Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

TRIPP-ը ծուղա՞կ է Հայաստանի ինքնիշխանության համար. Ֆիլիպ Րաֆֆի Քալֆայան 168.am 168.am

time
TRIPP-ը ծուղա՞կ է Հայաստանի ինքնիշխանության համար. Ֆիլիպ Րաֆֆի Քալֆայան

Հայաստանում յուրաքանչյուր անցնող օր նոր անակնկալներ կամ կառավարման համակարգի շուրջ նոր թյուրըմբռնումներ է առաջ բերում․ կոպիտ հայտարարություններ, ավտորիտար միտումներ և ընդհանուր շփոթություն՝ նոր իրողությունների պայմաններում։ Արդյո՞ք այսօր գոյություն ունի հայկական պետություն, որը գործում է իր Սահմանադրության դրույթներին համապատասխան։

2025 թվականի օգոստոսի 28-ին կայացած ճեպազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական ուշագրավ հայտարարություն արեց․ «Ես եմ կառավարությունը։ Կառավարությունում ոչ ոք չի կարող ունենալ իմ կարծիքին հակասող կարծիք։ Եթե կան նման մարդիկ, թող հենց հիմա դիմում գրեն ու հեռանան։ Հակառակ դեպքում ես ինքս նրանց կազատեմ աշխատանքից»։ Բացի այդ, նրա քաղաքական ուժը վերահսկում է օրենսդիր և դատական իշխանությունները։ Այլ կերպ ասած՝ կարելի է գրեթե բառացիորեն վերաձևակերպել Լյուդովիկոս XIV-ի հայտնի խոսքերը՝ «Պետությունը ես եմ»։

Զգայուն հարցերի շուրջ պաշտոնական հայտարարությունները հաճախ հակասում են միմյանց։ Դա վերաբերում է հատկապես ազգային անվտանգությանը, տնտեսական և քաղաքական դաշինքներին, ինչպես նաև Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի հետ հարաբերություններին։ Նման պայմաններում ի՞նչ արժեք ունի հայկական պետության խոսքը։ Ակնհայտ է, որ մեր հարևաններն առանձնապես լուրջ չեն վերաբերվում դրան, քանի որ հրապարակային հայտարարություններն ու մասնավոր հանդիպումների ընթացքում հնչող խոստումները հաճախ միմյանց հակասում են։

Տարածաշրջանից դուրս գտնվող պետությունների հետ հարաբերությունների հարցում ևս պաշտոնական հռետորաբանությունը նույնքան փոփոխական է՝ մատնանշելով միջազգային դաշինքների ու գործընկերությունների ապշեցուցիչ բազմազանություն։

Վերջին զարգացումները բավական խոսուն են։ Նիկոլ Փաշինյանը, որը նախկինում քննադատել էր Բայդենի վարչակազմին, Թրամփի ընտրական ձախողումից հետո շտապեց հայտարարել, թե իր քննադատության թիրախը կոնկրետ մեկ անձնավորություն է եղել։ Մյուս կողմից՝ Հայաստանի խորհրդարանի կողմից Թրամփի ստեղծած, այսպես կոչված, Խաղաղության խորհրդին միանալու որոշման վավերացումը, որը միտված է ՄԱԿ-ի և միջազգային իրավունքի դերի թուլացմանը և որի շուրջ համախմբվել են մի խումբ ավտորիտար առաջնորդներ, ակնհայտորեն հակասում է 2028 թվականին Եվրամիությանն անդամակցելու դիմում ներկայացնելու Հայաստանի հայտարարությանը։ Արդյո՞ք անհրաժեշտ է հիշեցնել, որ Եվրամիությունը հանդես է գալիս ՄԱԿ-ի և միջազգային իրավունքի պաշտպանության դիրքերից։

Հատկանշական է, որ Հայաստանը մի կողմից հայտարարում է Եվրամիությանն անդամակցելու՝ սեփական նախաձեռնությամբ առաջադրված հայտի մասին, մյուս կողմից՝ մտադիր է շարունակել մնալ Եվրասիական տնտեսական միության պայմանագրի շրջանակում։ Վերջապես, հիշենք, որ 2026 թվականին Հայաստանը մի շարք երկկողմ և բազմակողմ ռազմավարական համաձայնագրեր է ստորագրել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության և Եվրամիության հետ, ինչպես նաև TRIPP-ի շրջանակային համաձայնագիրը (Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման)։ Արդյո՞ք այս բոլոր համաձայնագրերը կյանքի կոչելու համար գոյություն ունեն միասնական ռազմավարական տեսլական և բավարար ռեսուրսներ։

Հայաստանի կառավարությունն ապրում է աղմկահարույց հայտարարությունների և միջազգային միջոցառումների ռիթմով՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով, Հայաստան-ԵՄ գագաթնաժողով, COP17, Ֆրանկոֆոնիայի միջոցառումներ և այլն։ Սակայն այդ ամենի հանդիսավորությունից ու արտաքին փայլից անդին՝ արդյո՞ք ամրապնդվել է Հայաստանի ինքնիշխանությունը, ինչպես պնդում է Փաշինյանի կառավարությունը։ Հավանաբար հենց այդպես են մտածում նաև այն 700 հազար ընտրողները, որոնք քվեարկել են նրա կուսակցության օգտին։ Իրենց և մյուսներին համոզելու համար Հայաստանի կառավարությունն այսօր, կարծես, միայն մեկ բառ ունի՝ TRIPP։ Չի կարելի ժխտել, որ ավելի լավ այլընտրանքի բացակայության պայմաններում դրա գաղափարախոսության մեջ որոշակի գրավչություն կա։ Հատկանշական է նաև, որ Հայաստանի խորհրդարանում հիմնական ընդդիմադիր ուժը՝ «Ուժեղ Հայաստանը», որը նախընտրական քարոզարշավի ընթացքում պիտակավորվում էր որպես «ռուսական գործակալ», նույնպես կողմ է քվեարկել հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացմանը։

