հնագույն ժամանակներից, ունի հնագույն ճարտարապետական կոթողներ, միաժամանակ սրբում է հայկական հետքը այդ տարածքներում։ Պետական մակարդակով սկսել են Անդրկովկասի պատմության նենգափոխումը (տես. В.А. Шнирельман, էջ. 246-255)։ Ադրբեջանի պրեզիդենտ Հեյդար Ալիևի կողմից Անդրկովկասի պատմության վերանայման անհրաժեշտության համար առիթ հանդիսացավ Բաքվում 1998 թ․ դեկտեմբերին կայացած «Իսլամական քաղաքականությունը Կովկասում» միջազգային սիմպոզիումը։ Հանդես գալով դեկտեմբերի 11-ին մի խումբ մասնակիցների առաջ, նա Հայաստանն անվանեց «Արևմտյան Ադրբեջան», հնագույն «местом проживания азербайджанцев, мусульман»։ Երևում է այդ մտահղացումը նրան շատ է դուր եկել, հետագայում նա բազմիցս անդրադառձել է դրան։ Վերջերս այն բազմիցս կրկնում է իր որդին՝ պրեզիդենտ Իլհամ Ալիևը «մոռանալով» այն 550 հազար հայերի մասին, որոնք բնակվում էին Արևելյան Հայաստանում ու Բաքվում։
Հակահայկական քարոզչության համար նոր առիթ հանդիսացավ Նախիջևանի ավտոնոմ հանրապետության 75-ամյակի տոնակատարությունը։ Հեյդար Ալիևի ելույթում, նա այժմյան Հայաստանի տարածքը կրկին անվանեց ադրբեջանական և հորդորեց պատմաբաններին՝ «создавать обоснованные документы» և «доказывать принадлежность Азербайджану земель, где ныне расположена Армения» (տես. В.А. Шнирельман, էջ. 250)։
Ադրբեջանի գիտնականներն անմիջապես գործի անցան կատարելու նախագահ Հ․ Ալիևի հրահանգը։ Սկսվեց մրցակցություն թե ով ավելի արագ ու լավ կկատարի նախագահի ցուցումը, միջազգային հանրությանը կներկայցնի, որ ադրբեջանական ժողովուրդը օժտված է հնագույն կուլտարայով, ունի պետականության բազմադարյա պատմություն։
Անդրկովկասի պատմության ֆալսիֆիկացիան ադրբեջանցիների կողմից հատկապես ակտիվացավ 2020թ․ Արցախում 44-օրյա պատերազմից հետո։ Ադրբեջանցի պսեվդոգիտնականների կողմից ստեղծված «պատմությունը» կեղծ է և չի բավարարում գիտություն կոչվելու հիմնարար սկզբունքին՝ անհակասելիություն։ Պյութագորոսի թեորեմը, Նյուտոնի օրենքները, Մենդելեևի աղյուսակը և շատ ուրիշներ անմահ են , քանզի հնարավոր չէ բերել գեթ մեկ օրինակ, նրբորեն իրականացված փորձ, որը կհակասի թեորեմին, օրենքին, աղյուսակին։ Պատմությունը ևս ճշգրիտ գիտություն է, քանզի պահանջում է գրվածի հաստատում փաստերով, որոնք չկան ժամանակակից ադրբեջանական պատմագրո ւթյունում։ Այնտեղ գործում է այլ օրենք՝ սուտ, սուտ, դարձյալ սուտ։ Հավանական է նրանք կարծում են, որ բազմակի անգամ հնչեցված սուտը որոշ պահից սկսած, արդեն կընկալվի որպես ճշմարտություն։ Բայց այդ արդեն գիտություն չէ, այլ քաղաքականություն։
Վատնելով հսկայական միջոցներ, Ադրբեջանում լայնորեն ռեկլամվում են դիվանագետների ու պետական գործիչների հետ նախօրոք մանրազննին պլանավորված հանդիպումները, այդ հանդիպումների ընթացքում «վաստակաշատ» պրոֆեսորների զեկուցումները, կազմակերպում են հյուրերի համար ճամփորդություններ «նշանավոր տեղեր», գիտաժողովներ և «ընտրովի» զեկուցումների հրատարակումներ և այլ։ Որպես ասվածի օրինակ, կարող է ծառայել ս․թ․ սեպտեմբեր ամսին աշխարհի 50 երկրներից դիվանագետների 150 հոգանոց խմբի այցելության կազմակերպումը Արցախի Գանձասար կոչվող Մայր տաճար։ Նպատակը հայտարարել, որ իբր նա պատկանում է Կովկասյան Ալբանիային՝ ադրբեջանցիների նախահայրենիքին։
