Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

TRIPP-ը՝ ռուսական երկաթուղային կառավարման պայմաններում․ Վաշինգտոնը ռիսկեր է տեսնում, բայց չի բացառում համագործակցությունը 168.am 168.am

time
TRIPP-ը՝ ռուսական երկաթուղային կառավարման պայմաններում․ Վաշինգտոնը ռիսկեր է տեսնում, բայց չի բացառում համագործակցությունը

ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունը հայտարարել է, թե Հայաստանի երկաթուղու ռուսական կառավարումը կազդի TRIPP նախագծի վրա։ Նա շարունակել է, ասելով՝ Վաշինգտոնում դեռ չեն կարող ասել՝ այդ ազդեցությունը դրակա՞ն կլինի, թե՞ բացասական:

«Դա կազդի, որովհետև ամեն ինչ ազդում է ամեն ինչի վրա: Սա բավականին փոքր երկիր է, և տրանսպորտային ուղիներն այնքան էլ շատ չեն, բայց ես վստահ չեմ՝ այդ ազդեցությունը դրակա՞ն կլինի, թե՞ բացասական: Ռուսական կառավարումը գոյություն ունեցող գործոն է, բայց մեզնից կախված չէ, Հայաստանն ինքնիշխան երկիր է: Ռուսաստանն ունի իր բիզնես շահերը, մենք իրականացնում ենք TRIPP-ը՝ հենվելով Հայաստանի ինքնիշխանության վրա, մենք իրագործելու ենք մեր նախագիծը, և այն աներևակայելի հաջողված է լինելու: Կան տարբերակներ, երբ այդ ռուսական գործոնը կարող է լրացնել և ավելի հաջողված դարձնել մեր նախագիծը, և կան տարբերակներ, երբ մեր նախագիծը գոյություն կունենա ինքնուրույն՝ առանց որևէ կերպ ազդելու մեր աշխատանքի վրա»,- նշել է Լայթսթոունը:

Պաշտոնական Մոսկվան քանիցս պնդել է, թե TRIPP-ը կարող է արդյունավետ իրականացվել միայն Ռուսաստանի մասնակցությամբ, և այս հարցում Մոսկվայի կարծիքը պետք է հաշվի առնվի: Երևանն ու Մոսկվան այժմ բանակցում են հայկական երկաթուղու մրցունակությունը բարձրացնելու շուրջ:

Միացյալ Նահանգների ներկայացուցչի վերոնշյալ հայտարարությունը Հայաստանի երկաթուղու ռուսական կառավարման և TRIPP նախագծի փոխկապակցվածության մասին ուշագրավ է ոչ այնքան անորոշությամբ, որքան այդ անորոշության հետևում առկա քաղաքական ուղերձով։ Արյե Լայթսթոունը չի հայտարարել, թե ռուսական կառավարման պայմաններում ամերիկյան նախագիծը չի կարող իրականացվել, սակայն նրա ձևակերպումներն ակնհայտորեն ցույց են տալիս, որ ռուսական գործոնը Վաշինգտոնում դիտարկվում է որպես նախագծի իրականացման վրա ազդող հանգամանք։

Լայթսթոունի՝ «ամեն ինչ ազդում է ամեն ինչի վրա» ձևակերպումը, թերևս, ամենաուշագրավն է այս հայտարարության մեջ։ Այն բավական հստակ է հասկանալու համար, որ ամերիկյան կողմը երկաթուղու կառավարման հարցը TRIPP-ի համատեքստում երկրորդական կամ զուտ տեխնիկական խնդիր չի համարում։

Սակայն այստեղ պետք է տարբերակել՝ արդյո՞ք ԱՄՆ-ը սկզբունքորեն դեմ է Հայաստանի երկաթուղու ռուսական կառավարմանը, և արդյո՞ք Վաշինգտոնը ցանկանում է, որ TRIPP-ի գործարկման ընթացքում այդ կառավարման հանգամանքը չսահմանափակի ամերիկյան նախագծի հնարավորությունները։ Լայթսթոունի խոսքից ավելի հիմնավոր է երկրորդ եզրակացությունը։