Այս նախագծի շուրջ առաջացող հարցերը երկուսն են․ ո՞ւմ համար է այն ռազմավարական նշանակություն ներկայացնում, և արդյո՞ք այն երաշխավորում է Հայաստանի ինքնիշխանությունը, ինչպես շտապում են պնդել կառավարությունը և, առավել տարօրինակ կերպով, որոշ «փորձագետներ»։

Ապացուցելու համար, որ Թրամփի պարտությունը չի խոչընդոտի TRIPP-ի իրականացմանը, ԱՄՆ Պետդեպարտամենտը վերջերս հայտարարեց նախագծի առաջմղման նպատակով եռակողմ աշխատանքային խմբերի ձևավորման մասին։

TRIPP․ աշխարհաքաղաքական ճարտարապետությունն ու ինքնիշխանության անհամաչափությունները

Նախ հիշեցնենք, որ TRIPP-ի հայտարարված նպատակն է նպաստել խաղաղությանը, կայունությանը, բարգավաճմանը և տարածաշրջանային ինտեգրմանը։ Սա միանգամայն իրագործելի նպատակ է, եթե հարևան երկրների միջև հարաբերությունները հիմնված լինեն փոխվստահության վրա և ապահովված լինեն հաջողության համար անհրաժեշտ պայմանները։

TRIPP նախագծի հաջողության նախապայմանները

Շրջանակային համաձայնագրում մատնանշվում են նախագծի հաջողության համար անհրաժեշտ մի շարք պայմաններ՝ համապատասխան պայմանագրի ստորագրումը, Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, Միացյալ Նահանգների շարունակական ներգրավվածությունը, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությունն ու կայունությունը։

Պայմանագրի ստորագրման հարցը

Չնայած Նիկոլ Փաշինյանի վերընտրվելուն՝ Ադրբեջանը մինչ օրս չի ստորագրել Ղարաբաղյան պատերազմից հետո նախատեսված խաղաղության պայմանագիրը։ Ո՛չ Իլհամ Ալիևը, ո՛չ էլ Ադրբեջանի Հանրապետությունը նրա վերընտրվելու առթիվ պաշտոնական շնորհավորական ուղերձ չեն հղել։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է առաջ քաշել տարբեր պայմաններ՝ ինչպես բացահայտ, այնպես էլ անուղղակիորեն։

Առաջին պայմանը նոր Սահմանադրության ընդունումն է՝ դրա հիմնադիր նախաբանից, մասնավորապես՝ Անկախության հռչակագրին հղումից հրաժարվելով։ Վերջինս անդրադառնում է թե՛ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միավորելու կամքին, թե՛ 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Փաշինյանը հաստատել է, որ այդպես էլ լինելու է։ Վերջին խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չի ստացել։ Այդպիսի մեծամասնությունը նրան հնարավորություն կտար նոր Սահմանադրության նախագծի հիման վրա հանրաքվե նշանակելու։ Նախագիծն արդեն հանրությանն է ներկայացվել, և Անկախության հռչակագրին հղումը դրանից հանելու մտադրությունն այլևս կասկած չի հարուցում։

Երկրորդ պայմանը պարբերաբար կրկնվող պահանջն է, ըստ որի՝ Ադրբեջանը պետք է կարողանա անխոչընդոտ օգտվել Հայաստանի հարավով անցնող միջանցքից և Թրամփի ուղուց։ Հայաստանի կառավարությունը չի պարզաբանում այս առեղծվածային հայտարարությունները և շարունակում է պնդել, որ Հայաստանի վերահսկողությունը պահպանվելու է տարանցիկ միջանցքը կազմող հողատարածքի նկատմամբ, իսկ երկիրը տնտեսական օգուտներ է ստանալու իր տարածքով իրականացվող տարանցումից։

Թեև TRIPP-ի շրջանակում Հայաստանի տարածքային վերահսկողության հարցը որոշակիորեն ամրագրված է, Բաքուն շարունակում է կարևոր տարբերակում դնել։ Ադրբեջանի պնդմամբ՝ իր հիմնական տարածքի և Նախիջևանի էքսկլավի միջև բացառապես ադրբեջանական բեռների տեղաշարժը պետք է իրականացվի պարզեցված ընթացակարգերով՝ առանց ներմուծման կամ արտահանման հավելյալ, ծանրաբեռնող մաքսատուրքերի, թեև տարանցման կամ օգտագործման ստանդարտ վճարների կիրառումը ընդունելի է։ Իսկ միջանցքով իրականացվող միջազգային տարանցման դեպքում, օրինակ՝ Կենտրոնական Ասիայից կամ Չինաստանից դեպի Եվրոպա՝ Թուրքիայի տարածքով, կկիրառվեն միջազգային տարանցման սովորական սակագներն ու մաքսային կանոնները։ Հետևաբար Ադրբեջանի փոփոխական և իրավիճակից կախված հռետորաբանությունը շարունակում է անորոշություն առաջացնել։ Ավելին, որևէ խոսք չկա Ադրբեջանի տարածքով հայկական բեռների տարանցման փոխադարձ պայմանավորվածությունների մասին։

