Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

1998 թվական․ Ադրբեջանին մատուցված դիվանագիտական նվերը 1in.am 1in.am

time
1998 թվական․ Ադրբեջանին մատուցված դիվանագիտական նվերը

1998 թվականի պալատական հեղաշրջումը, երբ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Վազգեն Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանին պարտադրեցին հրաժարական տալ, շրջադարձային նշանակություն ունեցավ նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։ Հայաստանի նոր ղեկավարությունը, Ստեփանակերտի լուռ համաձայնությամբ, ընդունեց Բաքվի սկզբունքային պահանջներից մեկը՝ Լեռնային Ղարաբաղի դուրսմղումն անմիջական բանակցություններից։

Ընդամենը մի քանի տարի առաջ՝ 1994 թվականի Բուդապեշտի գագաթնաժողովում և 1995 թվականի մարտի 31-ին Պրահայում ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությամբ, ամրագրվել էին Լեռնային Ղարաբաղի՝ որպես հակամարտության կողմ բանակցություններին մասնակցելու քաղաքական հիմքերը։ Դա հայկական դիվանագիտության կարևորագույն ձեռքբերումներից էր։ Ստեփանակերտն ստացել էր սեփական անունից հանդես գալու և իր քաղաքական իրավունքները միջազգային բանակցություններում պաշտպանելու լծակ։ Ադրբեջանը ստիպված էր բանակցել մի կողմի հետ, որի քաղաքական սուբյեկտությունը ձգտում էր ամեն կերպ բացառել։

1999 թվականից Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի անմիջական բանակցությունները դարձան կարգավորման հիմնական ձևաչափը։ Երևանը ստանձնեց նաև Ղարաբաղի շահերը ներկայացնելու պատասխանատվությունը՝ աստիճանաբար կորցնելով հակամարտության եռակողմ բնույթը պահպանելու դիվանագիտական լծակները։ Բաքվի համար ճանապարհ հարթվեց հակամարտությունը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ ներկայացնելու համար։ Այդպիսով թուլացան նաև Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության քաղաքական դիրքերը։

Լևոն Տեր-Պետրոսյանը Լեռնային Ղարաբաղին բանակցություններից դուրս թողնելը համարել է Ադրբեջանին մատուցված ամենամեծ նվերը։ Այդ գնահատականը պահպանում է իր պատմական նշանակությունը՝ անկախ առաջին նախագահի այսօրվա քաղաքական դիրքորոշումներից։

Առանձին քննության է արժանի Ստեփանակերտի այն ժամանակվա ղեկավարության պատասխանատվությունը։ Երևանի իշխանության վերաձևավորմանը գործուն մասնակցություն ունեցած ղարաբաղյան քաղաքական վերնախավը հետագայում համակերպվեց սեփական բանակցային դերակատարության կորստի հետ։ Հայաստանի իշխանության համար պայքարում ձեռք բերված հաջողությունն ուղեկցվեց Արցախի քաղաքական ինքնուրույնության նահանջով։

Միջազգային հարաբերություններում ինքնուրույն բանակցային ներկայացուցչությունը քաղաքական կապիտալ է։ Պաղեստինյան դիվանագիտության տասնամյակների պատմությունը վկայում է դրա նշանակության մասին նույնիսկ տարածքային և ռազմական ծանր կորուստներից հետո։ Ստեփանակերտի հեռացումը բանակցային գործընթացից աստիճանաբար նվազեցրեց նաև Արցախի ժողովրդի՝ սեփական ճակատագրի վերաբերյալ միջազգային որոշումների վրա ազդելու կարողությունը։

Հետագա տարիներին Ադրբեջանը նավթային եկամուտները վերածեց ռազմական հզորության, տնտեսական ազդեցության և միջազգային քաղաքական կապիտալի։ Ուժերի հարաբերակցության փոփոխության հետ մեկտեղ ավելի ծանր դարձան հայկական կողմի նախկին դիվանագիտական զիջումների հետևանքները։

2020 և 2023 թվականների աղետների պատճառները բազմաշերտ են, սակայն դրանց քաղաքական նախապատմության առանցքային հանգրվաններից մեկը 1998 թվականն է։ Հայկական նորագույն պատմության ողբերգական պարադոքսներից է Արցախի ղեկավարի՝ Հայաստանի նախագահ դառնալը, որին հաջորդեց հենց Արցախի ինքնուրույն բանակցային դերակատարության կորուստը։

Ղարաբաղյան հակամարտության պատմության ամբողջական վերաիմաստավորումը պահանջում է վերադառնալ այդ շրջադարձին։ 1994 թվականին ռազմաճակատում ձեռք բերված առավելություններից մեկը՝ Արցախի ինքնուրույն մասնակցությունը միջազգային բանակցություններին, ընդամենը մի քանի տարի անց զոհաբերվեց խաղաղ ժամանակ՝ քաղաքական որոշումների հետևանքով։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test