Բլեֆն ստացվեց, անտեղյակները հիացմունքի մեջ էին։ Բայց իրականությունն այլ է և շարադրված է ճարտարագիտության և հնագիտության գծով համաշխարհային հեղինակություն վայելող գիտնական Անատոլի Յակոբսոնի «Гандзасар» (1987թ.) գրքում։ Ահա մի հատված այդ գրքից՝ «Հին հայկական Արցախ նախանգի կենտրոնական մասում ՝(ներկայիս Լեռնային Ղարաբաղում) XII դ․ վերջում առաջ եկավ Խաչենի փոքր իշխանությունը։ Տափաստանաբնակ նվաճողների հարձակումներն արգելակող դժվարամատչելի տեղանքի շնորհիվ այն գոյատևեց մյուս հայկական իշխանություններից ավելի երկար։ XIII դ․ առաջին կեսը, ըստ երևույթին, եղել է նրա վերելքի ժամանակաշրջանը։ Հենց այդ ժամանակ այստեղ ստեղծվեցին հայկական գեղարվեստական ժառանգության ոսկե ֆոնդը մտած արվեստի երևելի ստեղծագործությունները։ Դրանք կենտրոնացած են Գանձասարի վանքում։»
Տաճարը պարունակում է էնցիկլոպեդիկ տվյալներ հայկական ճարտարապետության վերաբերյալ ՝ «Տաճարի ճարտարապետությունն առանց էական շեղումների վերարտադրում է դեռ X դ․մշակած խաչագմբեթ եկեղեցու հորինվածքը, որը բխում է «գմբեթավոր դահլիճից» և ներկայացված է այնպիսի հուշարձաններով, ինչպիսիքն են Հաղպատի (967 – 991թթ.), Սանահինի (967 – 972թթ., վերանորոգվել է 1084 թ․), Կեչառուքի (1033թ.) տաճարները։ XII – XIII դդ․ճարտարապետությունը լիովին հետևել է այդ հորինվածքին՝ Հառիճի (1201թ.), Հովհանավանքի (1216թ.), Գեղարդի (1215թ.) տաճարները։ Այդ լիովին բնորոշ է նաև Գանձասարի տաճարին (1216 – 1240 թթ.)»։
Այս ֆոնի վրա բնական է պահանջել ադրբեջանցիներից՝ ցույց տվեք Կովկասյան Ալբանիայի այն տաճարները, որոնց հետ հնարավոր կլինի համեմատել հայկականը։ Ավելի պարզ՝ ցույց տվեք գեթ մեկ տաճար։
Ադրբեջանական իշխանությունները հանձնարարել են բոլոր եկեղեցիների պատերից ու խաչքարերից մաքրել հայկական գրառումները։ Թշվառ զավթիչները պետք է գիտենան, որ այժմյան Հայաստանում ու Արցախում գտնվող բոլոր եկեղեցիների, պաշտամունքի ու պաշտպանական կառույցների պատերին, խաչքարերին գրված գրությունները, տառերը, ճարտարապետական արժեք ներկայացնող տարրերը ֆիքսված են, հաշվառված ու հրատարակված բազմահատորայան՝ «Հայկական վիմագրություն» ակադեմիական հրատարակումների ձևով։ Հինգերորդ հատորը նվիրված է Արցախին։
Յուրաքանչյուր հարմար պահի այդ գրառումները կվերականգնվեն։ Կավելանա ևս մեկը՝ նախքին գրառումը մաքրելու հրաման տվողի անձնանունը՝ որպես հավերժ անեծք։
Գիտությունը միասնական է։ Վաղուց անհրաժեշտ է, որ Ադրբեջանի պատմությունը գրեն հայ գիտնականները ևս, ինչպես և այլ ազգության իսկական գիտնականները, որոնցից է, մեր կարծիքով, պատմական գիտությունների դոկտոր Վիկտոր Ալեքսանդրի Շնիրելմանը։
Լենսեր Աղալովյան
ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզ․-մաթ․գիտ․դոկտոր, պրոֆեսոր
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test