Մեկ այլ էական զիջում, որը կարծես աննկատ է մնացել, լույս է սփռում նախագահ Ալիևի այն հայտարարությունների վրա, թե ադրբեջանցիները տարանցման ընթացքում երբեք չեն շփվելու հայերի հետ։ Հայ-ամերիկյան համաձայնագրի 8.2-րդ հոդվածով Հայաստանը, ըստ էության, ընդունել է TRIPP-ին տրամադրվող տարածքի սահմանային անցակետերում մասնավոր օպերատորներ ներգրավելու սկզբունքը։ Թեև հոդվածը նախատեսում է, որ այդ օպերատորներն ընտրվելու են Հայաստանի և TRIPP-ի զարգացման ընկերության (TDC) փոխադարձ համաձայնությամբ, փաստացի Հայաստանը զրկվում է իր սահմանների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու հնարավորությունից։ Սա ինքնիշխանության կորուստ է թե՛ անվտանգության, թե՛ տարանցման իրավունքի և մաքսային վճարների հաշվարկման տեսանկյունից, քանի որ Հայաստանի իշխանությունները չեն վերահսկելու բեռների ծագման վերաբերյալ տեղեկությունները։

Երրորդ պայմանը ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու իրավունքն է, ինչն ադրբեջանցի որոշ առաջնորդներ անվանում են «Արևմտյան Ադրբեջան»։ Նախագահ Ալիևը միջազգային հարթակներում և համաժողովներում պարբերաբար անդրադառնում է այս հարցին։

Սահմանների սահմանազատում և սահմանագծում

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացը դեռևս սկզբնական փուլում է։ Այս պահի դրությամբ սահմանազատված և սահմանագծված հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է մոտավորապես 12.7-13 կիլոմետր, մինչդեռ երկու երկրների միջև սահմանի ընդհանուր երկարությունը գնահատվում է շուրջ 1000 կիլոմետր։

Առաջին շոշափելի առաջընթացը գրանցվել է Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում։ Սահմանագծի այդ 12.7 կիլոմետրանոց հատվածում տեղադրվել է ավելի քան 80 սահմանային գեոդեզիական նշան։ Այս առաջին համաձայնության արդյունքում Հայաստանը Ադրբեջանի ինքնիշխան վերահսկողությանն է փոխանցել չորս ոչ էքսկլավային սահմանամերձ գյուղեր, որոնք վերահսկում էր դեռևս 1990-ական թվականներից՝ Բաղանիս Այրում, Աշաղը Էսքիփարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջըլը։ Սահմանազատման հանձնաժողովները համատեղ հաստատել են աշխատանքային կանոնակարգ՝ սահմանելով գործընթացի իրականացման մեթոդաբանությունը։

Իրավական առումով գործընթացը հիմնվում է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա՝ որպես վարչական ելակետ օգտագործելով խորհրդային ժամանակաշրջանի քարտեզները։ Սակայն սահմանների մնացած հատվածի առնչությամբ բազմաթիվ խոչընդոտներ դեռևս առկա են։ Դրանց թվում են երկու կողմերում գտնվող խորհրդային ժամանակաշրջանի անկլավների կարգավիճակը և 2021-2022 թվականների ներխուժումների հետևանքով ադրբեջանական ուժերի կողմից օկուպացված Հայաստանի ինքնիշխան տարածքները, որոնց ընդհանուր մակերեսը գնահատվում է ավելի քան 200 քառակուսի կիլոմետր։

Հարկ է հիշեցնել, որ Ադրբեջանի 1995 թվականի Սահմանադրության նախաբանի հիմքում ընկած Անկախության մասին հռչակագրով Ադրբեջանն իրեն հռչակել է 1918-1920 թվականների Ադրբեջանի Հանրապետության անմիջական իրավահաջորդ (2-րդ հոդված), այլ ոչ թե Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իրավահաջորդ։ Մերժելով Խորհրդային Միության ժառանգությունը (3-րդ հոդված)՝ պետությունը, ըստ էության, չի ճանաչում նաև Ալմա-Աթայի հռչակագիրը։

Խիստ անհեռատեսություն է թվում խաղաղության համաձայնագիր կնքել՝ առանց լուծելու սահմանային հարցը, հստակ մեխանիզմներ նախատեսելու Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման և Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի ապահովման համար։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում որոշակի խորհրդանշական առաջընթաց կա։ Այն, սակայն, շարունակում է պայմանավորված լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքմամբ։ Դիվանագիտական երկխոսությունը, որն սկզբնական շրջանում բավական ակտիվ էր, կարծես թե դանդաղել է։

Դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր ունեցող անձինք օգտվում են էլեկտրոնային վիզաների (e-visa) անվճար և պարզեցված տրամադրման հնարավորությունից, սակայն դա չի նշանակում, որ բացվել է ցամաքային սահմանը։ Այն շարունակում է փակ մնալ ինչպես լայն հանրության, այնպես էլ ընդհանուր առևտրի համար՝ չնայած 2022 թվականի հուլիսին ձեռք բերված պայմանավորվածությանը և Հայաստանի կառավարության կողմից սահմանային ենթակառուցվածքների, մասնավորապես՝ Մարգարայի անցակետի բարեկարգման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։ Համաձայնության գործնական իրականացումը կախված է երկկողմ և ավելի լայն աշխարհաքաղաքական քննարկումների շարունակությունից։

