Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Վահան Բիչախչյանը՝ Ազգային հավաքականում խաղալու, «Լեգիա»-ի, հոր խորհրդի և հայրենիքի կարոտի մասին 168.am 168.am

time
Վահան Բիչախչյանը՝ Ազգային հավաքականում խաղալու, «Լեգիա»-ի, հոր խորհրդի և հայրենիքի կարոտի մասին

«VT Hayastan News»-ը հարցազրույց է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի և Լեհաստանի առաջատար ակումբի՝ «Լեգիա Վարշավա» ակումբի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի հետ։ Հարցազրույցի ընթացքում ֆուտբոլիստն անդրադարձել է ազգային հավաքականի խաղերին իր մասնակցությանն ու «Լեգիա»-ում ունեցած ամենամեծ նպատակին, բացահայտել, թե ֆուտբոլից բացի, ուրիշ ինչ մարզաձևում էր իրեն տեսնում հայրը՝ ֆուտբոլիստ և մարզիչ Վարդան Բիչախչյանը, ինչպես նաև՝ խոսել պրոֆեսիոնալ սպորտում հոգեբանական պատրաստվածության կարևորության և հայրենիքի հանդեպ կարոտի մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել «VT Hayastan News»-ի յութուբյան ալիքում՝

Հարցազրուցավար: Դուք Ազգերի լիգայի վերջին երկու խաղերին հավաքականի կազմում չէիք, քանի որ վնասվածքից հետո դեռ վերականգնվում էիք։ Այս պահին ի՞նչ վիճակ է ձեզ մոտ, հասցրե՞լ եք լիարժեք վերականգնվել և վերադառնալ խաղադաշտ։

Վահան Բիչախչյան: Արդեն լիարժեք անցել եմ մարզումներին ակումբի հետ։ Ցավոք սրտի, առողջական վիճակս թույլ չտվեց մասնակցել այս Ազգերի լիգային, որը շատ կարևոր էր մեր հավաքականի համար։ Բայց սպորտում լինում են այդպիսի իրավիճակներ, ճիշտ է՝ դժվար տրվեց այդ ամեն ինչը, բայց պետք է առաջ շարժվել։ Փառք Աստծո, ամեն ինչ լավ է, արդեն սկսել եմ մարզումները ու հուսով եմ՝ արդեն այն վնասվածքը անցյալում է։

Հարցազրուցավար: Արդեն մոտ երկու տարի «Լեգիա»-ում եք։ Նախորդ ակումբների հետ եթե համեմատեք, ի՞նչ տարբերություններ կան։

Վահան Բիչախչյան: Տարբերությունը շատ մեծ է, միանշանակ շատ մեծ է, քանի որ «Լեգիա»-ն համարվում է ամենամեծ ակումբը Լեհաստանի, ու իր առջև դրված նպատակները միայն ամենաբարձր նպատակներն են, ու գալով «Լեգիա»՝ հենց սկզբի ամիսներին արդեն հասկացա, որ իրոք դա մենակ խոսքեր չեն մեծ ակումբ լինելը, հենց այդպես է, քանի որ ամբողջ ակումբները, իրոք, երբ «Լեգիա»-ի հետ խաղից առաջ ավելի շատ են տրամադրվում, սպասում են, ու բոլորի համար «Լեգիա»-ի հետ հանդիպումը տարվա ամենակարևոր խաղն է, ու հենց դրանից ելնելով էլ անվանում ես «Լեգիա»-ին մեծագույն ակումբը Լեհաստանի։ Դրա համար, որպես ֆուտբոլիստ՝ խաղալ «Լեգիա»-ում, դա ավելի պարտավորեցնող, ավելի պատասխանատու գործ է միանշանակ ֆուտբոլիստի համար, քանի որ դու էլ պետք է առավելագույնը անես քեզանից, որպեսզի լավ ներկայացնես թե՛ ակումբը, թե՛ քեզ, ու իրոք մրցակցությունը արդեն, լինելով «Լեգիա»-ի ֆուտբոլիստ, ավելի բարձր մակարդակի վրա է։

