Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ԹՐԻՓՓ-ը՝ Անկարա-Թեհրան հակասությունների ու շահերի խաչմերուկում. հնարավո՞ր են բանակցություններ, ի՞նչ «գին» կառաջարկի Իրանը 168.am 168.am

time
ԹՐԻՓՓ-ը՝ Անկարա-Թեհրան հակասությունների ու շահերի խաչմերուկում. հնարավո՞ր են բանակցություններ, ի՞նչ «գին» կառաջարկի Իրանը

Նոյեմբերի 23-ին տրվել է TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկը: Նոյեմբերի 26-ի Կառավարության նիստում արդեն հավանություն է տրվել TRIPP-ի բաժնետիրական համաձայնագրին. ընկերությունը կգրանցվի ՀՀ-ում՝ որպես ՓԲԸ:

«Արձանագրում ենք բաժնետիրական համաձայնագրի համաձայնեցված լինելը, որը 1 շաբաթվա ընթացքում կստորագրվի։ Դրանից հետո ընկերությունը կգրանցվի ՀՀ-ում և գործնականում հնարավորություն կունենա աշխատանքներ իրականացնել։

Արդեն իսկ այս երկուշաբթի սկսեցինք TRIPP նախագծի գործնական իրագործման նախապատրաստական աշխատանքները, այսինքն՝ տեղում, մասնավորապես՝ երկաթուղային հատվածում, մաքրման աշխատանքներ են իրականացվում, շինհրապարակի նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։ Զուգահեռ՝ հիմա նաև ճանապարհի և ավտոճանապարհի, երկաթուղու և էլեկտրահաղորդման գծերի նախագծման աշխատանքներ ենք իրականացնում. այդ ամենն անում է ՀՀ կառավարությունը։ Երբ TRIPP զարգացման ընկերությունն արդեն ամբողջությամբ ձևավորված կլինի, մենք գործերը կփոխանցենք իրենց, որպեսզի նրանք նույն կետից շարունակեն, և հնարավորինս քիչ ժամանակ կորցնենք»,- հայտարարել է Փաշինյանը:

Իսկ TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկից անմիջապես հետո Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը զգուշացրել է.

«Կեղծ ուղիները» երբեք չեն փոխարինի իրական միջանցքներին՝ լինի Իրանի հարավում, թե հյուսիսում, լինի դա Հորմուզի նեղուցով հարավ անցնող երթուղի, թե TRIPP («Զանգեզուրի միջանցք»):

Տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական շահերը մեր կարմիր գիծն են, և մենք թույլ չենք տա դրանք շրջանցել։

Դասե՛ր քաղեք Հորմուզի նեղուցից»:

Իսկ դրանից առաջ էլ Իրանի նախկին արտգործնախարար, երկրի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին էր իրանական «Ettelaat» պարբերականում կոշտ քննադատել Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը:

Մասնավորապես, «Բաց և անկեղծ՝ պարոն վարչապետի հետ» վերնագրված հոդվածում Վելայաթին պնդել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները խորացնում են երկրի կախվածությունն արևմտյան երկրներից, մասնավորապես՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից։

Նա առանձին անդրադարձել է TRIPP նախագծին՝ այն համարելով Իրանի ազգային շահերին հակասող նախաձեռնություն։

«Հայաստանի դեսպանին բացահայտ ասացի՝ եթե Թրամփն ու նրա դաշնակիցները փորձեն հատել Իրանի այդ կարմիր գիծը, մենք նրանց «ոտքերը կկոտրենք»»,- գրել է Վելայաթին:

Նոյեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ ԹՐԻՓՓ-ի հարցում հարգում են Իրանի «կարմիր գծերը», և, որ ԹՐԻՓՓ նախագիծը դրանք չի հատել և չի հատելու:

Այս օրերին Իգդիրում` Կովկասյան միջազգային կոնգրեսում, գիտնականները, դիվանագետները, քաղաքական գործիչները քննարկել են պատմական «Մետաքսի ճանապարհ»-ի վերածնունդը, «Զանգեզուրի միջանցքի» (թուրքական լրատվամիջոցներն այդպես են գրել) տնտեսական ներուժը և Իգդիրի ռազմավարական աշխարհագրական դիրքը և դրա կապը թյուրքական աշխարհի հետ։ Կոնգրեսին ուղղված իր ուղերձում Թուրքիայի նախագահ Էրդողանը շեշտել է, որ «Զանգեզուրի միջանցքը» (թուրքական աղբյուրները հենց այդպես են փոխանցել) կամրապնդի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապերը, ինչպես նաև նոր հաղորդակցային կապեր կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև։

Իր հերթին, ըստ թուրքական աղբյուրների՝ Ադրբեջանի նախագահ Ալիևն էլ իր ուղերձում նշել է, որ «Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» ոչ միայն կապահովի անխոչընդոտ հաղորդակցություն Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, այլև կընդլայնի Թուրքիայի հետ մեր ուղիղ ցամաքային տրանսպորտային կապերը, կբարձրացնի «Միջին միջանցք»-ի թողունակությունը, կնպաստի միջազգային առևտրի և լոգիստիկայի զարգացմանը»:

«Եվ, լայն իմաստով, այն կունենա իր ներդրումը պատմական «Մետաքսի ճանապարհի» վերածննդի գործում»,- ընդգծել է Ալիևը:

Այսինքն, ԹՐԻՓՓ-ն Ադրբեջանին անհրաժեշտ է Նախիջևանի հետ անմիջական ցամաքային կապի և հաղորդակցային այլընտրանքի համար։ Թուրքիայի համար, սակայն, շահը շատ ավելի լայն է, խոսքը Կենտրոնական Ասիայի հետ կապի ամրապնդման, «Միջին միջանցք»-ի ընդլայնման և թյուրքական աշխարհի միջև տնտեսական ու ռազմաքաղաքական կապերի խորացման մասին է: Բաքվից նույնիսկ հասկացրել են, որ Անկարան Թյուրքական պետությունների կազմակերպության միջոցով ամրապնդում է իր դիրքերը Հարավային Կովկասում:

Եվ այս ամենը հաշվի առնելով նաև՝ ադրբեջանական minval.az-ն «Անկարան Թեհրանի միջոցով է փորձում գտնել «Թրամփի երթուղու» բանալին» վերտառությամբ վերլուծություն է հրապարակել, որտեղ նախ նշվում է, որ Անկարան պատրաստ է հյուրընկալել ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները, եթե երկու կողմերը համաձայնեն հանդիպումն անցկացնել Թուրքիայի տարածքում։

«Ճիշտ է՝ բանակցությունների կազմակերպման վերաբերյալ պաշտոնական դիմումներ դեռ չեն ստացվել։ Սակայն, ինչպես ասում են, կրակն առանց ծուխ չի լինում։ Թուրքիայի կողմից արված հայտարարությունն ինքնին վկայում է, որ Անկարան պատրաստ է օգտվել հնարավորությունից՝ ներգրավվելու ժամանակակից Մերձավոր Արևելքի ամենալուրջ հակամարտություններից մեկի կարգավորման գործընթացում։

Հատկանշական է, որ բանակցությունների անցկացման դեպքում թուրքական հարթակը կարող է հավասարապես ընդունելի լինել թե՛ Վաշինգտոնի, թե՛ Թեհրանի համար։ Չնայած ՆԱՏՕ-ին անդամակցությանը՝ ներկայիս առճակատման ընթացքում Թուրքիան հանդես է եկել ռազմական էսկալացիայի հետագա խորացման դեմ և բավական կոշտ քննադատել Իսրայելի գործողությունները։

Ըստ էության, հենց իսրայելական գործոնն է առանցքային դեր խաղացել Անկարայի դիրքորոշման ձևավորման հարցում։ Պաղեստինյան հարցում Թել Ավիվի քաղաքականությունն արժանանում է Թուրքիայի ղեկավարության կտրուկ մերժմանը, իսկ ներկա հակամարտությունը միայն խորացրել է այդ հակասությունները։

Իհարկե, դա չի նշանակում, որ Թուրքիան և Իրանը դաշնակիցներ են։ Նրանց միջև պահպանվում են լուրջ տարաձայնությունները տարածաշրջանային ազդեցության, Սիրիայի, Իրաքի և Հարավային Կովկասի հարցերի շուրջ։ Սակայն երկու կողմի հետ տվյալ դեպքում Անկարայի հարաբերությունները կարող են դառնալ նրա գլխավոր առավելությունը։ Այսինքն, Թուրքիան կարող է առաջարկել բանակցությունների անցկացման հարթակ, որը կողմերից որևէ մեկն ի սկզբանե չի ընկալի՝ որպես բացառապես ամերիկյան կամ իրանական նախաձեռնություն:

Անկարայի համար նման բանակցությունների անցկացումը, նույնիսկ, եթե դրանք անմիջական արդյունք չտան, կարող է լավ հնարավորություն դառնալ՝ ամրապնդելու իր ազդեցությունը ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև Հարավային Կովկասում։ Եվ այստեղ ի հայտ է գալիս ևս մեկ կարևոր հանգամանք՝ TRIPP նախագիծը»,- գրել է ադրբեջանական լրատվամիջոցը՝ հիշեցնելով, որ Թեհրանը ծայրահեղ զգուշավորությամբ է վերաբերվում այս նախաձեռնությանը։

«Իրանը մտավախություն ունի, որ նախագծի իրականացումը կփոխի տարածաշրջանում ձևավորված ուժերի հավասարակշռությունը, կամրապնդի ամերիկյան ներկայությունն իր հյուսիսային սահմանների մոտ և կթուլացնի իր տարանցիկ դիրքերը։ Միևնույն ժամանակ, Թեհրանը հայտարարում է, որ դեմ չէ տրանսպորտային կապերի զարգացմանը՝ պայմանով, որ պահպանվեն Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և Իրանի անվտանգությանը սպառնալիքներ չստեղծվեն:

«Թուրքիայի համար TRIPP նախագծի իրականացումը լրացուցիչ հնարավորություններ է բացում դեպի Կենտրոնական Ասիա ելք ապահովելու, Ադրբեջանի հետ կապերն ամրապնդելու և թյուրքական աշխարհում իր ազդեցությունն ընդլայնելու համար։ Հետևաբար, այս հարցում Թեհրանի դիրքորոշման մեղմացումը բխում է Անկարայի ռազմավարական շահերից։ Իհարկե, դեռ վաղ է ակնկալել, որ Թուրքիայի՝ միայն միջնորդական դեր ստանձնելը կստիպի Իրանին վերանայել իր դիրքորոշումը։ Սակայն բանակցությունների հաջող անցկացումը կարող է լրացուցիչ պայմաններ ստեղծել այս հարցի քննարկման համար։

Այսպիսով, իրադարձությունների բարենպաստ զարգացման դեպքում Թուրքիան կարող է մեկ կրակոցով միանգամից երեք նապաստակ խփել. հույս ներշնչել ամերիկա-իրանական հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորության հարցում, ամրապնդել սեփական դիրքերը Մերձավոր Արևելքում և լրացուցիչ հնարավորություններ ստանալ Հարավային Կովկասում իր շահերն առաջ մղելու համար։ Ընդ որում, վերջին հանգամանքն Անկարայի համար պակաս կարևոր չէ, քան մերձավորարևելյան օրակարգը»,- շարունակում է minval.az-ը, ըստ էության, հաստատելով մեր դիտարկումը:

Այս թեմայի շուրջ 168.am-ի հետ զրույցում Իրանի հարցերով փորձագետ, քաղաքական վերլուծաբան Արամ Շահնազարյանն իր մասնագիտական կարծիքում նշեց, որ պաշտոնական Թեհրանը Թուրքիայի կողմից TRIPP-ի շուրջ բանակցելու ցանկությանն արձագանքում է խոր թերահավատությամբ և կոշտ դիմադրությամբ, քանի որ Անկարան դիտարկվում է ոչ թե՝ որպես միջնորդ, այլ՝ Իրանը շրջանցող նախագծի անմիջական շահառու։

«Պաշտոնական մակարդակում՝ Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդականներից մինչ ԱԳՆ, երթուղին որակում են որպես Իրանի կարմիր գծերի հատում և արտաքին (մասնավորապես՝ ամերիկյան) ուժերի ներթափանցում տարածաշրջան։ Ներքին քաղաքական դաշտում և ԻՀՊԿ-ին մոտ կանգնած լրատվամիջոցներում այս ծրագիրն ընկալվում է որպես Արևմուտքի և Թուրքիայի դավադրություն, ուստի Թուրքիայի բանակցային նախաձեռնությունը համարվում է ընդամենը ժամանակ շահելու և արդեն մեկնարկած գործընթացը լեգիտիմացնելու փորձ։ Իրանական փորձագիտական հանրությունն իր հերթին՝ ընդգծում է, որ Անկարայի քաղաքական հավաստիացումները չեն կարող չեզոքացնել Իրանի տնտեսական ու աշխարհաքաղաքական կորուստները։

Վերլուծաբանների գնահատմամբ, Թուրքիան ձգտում է Արևելք-Արևմուտք տարանցիկ հոսքերն ամբողջությամբ իր և Ադրբեջանի վերահսկողության տակ վերցնել՝ հարվածելով Իրանի տարանցիկ դերին և խախտելով Հարավային Կովկասի ուժերի հավասարակշռությունը։ Ըստ իրանցի փորձագետների՝ Թեհրանը պատրաստ է իրական բանակցությունների միայն այն դեպքում, եթե երթուղին անցնի իր տարածքով (Արաքսի միջանցք) կամ մնա բացառապես Հայաստանի ինքնիշխան վերահսկողության ներքո՝ բացառելով արևմտյան և պանթուրքական ազդեցության ընդլայնումը»,- մանրամասնեց նա:

Ստացվում է՝ Անկարան փորձում է TRIPP-ի շուրջ իր ռազմավարական նպատակներին հասնելու համար օգտագործել ոչ միայն Վաշինգտոնի հետ հարաբերությունները, այլև Թեհրանի հետ հնարավոր երկխոսությունը։

Այս գործընթացում Հայաստանը պետք է հասկանա, որ տարածաշրջանային դերակատարների օրակարգերը շատ ավելի լայն են, քան պարզապես տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը։

Իհարկե, դեռ վաղ է խոսել Անկարայի և Թեհրանի միջև TRIPP-ի շուրջ բանակցությունների, առավել ևս՝ որևէ պայմանավորվածության մասին։ Սակայն տարածաշրջանային զարգացումների ոչ մի հնարավոր սցենար չպետք է բացառել։ Հայաստանը պետք է վարի ռազմավարական քաղաքականություն և պատրաստ լինի տարբեր զարգացումների և հնարավոր ցանկացած իրավիճակի համար նախապես ունենա գործողությունների սցենար։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test