Ախուրյան գետի վրա գտնվող պատմական Անիի կամրջի վերականգնման վերաբերյալ համատեղ արձանագրություն է ստորագրվել՝ պատմամշակութային կարևոր այդ վայրում երկու երկրները ֆիզիկապես կապելու նպատակով։

Ինչ վերաբերում է Կարս-Գյումրի երկաթուղային գծին, առայժմ մեկնարկել է միայն Գյումրի-Մարգարա-Ախուրիկ հատվածի տեխնիկական գնահատումը։ Վերջապես, Երասխի երկաթուղային հատվածի վերակառուցումը, որի նպատակն է ընդլայնել ցանցը՝ Թուրքիայից Հայաստանի տարածքով դեպի Ադրբեջանի Նախիջևանի էքսկլավ, ներառված է Հայաստանի կառավարության 2026-2031 թվականների ծրագրում։

Հայաստանի և Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումների և հայտարարությունների միջև ակնհայտ անհամաչափություն կա։ Հայկական կողմը հանդես է գալիս «առանց նախապայմանների» կարգավորման օգտին, պնդում է սահմանների անհապաղ բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը՝ համոզված լինելով, որ դա տնտեսական օգուտներ կբերի։

Թուրքական կողմը, թեև հայտարարում է խաղաղության ցանկության մասին, իր քաղաքականությունը համադրում է Բաքվի դիրքորոշման հետ՝ չնայած Թուրքիայի և Ադրբեջանի առաջնորդների միջև առկա տարաձայնություններին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հստակ նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորումը պետք է ընթանա հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին զուգահեռ։ Այսպիսով, Թուրքիան սպասում է վերջնական համաձայնության ձեռքբերմանը և Հայաստանի նոր Սահմանադրության ընդունմանը՝ առևտրի լիարժեք վերաբացման ուղղությամբ վերջնական քայլը կատարելու համար։

Միացյալ Նահանգների ներգրավվածությունը

Արդյո՞ք Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված շրջանակային համաձայնագիրը և ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, ներառյալ TRIPP միջանցքի նախագծին և պաշտպանական համագործակցությանը վերաբերող պայմանավորվածությունները, ենթադրում են իրավաբանորեն պարտավորեցնող անվտանգության երաշխիք՝ ՆԱՏՕ-ի կամ ռազմական դաշինքի մասին պայմանագրի տեսքով։

Ստորագրված փաստաթղթերը տնտեսական բնույթի են և փոխադարձ ռազմական օգնության պայմանագրեր չեն։ Դրանցում չկա կոլեկտիվ պաշտպանության դրույթ, և որևէ կետ չի պարտավորեցնում Միացյալ Նահանգներին ռազմական միջամտություն իրականացնել Հայաստանի վրա հարձակման դեպքում։ Նման պարտավորություն կարող է առաջացնել միայն երկու երկրների միջև կնքված և ԱՄՆ Սենատի անդամների երկու երրորդի կողմից վավերացված դաշինքի պայմանագիրը։ Մինչդեռ ներկայիս համաձայնագրերը բացառապես գործադիր բնույթի համաձայնագրեր են («executive agreements») և, հետևաբար, կարող են չեղարկվել ԱՄՆ-ի ցանկացած հաջորդ վարչակազմի կողմից։

Եթե TRIPP նախագծում ԱՄՆ-ի ներգրավվածությունն իրականացվի, ապա լավագույն դեպքում այն կարող է զսպող գործոն դառնալ՝ ամերիկյան տնտեսական ներկայության և սեփականության ակտիվների միջոցով։ TDC-ի ստեղծումը, որի բաժնետոմսերի 74 տոկոսը պատկանում է ամերիկյան կողմին, ենթադրաբար կներառի ԱՄՆ-ի ուղղակի ներդրումները Սյունիքի մարզում ճանապարհների կառուցման և շահագործման մեջ։

Միևնույն ժամանակ պետք է հիշել, որ տարածաշրջանում արդեն գործում են այլ տարանցիկ միջանցքներ։ Առաջին հերթին՝ Միջին միջանցքը (Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի)։ Այն ներկայումս լայնածավալ ընդլայնման փուլում է՝ առկա ենթակառուցվածքների թողունակության սահմանափակումների պատճառով։ Միջանցքը Չինաստանն ու Կենտրոնական Ասիան կապում է Թուրքիայի և Եվրոպայի հետ՝ Կասպից ծովի ափին գտնվող Ղազախստանի և Թուրքմենստանի նավահանգիստներով, ապա՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Այն հանդիսանում է Ռուսաստանը շրջանցող հիմնական այլընտրանքային երթուղին։ Միջին միջանցքը զգալի աջակցություն է ստանում Եվրամիության «Գլոբալ դարպաս» նախաձեռնությունից, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) և տարածաշրջանի կառավարություններից։ TRIPP-ը ներկայանում է որպես Անդրկասպյան միջանցքի տրամաբանական շարունակություն։ Ղազախստանը և Կենտրոնական Ասիայի այլ երկրներ արդեն տեխնիկական խմբեր են ուղարկել՝ ուսումնասիրելու TRIPP-ի միջոցով իրենց երկաթուղային բեռնափոխադրումները անմիջականորեն ինտեգրելու հնարավորությունները։