Հարցազրուցավար: Իսկ որպես ֆուտբոլիստ՝ ձեր նպատակը անձամբ ո՞րն է՝ ամենամեծ նպատակը «Լեգիա»-ում։

Վահան Բիչախչյան: Միանշանակ, ամեն տարի փորձում ենք հասնել առավելագույնին, դառնալ չեմպիոն։ Ճիշտ է՝ այս վերջին մրցաշրջանը շատ բարդ դասավորվեց մեր համար ինչ-ինչ պատճառներով, բայց նոր մարզչի հետ գալով՝ թիմը ավելի լավ տեսք ունի, խաղում ենք խաղից խաղ երեք միավոր վաստակելու համար ու արդեն առաջնության վերջում կտեսնենք, թե որ տեղում ենք։

Հարցազրուցավար: Հայաստանի ազգային հավաքականում խաղալը, «Լեգիա»-ի նման ակումբում հանդես գալը ձեզ՝ որպես ֆուտբոլիստ, հա՞, ինչպե՞ս փոխեց ձեր պատկերացումները ֆուտբոլի մասին։

Վահան Բիչախչյան: Ազգային հավաքականում խաղալը՝ դա միանշանակ յուրաքանչյուր ֆուտբոլիստի, ով որ սիրում է ֆուտբոլ, զբաղվում է ֆուտբոլով, կարևոր չէ, որ երկրում ես ծնվել, յուրաքանչյուր ֆուտբոլիստ էլ, եթե լուրջ է զբաղվում ֆուտբոլով, դա յուրաքանչյուրի երազանքն է մի օր իր ազգի հավաքականում խաղալու։ Խաղալու ամենամեծ մոտիվացիան է, երբ երիտասարդ տարիքում ֆուտբոլիստը կարող է ունենալ, որպեսզի ձգտել առավելագույնին, որպեսզի մի օր կարողանա այդ մարզաշապիկը կրել։ Իսկ ինչ վերաբերում է «Լեգիա»-ին, միանշանակ շատ ուրախ եմ, որ խաղում եմ «Լեգիա»-ում, իմ կարիերայի ամենամեծ ակումբն է մինչ այսօր՝ դա հաստատ, որը ունի շատ հարուստ պատմություն, ու միանշանակ լինելով «Լեգիա»-ում էլ՝ ես էլ ինձ զգում եմ ավելի լավ ֆուտբոլիստ, ու զգում եմ, որ տեղ ունեմ դեռ ավելի զարգանալու որպես ֆուտբոլիստ ու միանշանակ տիտղոսներ նվաճելու «Լեգիա»-ի հետ։

Հարցազրուցավար: Վարշավային հե՞շտ հարմարվեցիք, հատկապես Շչեցինից հետո։

Վահան Բիչախչյան: Շատ լավ տարիներ եմ անցկացրել Շչեցինում՝ երեք տարի, շատ հարազատ թիմ է իմ համար Շչեցինը, բայց «Պոգոն»-ից հետո, երբ արդեն ժամանակն էր քայլ առաջ կատարելու, ես զգում էի։ Ճիշտ է՝ շատ դժվար տրվեց այդ ամեն ինչը, բայց սպորտ է, սպորտի մի մասն է, ու պետք էր առաջ շարժվել։ Դժվարություններ չեմ ունեցել, քանի որ արդեն ծանոթ էի թե՛ երկրին, թե՛ լեզվին, թե՛ ֆուտբոլիստներից որոշներին էլ ճանաչում էի հենց դաշտից, դրա համար խնդիրներ չեմ ունեցել հարմարվելու հետ, ամեն ինչ հենց առաջին օրվանից էլ լավ էր։

Հարցազրուցավար: Անդրադառնանք հայկական ֆուտբոլին։ Ի՞նչը կցանկանայիք փոխել կամ զարգացնել։

