Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Դեսպանը բացատրել է, թե ինչու է Հայաստանն ամեն ինչ դրել Թրամփի վրա» mediamax.am mediamax.am

time
«Դեսպանը բացատրել է, թե ինչու է Հայաստանն ամեն ինչ դրել Թրամփի վրա»

Ներկայացնում ենք Foreign Policy պարբերականում հրապարակված Armenia’s Pivot to Washington. The country’s ambassador to Washington explains why Yerevan is all-in on Trump հոդվածի հայերեն թարգմանությունը:Ռիշի ԱյենգարՎաշինգտոնում Հայաստանի դեսպանատան աստիճանների պատերին փակցված լուսանկարներն անմիջապես ուշադրություն են գրավում։ Դրանց թվում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ անցյալ տարի Սպիտակ տանը արված մի քանի լուսանկարներ, ինչպես նաեւ Փաշինյանի եւ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ փետրվարին Երեւանում արված լուսանկարները։ Այդ այցի ընթացքում Վենսը դարձավ Հայաստան այցելած ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան։ Պատերին փակցված են նաեւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ մայիսին Երեւան կատարած այցի լուսանկարները։

Հարցրի՝ արդյոք դեսպանատունը յուրաքանչյուր վարչակազմի փոփոխության հետ թարմացնո՞ւմ է լուսանկարները։ Դեսպանատան խոսնակը տեղեկացրեց, որ սա առաջին դեպքն է, երբ նման լուսանկարներ են փակցվել, նպատակն է՝ ընդգծել Թրամփի վարչակազմի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների առանձնահատուկ բնույթը։2025 թվականի օգոստոսին Թրամփի միջնորդությամբ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համատեղ հայտարարություն ստորագրեցին՝ պարտավորվելով լուծել երկու երկրների միջեւ վիճելի տարածքների շուրջ տասնամյակներ շարունակվող հակամարտությունը։ «Խաղաղության վերջնական համաձայնագիրը դեռեւս ստորագրված չէ, սակայն տեղում խաղաղություն է տիրում: Այս պահին Ադրբեջանի հետ առեւտրային հարաբերություններ ունենք. մենք նրանցից որոշ ապրանքներ ենք գնում, նրանք՝ մեզանից։ Սա շատ կարեւոր է խաղաղության հաստատման համար։ Իհարկե, դեռեւս կան լուծում պահանջող հարցեր, բայց, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում խաղաղություն է»,- ասել է Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը։ Նոյեմբերի 23-ին առաջընթաց արձանագրվեց երկու առանցքային չլուծված հարցերի կարգավորման ուղղությամբ։Հայաստանը ներկայացրել է նոր Սահմանադրության նախագիծ, որից հանվել են Լեռնային Ղարաբաղի հետ վերամիավորման կոչեր պարունակող դրույթները։ Խոսքը Ադրբեջանի կազմում գտնվող վիճելի տարածքի մասին է, որը մինչեւ 2023 թվականին Ադրբեջանի ռազմական հարձակման հետեւանքով հայաթափվելը գտնվում էր հայկական վերահսկողության ներքո։ Փաշինյանը պաշտպանել է նոր Սահմանադրության նախագիծը, որի ընդունումը Ադրբեջանը պահանջում է որպես խաղաղության մշտական համաձայնագրի կնքման նախապայման։ Նա նաեւ հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե Սահմանադրության ընդունման հանրաքվեն ձախողվի։Երկրորդ զարգացումը TRIPP նախաձեռնության պաշտոնական մեկնարկն էր։Մկրտչյանը, որը նախկինում Փաշինյանի կառավարությունում զբաղեցնում էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, 2025 թվականի