Գործում է նաև Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը, թեև դրա ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները դեռ շարունակվում են։ Այն Կենտրոնական Ասիան (Թուրքմենստան և Ուզբեկստան) կապում է Իրանի հետ՝ դեպի Թուրքիա և Հարավային Եվրոպա։ Այս երթուղին ցամաքային այլընտրանք է առաջարկում՝ շրջանցելով Կասպից ծովը։ Հյուսիսային միջանցքը, իր հերթին, ցամաքային կապ է Չինաստանի և Կենտրոնական Ասիայի միջև՝ Ռուսաստանի ու Բելառուսի տարածքով դեպի Եվրամիություն՝ Լեհաստան և Գերմանիա։ Պատմականորեն այն ամենաարագ և արդյունավետ ցամաքային երկաթուղային կապն է եղել։ Սակայն Եվրամիության պատժամիջոցներն ու աշխարհաքաղաքական լարվածությունը եվրոպական երկրներին ստիպել են այդ երկու երթուղիներով բեռնափոխադրումների զգալի մասը վերահասցեավորել դեպի Անդրկասպյան ուղիներ։

Ամփոփելով՝ հայ-ամերիկյան այս համաձայնագրերը զսպող գործոն կարող են դառնալ միայն այն ժամանակ, երբ ամերիկյան տնտեսական ակտիվները անմիջականորեն ներգրավվեն TRIPP-ի ենթակառուցվածքների կառուցման և հանքարդյունաբերության ոլորտում։ Իրավական տեսանկյունից Հայաստանը չի ստանում ամերիկյան անվտանգության որևէ պայմանագրային երաշխիք։ Քաղաքական տեսանկյունից նախագծերի իրականացումը մեծապես կախված է Թրամփի խորհրդականների և բանակցողների թիմից, Աբրահամյան համաձայնագրերի պահպանումից, ինչպես նաև Իրանի դեմ պատերազմի և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև պատերազմի ելքից։ Հակամարտությունների դադարեցումը կարող է հանգեցնել արդեն գոյություն ունեցող միջանցքների շահագործման վերսկսման և, հնարավոր է, նվազեցնել TRIPP-ի նկատմամբ ամերիկյան հետաքրքրությունը։

Ամեն դեպքում, Ադրբեջանն իրեն ներկայացնում է որպես տարածաշրջանի և Կենտրոնական Ասիա-Եվրոպա հարաբերությունների ռազմավարական առանցքային երկիր։ Եվ, կարծես, այդ հավակնությունները միայն Ադրբեջանինը չեն։ Թրամփի ընտանիքի և Ադրբեջանի միջև անթափանց ֆինանսական կապերի մասին վերջերս արված բացահայտումները լուրջ մտահոգության լրացուցիչ առիթ են՝ Հայաստանի և Թրամփի վարչակազմի միջև երկկողմ հարաբերություններում վստահության մակարդակի տեսանկյունից։

Տարածաշրջանային համագործակցություն և կայունություն

Հայտնի է, որ Կովկասում տնտեսական և քաղաքական նախագծերն անմիջականորեն վերահսկվում և կառավարվում են նախագահ Թրամփի մերձավոր թիմի կողմից։ Այդ թիմի առանցքային դեմքերն են նրա գլխավոր բանակցող Սթիվ Ուիթքոֆը, վերջինիս անձնական խորհրդական Արիե Լայթսթոունը և ռուս-ամերիկյան ներդրող Կոնստանտին Սոկոլովը։ Վերջինս ԱՄՆ Պետդեպարտամենտի որոշմամբ նշանակվել է TRIPP հիմնադրամի նախագահ։ Հիմնադրամը տնօրինում է 200 միլիոն դոլար։ Սոկոլովը նաև Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի հիմնադրամի նախագահն է։

Առանձին ուշադրության է արժանի Լայթսթոունի գործունեությունը։ Նա ամերիկացի դիվանագետ է, ԱՄՆ Խաղաղության առաքելությունների գրասենյակի ավագ խորհրդական և առանցքային դեր է ունեցել TRIPP-ի շուրջ համաձայնությունների բանակցություններում։ Հարավային Կովկասում տարածաշրջանային կապուղիների զարգացման ուղղությամբ իր աշխատանքից բացի՝ նա զբաղվում է նաև խաղաղության հարցերով որպես ավագ խորհրդական՝ Խաղաղության խորհրդի շրջանակում։ 2020 թվականին նշանակվելով Աբրահամյան համաձայնագրերի հարցերով հատուկ բանագնաց՝ նա մասնակցել է «Խաղաղություն՝ հանուն բարգավաճման» տնտեսական նախաձեռնությունների վերահսկմանը, ղեկավարել է Աբրահամյան հիմնադրամը և կազմակերպել Աբրահամյան համաձայնագրերի առաջին բիզնես գագաթնաժողովը։

Այս ներգրավվածությունը ցույց է տալիս, թե որքան մեծ ազդեցություն ունի ամերիկա-իսրայելական արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում կնքվող տարածաշրջանային համաձայնությունների վրա։ Դա տեղի է ունենում ոչ միայն TRIPP-ի համաձայնագրի, այլև Կովկասի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների, մասնավորապես՝ Ղազախստանի, Ադրբեջանի և Հայաստանի՝ Աբրահամյան համաձայնագրերի շրջանակում ընդգրկելու ծրագրի միջոցով։ Այս ընդլայնված «աբրահամյան» ձևաչափում բազմակողմ և տնտեսական ինտեգրման առանցքային դերը վերապահված է Ադրբեջանին։ Գործընթացը ներառում է մի շարք դերակատարների՝ Իսրայելին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Միացյալ Նահանգներին և Եվրասիական տարանցիկ միջանցքներին։