Վահան Բիչախչյան: Ես չէ, որ պիտի… Միանշանակ, որպես ֆուտբոլիստ, հավաքականում շատ հաճելի է գնալը, խաղալը, ուրախացնելը մեր ազգին։ Իսկ ինչը կփոխեի կամ ինչը չէի փոխի՝ այս պահին ես ֆուտբոլիստ եմ, որը շատ մեծ ուրախությամբ միշտ գնում է Հայաստան, որպեսզի օգնի իր հավաքականին։

Հարցազրուցավար: Բայց ունեք նաև միջազգային փորձ արդեն, և գուցե կան որոշ բաներ, որոնք կցանկանայիք ներդնել Հայաստանում։

Վահան Բիչախչյան: Ֆուտբոլը օր օրի է զարգանում, ֆուտբոլը շատ արագ զարգացող ամենամեծ սպորտն է աշխարհում, ու ֆուտբոլում պետք է միշտ համահունչ քայլերդ կատարես։ Միանշանակ, այստեղ, որտեղ հիմա եմ՝ «Լեգիա»-ում, Վարշավա, համեմատություն տանելով հայկական ակումբների հետ՝ միանշանակ տարբերությունը մեծ է, բայց կարող եմ ասել, որ վերջին տարիներին հայկական ֆուտբոլում էլ ակումբները շատ մեծ քայլեր են կատարել առաջ և արդեն մրցակցություն են ստեղծում եվրոպական ֆուտբոլում, թե՛ Կոնֆերենցիաների լիգայում, որը շատ-շատ գովելի է։ Ամեն մարդ, ով զբաղվում է իր գործով, առաջինը պետք է սիրի այն գործը, ինչով զբաղվում է, և կարողանա առավելագույնը տալ իր գործին՝ ֆուտբոլին, որպեսզի հայկական ֆուտբոլը ավելի զարգանա։

Հարցազրուցավար: Հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ ի՞նչ հարաբերությունների մեջ եք։

Վահան Բիչախչյան: Եղիշե Մելիքյանի հետ արդեն տարուց ավել է՝ աշխատում ենք հավաքականում, ամեն ինչ լավ է։ Ցավոք սրտի, այս վերջին Ազգերի լիգային վնասվածքի պատճառով չկարողացա մեկնել, ինչպես ասացի արդեն։ Հուսով եմ՝ մարտից արդեն ամեն ինչ լավ կլինի, կլինեմ պատրաստ լիարժեք, որպեսզի միանամ և օգնեմ հավաքականին։

Հարցազրուցավար: Ի՞նչ խորհուրդ կտաք այն պատանի ֆուտբոլիստներին, ովքեր երազում են անցնել նաև ձեր ճանապարհով։

Վահան Բիչախչյան: Միշտ հավատալ իրենց ուժերին, չդադարել երազել ու կյանքում դժվարություններից չփախնել, հա՞, միշտ, որովհետև երբ քայլ առաջ ես կատարում, միշտ սկիզբը դժվար է։ Դա հենց այդ պահն է, որ թե՛ որպես մարդ, թե՛ որպես… կոնկրետ ֆուտբոլից ենք խոսում՝ ֆուտբոլիստ, հենց ուժեղանում ես, ու ուժեղանալը միայն ֆիզիկապես չէ, նաև հոգեպես, քանի որ սպորտի մեջ հոգեբանորեն ուժեղ լինելը, իմ կարծիքով, ավելի կարևոր է ու մեծ դեր ունի սպորտի մեջ։ Դրա համար միշտ վստահել իրենց ուժերին ու հավատալ, հավատքը երբեք չկորցնել, հավատը ամենակարևոր բանն է սպորտի մեջ։

Հարցազրուցավար: Ձեր հայրը՝ Վարդան Բիչախչյանը, հայտնի ֆուտբոլիստ և մարզիչ է։ Ո՞րն է եղել նրա ամենամեծ խորհուրդը ձեզ։