Նա չի ձևակերպում ռուսական կառավարման վերացման պահանջ, բայց շեշտում է, որ ԱՄՆ-ը իր նախագիծն իրականացնում է՝ Հայաստանի ինքնիշխանության վրա հիմնվելով։ Այս շեշտադրումը ևս կարևոր է։ Այն ամերիկյան կողմի համար ստեղծում է սկզբունքային դիրքավորման հիմք՝ TRIPP-ի վերաբերյալ որոշումների կայացման իրավունքը վերապահելով Հայաստանին և միաժամանակ ընդգծելով, որ նախագծի իրականացումը Վաշինգտոնը չի պատրաստվում պայմանավորել Ռուսաստանի համաձայնությամբ։

Մոսկվայի դիրքորոշումը, ըստ որի՝ TRIPP-ը կարող է արդյունավետ գործել Ռուսաստանի մասնակցությամբ, իսկ ռուսական կողմի կարծիքը պետք է հաշվի առնվի, տրամաբանորեն հակադրվում է ամերիկյան մոտեցման այս ձևակերպմանը։ Եթե ռուսական կողմը տարածաշրջանային հաղորդակցությունների ապագան դիտարկում է սեփական ներգրավվածության պահպանման և ընդլայնման տեսանկյունից, ապա Վաշինգտոնը փորձում է նախագծի քաղաքական հիմքը կառուցել այդ ներգրավվածությունից անջատ։

Սա դեռ չի նշանակում, որ կողմերը երկաթուղու շուրջ տարաձայնություններ ունեն, սակայն ակնհայտ է նաև, որ TRIPP-ի շուրջ քննարկումը դառնում է տարածաշրջանային հաղորդակցությունների նկատմամբ ազդեցության և դրանց կառավարման շուրջ մրցակցության մաս, ինչը ևս տևական ժամանակ կանխատեսում էին ոլորտի վերլուծաբանները։

Լայթսթոունի հայտարարության մեջ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ նա չի բացառել ռուսական գործոնի՝ նախագծին նպաստելու հնարավորությունը։ «Կան տարբերակներ, երբ այդ ռուսական գործոնը կարող է լրացնել և ավելի հաջողված դարձնել մեր նախագիծը»,- նշել է ամերիկացի պաշտոնյան։ Ամերիկյան կողմը, առնվազն հրապարակային խոսքում, պահպանում է համագործակցության հնարավորությունը՝ չբացառելով, որ գործող համակարգի որոշ տարրեր կարող են օգտագործվել նոր նախագծի շրջանակում։ Բայց դա չի վերացնում կառավարման հարցի զգայունությունը։

Ամերիկյան կողմի հայտարարությունը, հետևաբար, պետք չէ ընկալել՝ որպես ռուսական կառավարման դեմ ուղղված բացահայտ քաղաքական վերջնագիր, բայց նաև դժվար է այն համարել չեզոք գնահատական։ Վաշինգտոնը TRIPP-ը դիտարկում է, որպես ինքնուրույն նախագիծ, որի հաջողությունը չպետք է կախված լինի որևէ արտաքին դերակատարից։ Ռուսաստանի ներկայությունը հայկական երկաթուղային համակարգում ամերիկյան կողմի համար արդեն իսկ առկա իրողություն է, սակայն այն չի դիտարկվում որպես TRIPP-ի շուրջ որոշումների կայացման իրավասություն ունեցող կողմ։

Իսկ թե այդ երկու քաղաքական տրամաբանությունները որքանով կկարողանան համատեղ գոյակցել Հայաստանի տարածքում, կախված կլինի ոչ միայն նախագծի տեխնիկական լուծումներից, այլև Երևանի՝ երկաթուղային ենթակառուցվածքների ապագա կառավարման վերաբերյալ կայացվող որոշումներից։ Դրանք վստահաբար կքննարկվեն դեկտեմբերի 3-ին Փաշինյանի ռուսական այցի ընթացքում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test