Հենց այստեղ է, որ վտանգի տակ են հայտնվում Հայաստան-Իրան հարաբերությունները և երկու երկրների միջև առևտրային երթուղիների զարգացման ծրագրերը։ Հայաստանի կառավարության անվստահ ու զուսպ հավաստիացումներն այս իրավիճակում ոչինչ չեն փոխի։ Իրանի իշխանությունները, չնայած դիվանագիտական հավաստիացումներին, պարբերաբար բարձրացնում են այս հարցը և մինչ օրս Հայաստանից չեն ստացել երաշխիք, որ միջանցքում չեն տեղակայվի ամերիկյան ռազմական բազա կամ Իրանի անվտանգությանը սպառնացող այլ ենթակառուցվածքներ։

Թեև TRIPP-ի համաձայնագրի նախաբանում նշվում է, որ նախագծին տրամադրվող տարածքի և սահմանների նկատմամբ վերահսկողությունը մնում է Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո, համաձայնագրի բազմաթիվ դրույթներ սահմանափակում են այդ տարածքում իրականացվող նախագծերի նկատմամբ Հայաստանի իրավազորությունը, ինչպես նաև այդ նախագծերի օպերատորների ընտրության հարցում նրա լիազորությունները։ Համաձայնագիրը Հայաստանի կառավարությունից ուղղակիորեն պահանջում է ապահովել, որ այդ տարածքները զերծ լինեն որևէ ծանրաբեռնվածությունից կամ երրորդ անձանց իրավունքներից (6.1-րդ հոդված), ինչպես նաև իր վրա վերցնել այդ ընթացակարգերի հետ կապված բոլոր ֆինանսական ծախսերը։ Այլ կերպ ասած՝ սա նշանակում է, որ ընտանիքներն ու բիզնեսները կարող են հարկադիր օտարման ենթարկվել Հայաստանի կառավարության հաշվին։

1. TRIPP-ի հետ կապված իրավազորության մեխանիզմները ինքնիշխանությունը սահմանափակում են միայն հողի նկատմամբ սեփականության իրավունքի մակարդակով

Հարկ է նշել, որ 2026 թվականի հունիսին ստորագրված համաձայնագիրը նախատեսում է նախագծերի երկու կատեգորիա այն տարածքում, որը տրամադրվում է TRIPP-ին։ «TRIPP նախագծերը» վերաբերում են տրանսպորտային և հաղորդակցային ենթակառուցվածքներին՝ երկաթուղիներ, ճանապարհներ, նավթագազատարներ, օպտիկամանրաթելային կապ և էլեկտրահաղորդման գծեր։ Սակայն համաձայնագրի 6-րդ հոդվածը նախատեսում է նաև «ոչ TRIPP նախագծերի» իրականացում, որոնց առաջարկ կարող է ներկայացնել ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, այդ թվում՝ ընկերություն կամ պետություն։ Խոսքը հատուկ նպատակով ստեղծվող ընկերությունների՝ SPV-ների մասին է։ Դրանք լինելու են TDC-ի դուստր ընկերություններ, որոնց ստեղծման նպատակը TRIPP-ի որևէ կոնկրետ բաղադրիչի իրականացումն է։

Այս դրույթը Հայաստանի համար մի շարք ռիսկեր է ստեղծում։ Ցանկացած երրորդ պետություն՝ ուղղակիորեն կամ, առավել հավանական է, անուղղակիորեն, կարող է մասնավոր ընկերությունների միջոցով մշակել և ֆինանսավորել այնպիսի նախագծեր, որոնք վտանգավոր կլինեն Հայաստանի հարևանների համար կամ կվնասեն շրջակա միջավայրի պահպանությանը։

Նույնիսկ եթե Հայաստանը դեմ լինի, TRIPP ընկերությունում ունեցած իր բաժնեմասը նրան հնարավորություն չի տալիս արգելափակելու որևէ նախագիծ տարաձայնության դեպքում։ Օրինակ՝ արդյո՞ք ամերիկյան գործընկերը, հաշվի առնելով տարածաշրջանային դաշնակից Իսրայելի դիրքորոշումը, թույլ կտա Հայաստանին կառուցել Հայաստան-Իրան երկաթուղին։ ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ ընթացող պատերազմի համատեքստում, հատկապես եթե հիշենք, որ Աբրահամյան համաձայնագրերը կառավարվում են հենց այն մարդկանց կողմից, որոնք նախագծել են TRIPP-ը, նման հնարավորությանը հավատալու հիմքերը խիստ սահմանափակ են։

Այս կասկածները հաստատող օրինակներից մեկն է Խաղաղության խորհուրդը։ Այն ստեղծվել էր նախևառաջ Գազայի պատերազմը դադարեցնելու և տարածքի վերակառուցումը կազմակերպելու նպատակով, սակայն մինչ օրս չի կարողացել հասնել Գազայի նկատմամբ Իսրայելի ագրեսիայի դադարեցմանը։ Խորհրդի առաջին որոշումը վերաբերում է ոչ թե Գազայի վերակառուցմանը՝ բնակարանների, հիվանդանոցների, դպրոցների, ջրամատակարարման կամ էլեկտրական ցանցերի վերականգնմանը, այլ միջազգային ուժերի կազմում 150 մարոկկացի զինծառայողի տեղակայման համար նախատեսված ռազմական բազայի կառուցմանը։