Վահան Բիչախչյան: Այն, ինչի մասին նոր խոսեցի՝ որպեսզի երբեք չդադարեմ հավատալ, միշտ վստահեմ ես իմ ուժերին, քանի որ միշտ դժվարություններ լինելու են սպորտում, միշտ իր խորհուրդն է եղել, որպեսզի այդ դժվարությունները հաղթահարելով՝ ավելի ուժեղ դառնամ։ Բայց հիմնական իր խորհուրդը՝ միշտ հավատալ ինքդ քեզ, վստահել, վստահությունը միշտ չկորցնել սեփական ուժերի նկատմամբ։

Վահան Բիչախչյանը՝ Ազգային հավաքականում խաղալու, «Լեգիա»-ի, հոր խորհրդի և հայրենիքի կարոտի մասին

Հարցազրուցավար: Ձեր հոր կերպարը կամ նրա մասնագիտական ուղին շարունակե՞լն է եղել հիմնական պատճառը, որ որոշել եք ընտրել ֆուտբոլը, թե՞ այսպես թե այնպես դուք դառնալու էիք ֆուտբոլիստ։

Վահան Բիչախչյան: Հայրս ուզեցել է, որ ես միշտ ավելի շատ գնամ պապիկիս մասնագիտությամբ, ավելի շատ ծանրամարտով զբաղվեմ, բայց իրենց պատմելով՝ իմ համար միշտ ֆուտբոլն է եղել առաջին տեղում ու ինչ հիշում եմ ինձ, իմ համար միշտ ֆուտբոլը առանձնահատուկ տեղ է ունեցել կյանքումս։

Հարցազրուցավար: Մեծ ֆուտբոլից հետո ինչո՞վ է զբաղվելու Վահան Բիչախչյանը, թե՞ դեռ վաղ է այդ մասին մտածելը։

Վահան Բիչախչյան: Անկեղծ՝ դեռ վաղ է, չեմ մտածել այդ ուղղությամբ, քանի որ գտնում եմ, որ հլը այդ ժամանակը կգա, որպեսզի մտածեմ այդ ուղղությամբ։ Տեսնենք։

Հարցազրուցավար: Ի՞նչն եք ամենաշատը կարոտում Գյումրիում։

Վահան Բիչախչյան: Ընտանիքիս, ընկերներիս, հարազատներիս, մոտիկ մարդկանց։

Հարցազրուցավար: Հարցս փաստորեն սխալ ձևակերպեցի՝ ո՞ւմ եք ամենաշատը կարոտում Գյումրիում։ Իսկ քաղաքի կոլորիտը, որովհետև Գյումրին այնպիսի կոլորիտ ունի, որ որևէ այլ տեղ չես կարող գտնել։

Վահան Բիչախչյան: Քաղաքը իմ շատ եմ կարոտում, մեր հողի-ջրի համն ու հոտը ուրիշ է, դրա համար միշտ ազատ ժամանակս, եթե ունենում եմ, աշխատում եմ անցկացնել հարազատ քաղաքումս։

Հարցազրուցավար: Հայաստան վերադառնալու պլաններ ունե՞ք։

Վահան Բիչախչյան: Դե, ես այս պահին «Լեգիա»-ի ֆուտբոլիստ եմ ու իմ բոլոր նպատակներն ու մտքերը «Լեգիա»-ի հետ են։

Հարցազրուցավար: Ո՞նց է սկսվում ձեր առօրյան՝ որպես ֆուտբոլիստ «Լեգիա»-ում։

Վահան Բիչախչյան: Առավոտ շուտ գնում եմ մարզման, սկսում ենք մարզումները, մարզումներից հետո ունենք աշխատանք անհատական ֆիզիոթերապևտների հետ՝ վերականգնման, հետո վերականգնվում ենք մարզումներից հետո, և երեկոյան վերադառնում եմ տուն, հանգստանում եմ, պատրաստվում եմ հաջորդ օրվան։

