Նոյեմբերի 23-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է SpaceX-ի, Starlink-ի և Grok-ի ներկայացուցիչներին՝ Starlink-ի շուկայի հասանելիության և զարգացման տնօրեն Ջուլիա Գրոբլախերի գլխավորությամբ։ Հանդիպումը տեղի է ունեցել նախարարի՝ նոյեմբերի 18-ին ԱՄՆ կատարած աշխատանքային այցից հետո։ Քննարկվել են Հայաստանում արբանյակային կապի ծառայությունների ընդլայնման, տվյալների կենտրոնների զարգացման, կառավարման և կրթական համակարգերում արհեստական բանականության ներդրման, կիսահաղորդիչների արդյունաբերության զարգացման և միջազգային տեխնոլոգիական նախագծերում հայկական ընկերությունների ներգրավման հարցերը։ Անդրադարձ է կատարվել նաև երեք արբանյակ ունենալու Հայաստանի կառավարության ծրագրին և դրանց ուղեծիր դուրսբերման հարցում SpaceX-ի հետ համագործակցությանը։
Քննարկված հարցերի շրջանակը կարևոր է Հայաստանի տնտեսական զարգացման և արտաքին քաղաքականության տեսանկյունից։ Աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ արդյունաբերական համագործակցության ձևավորումը կարող է էապես փոխել Հայաստանի աշխարհատնտեսական նշանակությունը։
Հայաստանի տնտեսական և արտաքին քաղաքական վարքագիծը տասնամյակներ շարունակ մեծապես թելադրվել է աշխարհագրությամբ։ Փակ սահմանները, ծովային ելքի բացակայությունը և հաղորդակցային ուղիների սակավությունը մեծացրել են արտաքին ուժերի ազդեցությունը երկրի քաղաքական որոշումների վրա։ Ժամանակակից տեխնոլոգիական հեղափոխությունը վերափոխում է աշխարհագրության և քաղաքական ինքնուրույնության ավանդական հարաբերակցությունը։
Խորհրդային տարիներին Հայաստանը մաթեմատիկայի, հաշվողական տեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի կարևոր կենտրոններից էր։ Այդ գիտական ժառանգությունը ժամանակակից ամերիկյան տեխնոլոգիական արդյունաբերության հետ կապելը կարող է Հայաստանի տնտեսական զարգացման նոր հիմք դառնալ։
Համագործակցության արդյունքը մեծապես որոշվելու է միջազգային արտադրական և հետազոտական ծրագրերում հայկական ընկերությունների ներգրավվածությամբ։ Տեխնոլոգիական ծառայությունների սպառմանը պետք է հաջորդի սեփական արտադրական ու ինժեներական կարողությունների զարգացումը։ Հենց այդ ճանապարհով են փոքր երկրները համաշխարհային տնտեսության մեջ ձեռք բերել իրենց տարածքին և բնակչության թվին անհամեմատ մեծ նշանակություն։
Գործընթացն ունի նաև աշխարհաքաղաքական կարևոր բովանդակություն։ Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների երկարաժամկետ տնտեսական շահերի ձևավորումը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման լրացուցիչ գործոն կարող է դառնալ։ Առայժմ խոսքը քննարկումների մասին է։ Դրանց ռազմավարական արժեքը որոշվելու է ներդրումներով, համատեղ արտադրությամբ, գիտական կենտրոնների ստեղծմամբ և հայկական տեխնոլոգիական արտահանման ընդլայնմամբ։
Հայաստանի աշխարհագրությունը չի փոխվելու։ Սակայն համաշխարհային տնտեսության տեխնոլոգիական վերափոխումը երկրի առջև բացում է իր աշխարհաքաղաքական նշանակությունն էապես մեծացնելու հեռանկար։ Այդ հեռանկարի իրագործումը մեծապես կախված է Հայաստանի կրթական, գիտական և տնտեսական քաղաքականության որակից։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test