Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Գյումրու քաղաքապետարանի մի քանի աշխատակիցներ հայտնվել են ոստիկանությունում. ո՞րն է պատճառը aravot.am aravot.am

time
Գյումրու քաղաքապետարանի մի քանի աշխատակիցներ հայտնվել են ոստիկանությունում. ո՞րն է պատճառը

Գյումրու կենտրոնական շուկայի հատվածում գտնվող Շահումյան փողոցի գծանշումների պատճառով Գյումրու քաղաքապետարանի մի քանի աշխատակիցներ հայտնվել են Շիրակի մարզային քննչական վարչության ուշադրության կենտրոնում։

Բանն այն է, որ վերջերս Գյումրու քաղաքապետարանը գծանշումներ էր կատարել վերանորոգված փողոցում, որն էլ դարձել էր բուռն քննարկման ու թունդ վիճաբանության թեմա Շիրակի մարզպետարանի ու Գյումրու քաղաքապետարանի միջև։

Շիրակի մարզպետի աշխատակազմի պաշտոնական էջում անդրադարձ կատարվեց այս գծանշումներին: Այնտեղ մասնավորապես նշված էր, որ այն կատարված է սեփական հայեցողությամբ՝ անտեսելով ՆԳՆ համապատասխան ստորաբաժանման բացասական դիրքորոշումը։ Շիրակի մարզպետի աշխատակազմը Գյումրու քաղաքապետարանի կողմից կատարվածը համարել էր անընդունելի ու խիստ դատապարտելի։

«Հայաստանի Հանրապետությունում պետական և համայնքային պաշտոնատար անձանց յուրաքանչյուր որոշում և գործողություն պետք է բխի օրենքից և իրականացվի օրենսդրությամբ սահմանված լիազորությունների ու ընթացակարգերի շրջանակում։ Օրենքով սահմանված կարգի շրջանցումը կամ իրավասու մարմնի բացասական դիրքորոշման անտեսումը չի կարող արդարացվել սեփական հայեցողությամբ։

Գյումրու համայնքապետարանի՝ Շահումյան փողոցում շեղ գծանշումներ իրականացնելու գործողությունները մտահոգիչ են, հատկապես այն պայմաններում, երբ այդ հարցի վերաբերյալ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանման դիրքորոշումը բացասական է եղել։

Նման որոշումները պետք է ունենան հստակ իրավական հիմք, չի կարելի հանրային սեփականությունը կամ պետական միջոցներով նորոգված ճանապարհները վնասել սեփական հայեցողությամբ։

Ի դեպ, Շահումյան փողոցը ժամանակին միակողմանի դարձնելու որոշումը ինքնանպատակ չի եղել․ այն պայմանավորված է եղել տվյալ հատվածում երթևեկության խիստ ծանրաբեռնվածությամբ և երթևեկության կազմակերպման անհրաժեշտությամբ։ Առաջարկվող գծանշումների իրականացումը կարող է էապես խաթարել երթևեկության բնականոն ընթացքը՝ այն առնվազն կաթվածահար անելու վտանգ ստեղծելով։

Նման գործողություններն անընդունելի և խիստ դատապարտելի են։ Հանրային շահը Հայաստանի Հանրապետությունում գերակա է»,-նշված էր մարզպետի աշխատակազմի կողմից զետեղված հայտարարության մեջ։

Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանի արձագանքն էլ չէր ուշացել։ Նա պնդել էր, որ գծանշումներ կատարելիս՝ հաշվի են առել գյումրեցիների շահը, նրանց խնդրանքը, իրենց ուղղված դիմումները, առաջնորդվել են հանրային շահով։

Նա պարզաբանել էր, որ իր գլխավորած կառույցը չի անտեսել ՆԳՆ-ի բացասական դիրքորոշումը, պարզապես իրենց հասցեագրված գրությունն է ուշ հասել։

«Մի միտք կար վերջում՝ հասարակության շահը, հասարակություն ասելով ի՞նչ են հասկանում, հանրային շահը հասարակությունը, բնակչություն չե՞ն, եթե բնակչությունը տասնյակ դիմումներ է մեզ ուղղում և պնդում է, որ գծանշումների ժամանակ հաշվի առեք մեր շահը և այնպես գծանշեք, որ ավտոկայանատեղիներում ոչ թե տաս մեքենա կանգնի այդտեղ ու ավարտվի, այլ դրա փոխարեն 20-30 մեքենա թեք գծանշումներով կանգնեն և ապահովվի ավտոկայանատեղի»,-պարզաբանել էր Ավետիս Առաքելյանը։

Նա նաև ասել էր՝ երբ տղամարդու բերանից խոսք է ելնում, նա պիտի դրա հետևից գնա ։

«Երբ ասում ես՝ հնարավո՞ր է այսպես կազմակերպես, դիմումներ շատ կան, պատասխանում է՝ խնդիր չկա, անպայման ի նկատի կունենաք և էդպես էլ կանենք, և հետո ուրիշ բան է ստացվում, դա էլ ճիշտ չէ», ասել էր քաղաքապետի պաշտոնակատարը։

Գյումրեցի Մկրտիչ Ավետիսյանը, որն առաջինն էր արձագանքել Գյումրու քաղաքապետարանի կողմից գծանշումներն առանց թույլտվության կատարելուն ու հրապարակել էր ՆԳՆ համապատասխան վարչության բացասական պատասխանը, հայտնել էր, որ պատրաստվում է դիմել դատախազություն։

Ավետիս Առաքելյանն իր հերթին պատասխանել էր՝ թող դիմեն դատախազություն, ոչ մի խնդիր չունենք։

«Կներեք արտահայտությանս համար, հորս տունը չեմ բերել, գծել, գրություն ենք ուղարկել, ձգձգվել է, մենք էլ արել ենք, ասել ենք ՝ լավ, չենք սպասել, որ կմերժեն»,-ասել էր Ավետիս Առաքելյանը։

Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզային քննչական վարչությունում սկսել են ուսումնասիրել այս գործը, ենթադրյալ հանցանքի մասին հիմք են ընդունել ոստիկաններից մեկի հաղորդումը։

Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի, 2-րդ դասակի պարեկներից մեկը զեկուցագիր է ներկայացրել, որ ծառայության ժամանակ՝ առավոտյան ժամը 10․20-ին, Շահումյան փողոցում նկատել են Գյումրու համայնքապետարանի աշխատակիցներին, ովքեր գծանշումներ են անում։

Ոստիկանությունը սկսել է ստուգողական աշխատանքներ իրականացնել ու պարզել է, նրանք առանց իրավական հիմքերի և համապատասխան մարմինների թույլտվության են կատարել ճանապարհային երթևեկության սխալ գծանշումներ, ինչի հետևանքով նյութական վնաս է պատճառվել պետությանը։

Ոստիկանությունը պարզել է, որ գծանշումներ կատարող անձինք հանդիսանում են Գյումրու համայնքապետարանի աշխատակիցներ՝ փայտահատներ Հարություն Սաֆարյանն ու Արտյոմ Մարտիրոսյանը, վարորդ- մեխանիզատոր Աշոտ Աբրահամյանը։

Նրանք հրավիրվել են ոստիկանության Կումայրի բաժին, որտեղ հայտնել են, որ Գյումրու Շահումյան փողոցում գծանշումներ կատարելու հրահանգը նոյեմբերի 11-ի առավոտյան ստացել են Գյումրու համայնքապետարանի ինժեներ Հովհաննես Մկրտչյանից։

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 19․00-ին, համայնքային ոստիկաններից մեկը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test