Հարցազրուցավար: Առաջիկայում ի՞նչ խաղեր են նախատեսված։

Վահան Բիչախչյան: Առաջիկայում մեզ մնացել է երեք խաղ՝ առաջնության երեք խաղ, երկուսը խաղալու ենք տանը, մեկը՝ դրսում։ Շատ կարևոր հանդիպումներ են մեզ սպասվում, քանի որ մրցաշարային աղյուսակում էլ խիտ են միավորները թիմերի հետ, հակառակորդների հետ, դրա համար այդ երեք խաղերը շատ մեծ դեր ունեն, որպեսզի կարողանանք մրցաշարային աղյուսակում լավ տեղ զբաղեցնենք, պետք է լրջորեն մոտենանք և հաղթենք։

Հարցազրուցավար: Ձեր այս փորձառությունը ի՞նչ կերպ եք հետագայում տեսնում Հայաստանում կիրառելու առումով, ի՞նչ կերպ կցանկանայիք ձեր փորձառությունը ներդնել հայկական ֆուտբոլում։

Վահան Բիչախչյան: Ժամանակը… այդ ամեն ինչը ժամանակի հետ է կապված, քանի որ ես հայկական ֆուտբոլը, թե՛ մեր Հայաստանը շատ եմ սիրում ու միանշանակ ցանկություն կունենամ օգնելու հայկական ֆուտբոլին, թե՛ իմ ազգին, բայց կարծում եմ՝ դրա ժամանակը դեռ կգա, քանի որ դեռ ժամանակ ունեմ, որպեսզի խաղադաշտում օգնեմ հավաքականին ու հայկական ֆուտբոլին։ Իսկ հենց ժամանակ կգա՝ արդեն կխոսենք, կորոշեմ, կմտածեմ այդ ուղղությամբ, թե ինչպես օգնեմ նաև հայկական ֆուտբոլին, երբ արդեն խաղադաշտում չեմ լինի։

Հարցազրուցավար: Հայաստանում մարզված, Հայաստանի պայմաններում կոփված ֆուտբոլիստը հանգիստ խաղում է նաև տարբեր այլ ակումբներում։

Վահան Բիչախչյան: Դե, դա կախված է արդեն յուրաքանչյուր ֆուտբոլիստից, ամեն մարդ իր ուղին ունի, իր ճանապարհն ունի, ու մրցակցությունը՝ ինչքան քայլ առաջ ես կատարում քո կարիերայում, մրցակցությունը արդեն ավելի է բարձրանում։

Հարցազրուցավար: Պայմանները կապ չունե՞ն մարզվելու։

Վահան Բիչախչյան: Միանշանակ պայմանները կապ ունեն, բայց եթե խոսում ենք մրցակցությունից և այլն, միանշանակ իմ ժամանակ էլ ես էլ, որ հետ եմ նայում, պայմանները շատ-շատ ավելի վատ էին, քան այսօրվա պայմանները, դրա համար պատճառներ պետք չի ման գալ։ Միանշանակ ֆուտբոլը, ինչպես ասացի, օր օրի է զարգանում, ու հետ չմնալու համար պետք է, շատ կարևոր է, որպեսզի թե՛ պայմանները լինեն, թե՛ ֆուտբոլիստները պատրաստ լինեն հոգեբանորեն և նաև ֆիզիկապես այդ քայլին, որպեսզի արդեն ավելի պատրաստ մոտենան հաջորդ քայլին։ Իսկ մրցակցությունը սպորտի մի մասն է, դրանից փախնել հնարավոր չէ, քանի որ եթե ուզում ես ավելի ուժեղ թիմում խաղալ, ավելի լավ առաջնությունում խաղալ, ավելի լավ լիգաներում խաղալ, ինչքան քայլ առաջ ես կատարում քո կարիերայում, այդքան մրցակցությունը արդեն ավելի բարձր մակարդակի վրա է, ու պետք է որպես ֆուտբոլիստ, ինչպես ասացի, հոգեբանորեն և ֆիզիկապես դրան պատրաստ լինես։

Աղբյուրը՝ VT Hayastan News

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test