TRIPP-ի շրջանակային համաձայնագրի իրավական և ինստիտուցիոնալ կառուցվածքը հիմնովին փոխում է Հայաստանի ինքնիշխան կառավարման համակարգի բնույթը։ Թեև նախագիծը ներկայացվում է որպես խաղաղությանն ուղղված տարանցիկ միջանցք, դրա գործառնական կառուցվածքը ստեղծում է խորքային անհամաչափություններ՝ իրավազորության և տնտեսական կառավարման տեսանկյունից։ Անդրադառնանք այս համաձայնագրի մի քանի առանցքային դրույթների։

Իրավական զիջումներ

Շրջանակային համաձայնագիրը փոխկապակցված է ևս երկու պայմանագրային փաստաթղթերի հետ, որոնք դեռևս հրապարակված չեն։ Դրանք են բաժնետերերի համաձայնագիրը (TRIPP-ի զարգացման ընկերության՝ TDC-ի բաժնետերերն են TDC US-ը և Հայաստանի Հանրապետությունը) և TDC-ի կանոնադրությունը։

Բաժնետերերի համաձայնագիրն ամերիկյան մասնավոր առևտրային պայմանագիր է, որի նկատմամբ կիրառվում է ԱՄՆ օրենսդրությունը, մասնավորապես՝ Նյու Յորք նահանգի օրենսդրությունը։ Դրա նպատակն է կարգավորել TDC-ի բաժնետերերի որոշ իրավունքներն ու պարտավորությունները, ինչպես նաև ընկերության կառավարմանն առնչվող հարցերը։ TDC-ի բաժնետոմսերի 74 տոկոսը պատկանում է ամերիկյան կազմակերպությանը՝ TDC-US-ին, որը գրանցված է որպես ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) դուստր ընկերություն։ DFC-ն ամերիկյան դաշնային գործակալություն է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Դելավեր նահանգում՝ ԱՄՆ-ում գործող հարկային արտոնյալ իրավազորություններից մեկում։

Միայն TDC-ի կանոնադրության նկատմամբ է կիրառվելու Հայաստանի օրենսդրությունը։ Այդ կանոնադրությամբ, մասնավորապես, կարգավորվելու են TRIPP-ի իրականացման տարածքի նկատմամբ ընկերության իրավունքները։ Խոսքը 49 տարով TDC ընկերությանը տրամադրվող տարածքի մասին է, որի նկատմամբ ընկերությունը ստանալու է զարգացման, հողօգտագործման և շահագործման բացառիկ իրավունքներ։ Այդ ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 99 տարի։ Հիշեցնենք, որ ընկերության բաժնետոմսերի ընդամենը 26 տոկոսն է պատկանում Հայաստանի Հանրապետությանը։

Չնայած Հայաստանի կառավարության բոլոր հավաստիացումներին՝ իրավական ինքնիշխանության տեսանկյունից վերահսկողության կորուստն ակնհայտ է։ 5-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանվում է, որ հակասության դեպքում շրջանակային համաձայնագիրը գերակայում է Հայաստանի ներպետական օրենսդրության նկատմամբ։ Այս գերակայությունը սահմանադրական առումով իրավաչափ կարող է համարվել միայն այն դեպքում, եթե շրջանակային համաձայնագիրը ձեռք բերի միջազգային պայմանագրի կարգավիճակ և վավերացվի ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՄՆ Կոնգրեսի կողմից։ Իսկ նախագծում ներգրավված ընկերություններին վերաբերող մասնավոր իրավունքի վեճերը ենթարկվում են Նյու Յորք նահանգի օրենսդրությանը։

Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է TRIPP-ի շրջանակային համաձայնագիրը։ Բացի այդ, Հայաստանի կառավարությունը հրավիրել է խորհրդարանի արտահերթ նիստ՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում, Քաղաքացիական օրենսգրքում և պետական-մասնավոր գործընկերությանն առնչվող կարգավորումներում անհրաժեշտ փոփոխություններն ընդունելու նպատակով։ Դրանց նպատակը TRIPP-ի շրջանակային համաձայնագրի 3.6-րդ հոդվածով նախատեսված կազմակերպության պաշտոնական գրանցումն ու իրավական հիմքերի ստեղծումն է։ Այս օրենսդրական փոփոխությունները շրջանցում են Հայաստանի գործող օրենսդրության մի շարք դրույթներ և արտոնություններ են տրամադրում TRIPP նախագծերում ներգրավված ներդրողներին ու ընկերություններին։ Այդ փոփոխություններն ամրագրվելու են բաժնետերերի համաձայնագրում և TDC-ի կանոնադրությունում։

Միացյալ Նահանգների Կոնգրեսը համաձայնագիրը չի վավերացրել։ Ավելին, TDC բաժնետիրական ընկերության ստեղծման գործընթացը դեռևս շարունակվում է, և այն դեռևս գործարկված չէ, ինչպես հաստատել է նաև Փաշինյանը։

Տնտեսական և ֆինանսական զիջումներ

Տնտեսական և ֆինանսական զիջումները բազմաթիվ են, և դրանց ամբողջությունը լուրջ հարցեր է առաջացնում Հայաստանի համար նախագծի իրական օգուտների վերաբերյալ։