օգոստոսի վերջին նշանակվեց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան՝ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված համաձայնագրի ստորագրումից ընդամենը մի քանի շաբաթ անց։«Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ այսօր ունենք այնպիսի օրակարգ, որը նախկինում երբեք չենք ունեցել»,- ասել է նա։Հայաստանը մեծ ակնկալիքներ ունի Թրամփից եւ TRIPP նախաձեռնությունից։ «Այն իսկապես ներուժ ունի փոխելու Հարավային Կովկասի մասին պատկերացումները։ Նախկինում այս տարածաշրջանը մշտապես ասոցացվել է հակամարտությունների եւ անկայունության հետ: Սակայն այն կարող է վերածվել երկխոսության, կապակցվածության, բարգավաճման եւ համագործակցության տարածքի, որի անբաժանելի մասն է TRIPP նախագիծը»,- ասել է Մկրտչյանը։Մկրտչյանը ուղղեց ինձ, երբ TRIPP-ն անվանեցի «միջանցք»՝ ընդգծելով, որ այն ավելի ճիշտ է բնութագրել որպես «ենթակառուցվածքային նախագծային երթուղի», որը ներառում է «ավտոճանապարհներ, երկաթուղիներ, օպտիկամանրաթելային կապուղիներ, էլեկտրահաղորդման գծեր եւ, հնարավոր է, նաեւ խողովակաշարեր»։ Նրա խոսքով՝ TRIPP-ն այժմ «ավելին է դառնում, քան պարզապես երկկողմ նախագիծ»՝ ուղղված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանն ու կապակցվածության զարգացմանը եւ ի վերջո կարող է դառնալ Կենտրոնական Ասիան եւ Եվրոպան կապող առանցքային առեւտրային ուղի, որն ամբողջությամբ կգործի Հայաստանի իրավազորության ներքո։«Այն նոր գլոբալ մատակարարման շղթա է լինելու»,- ասել է Մկրտչյանը։Այդ հավակնությունների իրագործումը, սակայն, կարող է աշխարհաքաղաքական իրողություններին բախվել։ Ծովային ելք չունեցող Հայաստանը Թուրքիայի հետ մոտ 310 կմ երկարությամբ ցամաքային սահման ունի, որը փակ է 1993 թվականից: «Այս պահին Հայաստանի սահմանների 80 տոկոսը փակ է»,- ասել է Մկրտչյանը՝ հավելելով, որ Թուրքիայի հետ սահմանը վերաբացելու շուրջ քննարկումներն ընթանում են Ադրբեջանին առնչվող բանակցություններին զուգահեռ։ «Մեծ հույսեր կան, եւ ներուժը նույնպես մեծ է»,- ասել է նա։Հայաստանը նաեւ Իրանի հետ սահման ունի, որին TRIPP-ի երթուղին անցնում է մտահոգիչ աստիճանի մոտ։ Իրանը կտրականապես դեմ է արտահայտվել իր տարածքին այդքան մոտ ԱՄՆ-ի գլխավորած նախաձեռնության իրականացման հեռանկարին, հատկապես, երբ Թեհրանն ու Վաշինգտոնը պատերազմական հարաբերությունների մեջ են։ Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդականներից մեկը նախազգուշացրել է. «Եթե Թրամփն ու նրա դաշնակիցները փորձեն հատել իրանական այս «կարմիր գիծը», մենք կկոտրենք նրանց ոտքերը»։ Հայաստանի ամբողջ երկաթուղային համակարգը շարունակում է գտնվել Ռուսաստանի վերահսկողության ներքո։ Սա Խորհրդային Միությունից ժառանգված կարգ է, քանի որ երկու երկրներն էլ նախկինում ԽՍՀՄ կազմում էին։ Միեւնույն ժամանակ, Երեւանի եւ Մոսկվայի երբեմնի սերտ հարաբերությունները վերջին տարիներին աստիճանաբար վատթարացել են՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի եւ Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի՝ Ռուսաստանից ակնկալվող աջակցության բացակայության պատճառով։Մկրտչյանի խոսքով, այս հակամարտությունները մղել են Հայաստանին