Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի շուրջ ընդդիմության դժգոհության հիմքում երկու սկզբունքային հարց կա՝ սահմանադիր սուբյեկտի սահմանումը և Անկախության հռչակագրին հղումից հրաժարվելը։ Երկուսն էլ առնչվում են Հայաստանի Հանրապետության քաղաքական ինքնությանն ու ինքնիշխանության բովանդակությանը։ Հատկանշական է, որ այսօր որպես Բաքվի պարտադրանք ներկայացվող այս երկու դրույթներն ամրագրված էին դեռևս 1994 թվականին Հայաստանի անկախության հիմնադիրների հեղինակած Սահմանադրության նախագծում։
1994 թվականի ապրիլի 23-ին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակված Սահմանադրության նախագծի նախաբանը սկսվում էր «Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը» ձևակերպմամբ։ Բացակայում էր նաև Անկախության հռչակագրին հղումը։ Անկախ Հայաստանի հիմնադիրները սահմանադիր իշխանությունը վերապահում էին Հայաստանի Հանրապետության ժողովրդին՝ քաղաքական այն հանրությանը, որը պատասխանատվություն էր ստանձնել իր անկախության, տարածքի, անվտանգության և ապագայի համար։
Ի՞նչ քաղաքական անհրաժեշտությունից ելնելով՝ հետագայում վերանայվեց այս սկզբունքը։ Ո՞ւմ շահերն էին պահանջում Հայաստանի սահմանադիր սուբյեկտի շրջանակն ընդլայնել հանրապետության քաղաքական և իրավական սահմաններից դուրս։ Այս հարցերին արժե վերադառնալ հատկապես այսօր, երբ 1994 թվականի սահմանադրական նախագծի հիմնարար դրույթներից մեկը ներկայացվում է որպես Ադրբեջանի պարտադրանք։
Հետխորհրդային Հայաստանի քաղաքական մտածողության մեջ երկար ժամանակ գերիշխել է պատմական հայրենիքի և ինքնիշխան հանրապետության նույնացման միտումը։ Դրա հետևանքով Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ամրագրվել են խնդիրներ, որոնց լուծման համար հանրապետությունը չուներ անհրաժեշտ քաղաքական, տնտեսական և ռազմական միջոցներ։ Արտաքին հովանավորի անհրաժեշտությունը մեծապես սնվել է հենց այդ հակասությունից։
Այս տեսանկյունից ուշագրավ է վերջին տարիներին Ռուսաստանի քաղաքական ղեկավարության բառապաշարը։ Բիշքեկում Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինը շարունակաբար գործածում էր «հայ ժողովուրդ» ձևակերպումը։ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներում առանձնահատուկ տեղ ունեն հայ ժողովրդի հետ պատմական բարեկամությունը, նրա ճակատագիրը, Հայ առաքելական եկեղեցու դերակատարությունը։ Հայաստանի Հանրապետության քաղաքական հանրությունը ռուսական խոսույթում զգալիորեն ավելի քիչ է հիշատակվում։
Այս բառապաշարի քաղաքական նշանակությունը հասկանալու համար բավական է ուսումնասիրել Ռուսական կայսրության բազմադարյա դիվանագիտությունը։ Բալկանների ուղղափառ ժողովուրդների և Օսմանյան կայսրության քրիստոնյաների հովանավորությունը ռուսական ազդեցության ընդլայնման կարևոր գործիքներից էր։ Համաշխարհային հայության հովանավորության հավակնությունը ևս Մոսկվայի քաղաքական ազդեցության աշխարհագրությունն ընդլայնում է Հայաստանի Հանրապետության սահմաններից շատ հեռու։ Այդ տրամաբանության մեջ Հայաստանի ինքնիշխան որոշումները մշտապես կարող են վիճարկվել համազգային շահերի պաշտպանության պատրվակով։
Հայաստանի Հանրապետության կենսունակությունը պահանջում է քաղաքական պատասխանատվության և սահմանադիր իշխանության միասնականություն։ Հայաստանի քաղաքացիներն են ընտրում իշխանություն, ձևավորում հանրապետության բյուջեն, կրում քաղաքական սխալների, տնտեսական ճգնաժամերի ու պատերազմների անմիջական հետևանքները։ Նրանց է պատկանում նաև երկրի պատմական ընտրությունները կատարելու բացառիկ իրավունքը։
Աշխարհասփյուռ հայության մշակութային, տնտեսական և մտավոր հսկայական ներուժի իրացման լավագույն երաշխիքը նույնպես ինքնիշխան, խաղաղ և բարեկեցիկ Հայաստանն է։
Երեսուներկու տարի առաջ Հայաստանի հիմնադիրները փորձել են սահմանադրորեն ամրագրել մեր քաղաքական ինքնուրույնության կարևորագույն սկզբունքներից մեկը։ Այսօրվա սերնդին վիճակվել է ավարտել նրանց կիսատ թողած գործը՝ հաջորդ սերունդներին ժառանգելով սեփական ճակատագիրը տնօրինելու ընդունակ հանրապետություն։
Հայաստանի Հանրապետության ճակատագիրը որոշելու իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Այս սկզբունքի անվերապահ ընդունումը մեր անկախության քաղաքական հասունության վկայությունն է։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test