Հայաստանը շրջանակային համաձայնագրի 4.3-րդ հոդվածով համաձայնում է, որ TDC-ն իրավունք ունի ընտրելու երրորդ կողմերի, որոնք աջակցելու են առանձին TRIPP նախագծերի իրականացմանը՝ այդ նպատակով ստեղծված ընկերությունների (SPV-ների) միջոցով։ Այդ երրորդ կողմերը կարող են հանդես գալ որպես կոնցեսիոներներ, նախագծեր մշակողներ, օպերատորներ, կապալառուներ կամ EPC ծառայություններ մատուցողներ (նախագծում, գնումներ և շինարարություն)։

TRIPP-ը Հայաստանի համար հարկային մուտքերի շատ սահմանափակ հնարավորություններ է նախատեսում․ հարկային արտոնությունների ցանկը չափազանց ընդարձակ է։

9-րդ հոդվածով նախատեսվում են հետևյալ արտոնությունները․

Պետական բյուջեից դուրս գործող ֆինանսական մեխանիզմները, օրինակ՝ ԱՄՆ-ի աջակցությամբ ձևավորված 402 միլիոն դոլար արժողությամբ «TRIPP+ Անդրկասպյան ձեռնարկությունների հիմնադրամը», ամբողջությամբ շրջանցում են պետական հաշիվները՝ տարածաշրջանի մասնավոր ձեռնարկություններում ներդրումներ ուղղելու նպատակով։

Այսպիսով, TRIPP-ն ավելի շատ հիշեցնում է օֆշորային արտոնյալ գոտի, քան պետական բյուջեի համար հարկային եկամուտների աղբյուր։ Հարկաբյուջետային և ֆինանսական օգուտների այս բացակայությունը ոչ միայն տնտեսական ինքնիշխանության կորուստ է բացահայտում, այլև կասկածի տակ է դնում նախագծում Հայաստանի շահագրգռվածությունը։

Ամփոփելով՝ գործ ունենք խիստ անհամաչափ համաձայնագրի հետ, որի արդյունքում Հայաստանը կորցնում է տրամադրվող տարածքում իրականացվող գործունեության և ներդրումների նկատմամբ իրավազորության ու հարկաբյուջետային ինքնիշխանության զգալի մասը։ Ադրբեջանը պնդում է, որ իր հիմնական տարածքի և Նախիջևանի միջև տարանցվող բեռների նկատմամբ չպետք է կիրառվեն նույն տարանցիկ վճարները, ինչ այլ սուբյեկտներին պատկանող բեռների դեպքում։ Միևնույն ժամանակ, սահմանային անցակետերի վերահսկողությունը պատվիրակվելու է մասնավոր օպերատորի։

Այս անհավասարակշիռ համաձայնագիրը գումարվում է առևտրային պատժամիջոցների սպառնալիքներին, որոնք կարող են առաջանալ ինչպես Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի շրջանակում Հայաստանի հարաբերություններից՝ Եվրամիության հետ մերձեցման հետևանքով, այնպես էլ Միացյալ Նահանգների կողմից՝ Իրանի հետ առևտրի պատճառով։ Սա տեղի է ունենում այն պայմաններում, երբ Հայաստանը ձգտում է դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները, սակայն արդեն իսկ ունի բարձր պետական պարտք և տնտեսության ու հասարակության մեջ առկա կառուցվածքային անհավասարակշռություններ։

Հայ-ամերիկյան այս համաձայնագրերի երկարակեցությունը դեռևս անհայտ է։ Դրանց իրավական կառուցվածքը և նախագծի հեղինակները կարող են TRIPP-ի խոստացված տնտեսական հնարավորությունը վերածել երկարաժամկետ համակարգային կախվածության և ինքնիշխանության ակնհայտ կորստի, որի մասին, սակայն, նախընտրում են չխոսել։ Իսկ եթե համաձայնագիրը ձեռք բերի միջազգային պայմանագրի կարգավիճակ, դրանից հրաժարվելն ապագայում կարող է չափազանց դժվար լինել։

Ֆիլիպ Րաֆֆի Քալֆայանը բնակվում է Փարիզում։ Նա իրավաբան է, միջազգային իրավունքի դասախոս, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախկին գլխավոր քարտուղար, ունի միջազգային իրավունքի դոկտորի գիտական աստիճան։ Քալֆայանը պարբերաբար հոդվածներ է հրապարակում «Armenian Mirror-Spectator»-ում։

Հոդվածի անգլերեն տարբերակը տե՛ս այս հղումով։

TRIPP, Թրամփի ուղի, Հայաստանի ինքնիշխանություն, TRIPP համաձայնագիր, Ֆիլիպ Րաֆֆի Քալֆայան, Նիկոլ Փաշինյան, ԱՄՆ հարաբերություններ, Սյունիք, Հայաստանի անվտանգություն, Ադրբեջանի պահանջներ, Իլհամ Ալիև, ԱՄՆ-ի ազդեցությունը Հարավային Կովկասում, TRIPP-ի ռիսկեր, Հայաստանի տարածքային ամբողջականություն, սահմանների վերահսկողություն, 74 տոկոս ԱՄՆ բաժնեմաս, 26 տոկոս բաժնեմաս, TDC, ամերիկյան ներդրումներ, հարկային արտոնություններ, իրավական ինքնիշխանություն, տնտեսական ինքնիշխանություն, Իրան-Հայաստան հարաբերություններ, Հայաստան-Թուրքիա, Միջին միջանցք, Հյուսիս-Հարավ միջանցք, Ադրբեջանի և Նախիջևանի կապ, տրանսպորտային հաղորդակցություններ, ազգային անվտանգություն

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test