դիվերսիֆիկացնելու հարաբերությունները հարեւանների եւ ավանդական գործընկերների հետ՝ միաժամանակ խորացնելով կապերը Վաշինգտոնի հետ։ «Սա նոր իրականություն է, եւ մենք ապրում ենք այդ նոր իրականության պայմաններում։ Բայց սա մեր ռազմավարական ընտրությունն է: Միեւնույն ժամանակ, մենք շատ թափանցիկ եւ անկեղծ ենք եղել տարածաշրջանի մեր գործընկերների հետ՝ հստակ ասելով, որ սա ուղղված չէ նրանց դեմ։ Սա ուղղված չէ ո՛չ Իրանի, ո՛չ Ռուսաստանի դեմ։ Առաջին հերթին, սա բխում է Հայաստանի ազգային շահերից եւ ծառայում Հայաստանի անվտանգությանն ու տարածաշրջանային համագործակցությանը: Սա տարածաշրջանը վերափոխելու եզակի հնարավորություն է»,- ասել է Մկրտչյանը։Հայաստանը նաեւ հույս ունի օգտագործել ԱՄՆ-ի հետ ձեւավորվող նոր կապերը՝ տեխնոլոգիական գերտերություն դառնալու համար։ Այս տարվա սկզբին Սան Ֆրանցիսկոյում հիմնադրված Firebird ընկերությունը, համագործակցելով ամերիկյան Nvidia եւ Dell ընկերությունների հետ, Հայաստանում հիմնեց նոր տվյալների կենտրոն։ Նախատեսվում է, որ մինչեւ 2027 թվականի վերջը կենտրոնում կտեղակայվի Nvidia-ի 70 հազար առաջադեմ կիսահաղորդչային չիպ։«Մենք ցանկանում ենք դառնալ ԱՄՆ-ի առանցքային գործընկերը՝ արհեստական բանականության ապագա համակարգերի համար կայուն մատակարարման շղթաներ ապահովելու գործում»,- ասել է դեսպան Մկրտչյանը։ Այս հավակնություններն ամրապնդվում են նաեւ միջուկային էներգետիկայի ոլորտում եւ կարեւորագույն հանքանյութերի վերաբերյալ համագործակցության համաձայնագրերով, որոնք Վենսն ու Ռուբիոն ստորագրել են այս տարի Հայաստան կատարած այցերի ընթացքում։ «Խաղաղության համաձայնագրի ստորագրումը ամերիկյան ընկերությունների համար ազդանշան դարձավ դիտարկելու Հայաստանը որպես համագործակցության եւ ներդրումների հարթակ»,- ասել է Մկրտչյանը։ Հաշվի առնելով, որ մեր զրույցը տեղի ունեցավ ԱՄՆ միջանկյալ ընտրություններում Թրամփի Հանրապետական կուսակցության կրած ջախջախիչ պարտությունից ընդամենը մի քանի օր անց՝ Թրամփին դարձնելով քաղաքական ազդեցությունը կորցրած ղեկավար, ինչը փաստացի սահմանափակելու է նրա քաղաքական հնարավորությունները պաշտոնավարման մնացած երկու տարիներին, Մկրտչյանին հարցրի, թե ինչպես է Հայաստանը պատկերացնում Վաշինգտոնի հետ հարաբերությունների զարգացումը՝ հաշվի առնելով հնարավոր «հետթրամփյան» աշխարհը։«Բնական է, որ ինչ-որ պահի նախագահ Թրամփն ու նրա վարչակազմն այլեւս իշխանության ղեկին չեն լինի։ Նույնքան բնական է, որ առաջիկա 50 տարիների ընթացքում ԱՄՆ-ը չի ղեկավարվի միայն հանրապետականների կամ նախագահ Թրամփի կողմից, մինչդեռ Միացյալ Նահանգների հետ TRIPP-ի համաձայնագիրը կնքվել է 50 տարի ժամկետով»,- ասել է նա՝ հավելելով, որ պատմականորեն Հայաստանը Վաշինգտոնում բարեկամներ է ունեցել երկու կուսակցություններում։ «Իհարկե, նախագահ Թրամփը միշտ հիշվելու է որպես մարդ, ով միջնորդել է այս խաղաղության համաձայնագրի կնքումը, եւ հայ ժողովուրդը շատ երախտապարտ է նրան: Սակայն Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները մենք կառուցում ենք ինստիտուցիոնալ հիմքի վրա»,- ասել է Մկրտչյանը։Թարգմանությունը՝ Դիանա ՄանուկյանիԱյս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test