Նոյեմբերի 10-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ հնարավոր է Ավան վարչական շրջանում երթևեկող «Lixiang» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կամ ուղևորների մոտ զենք-զինամթերք լինի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի հանձնարարականով նույն գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները ճշտում են ենթադրյալ ավտոմեքենայի երթուղին և Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում ապօրինի զենք պահելու և կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով հայտնաբերում են նշված ավտոմեքենան, որում լինում են Երևանի բնակիչներ 31-ամյա Կառլեն Մ.-ն, 29-ամյա Գևորգ Ս.-ն և 39-ամյա Գեղամ Ղ.-ն, որոնց մոտ ոչինչ չի հայտնաբերվում իսկ ավտոմեքենայի սրահի հետնամասում՝ հատակի տեսանելի հատվածում, հայտնաբերվում են զենքեր։
Նշված անձինք ավտոմեքենայով տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Ավանի բաժին, որտեղ էլ արդեն նշված ավտոմեքենան շահագործող Կառլեն Մ․-ն հայտնել է, որ նշված ավտոմեքենայում պարեկների կողմից հայտնաբերված զենքերը՝ «Սայգա» տեսակի որսորդկան հրացանը և գազային ատրճանակը, պատկանում են իրեն։
Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանություն տեղափոխված Կառլեն Մ․-ն Երևանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենն է, իսկ Գևորգ Ս․-ն Երևանում հայտնի ԱՁ-ներից մեկի տնօրենն է։
Քննչական բաժնում պարզում են զենքերի օրինականության հիմքերը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։