Նիցշեն ուսումնասիրում էր վախի, հնազանդության և, այսպես կոչված, «կուտակված անզորության» հոգեբանական մեխանիզմները։ Նրա կարևոր գաղափարներից մեկն այն է, որ մտածողությունը, արժեքային համակարգը հաճախ սահմանվում է արտաքին հակառակորդի ներգործության հետևանքով։ Քաղաքականության մեջ սա կարող է դրսևորվել հետևյալ կերպ. հասարակությանը չեն առաջարկում ապագայի մասին հստակ տեսլական, այլ ներշնչում են, թե ինչ աղետներ կարող են լինել այլընտրանքի դեպքում։
Արդյունքում, վախը դառնում է գաղափարախոսություն, երբ իշխանության լեգիտիմությունը հիմնվում է ոչ թե ձեռքբերումների, այլ հնարավոր աղետների կանխման խոստման վրա։ Այդ դեպքում քաղաքացին այլևս չի հարցնում, թե ի՞նչ պետություն է կառուցում, այլ՝ ի՞նչ կլինի, եթե լինի հակառակը՝ Աստված չանի, եթե իշխանությունը փոխվի։
Սա քաղաքական կախվածության ձևավորման կարևոր մեխանիզմ է, այսինքն՝ այն, ինչ Հայաստանի ներկայիս գործող կառավարության փաստացի պետը փորձում է ներշնչել բնակչությանը։
Վախի գործոնը
Պետության արտաքին քաղաքականությունը չի կարող կառուցվել մշտական վախի վրա։ Վախը կարող է ստիպել զիջել, հետաձգել որոշումները և խուսափել առճակատումից, բայց այն չի կարող ապահովել երկարաժամկետ անվտանգություն։ Հայաստանի վերջին տարիների քաղաքականության քայլերի հիմնական տրամաբանությունը հենց այն է, ինչը նկարագրում էր Նիցշեն։
Երբ արտաքին ուժը սպառնալիքների միջոցով սահմանափակում է պետության ղեկավարի քաղաքական ընտրությունը, վերջինս կարող է այդ վախը փոխանցել սեփական հասարակությանը։ Արտաքին վտանգը դառնում է ներքին քաղաքական օրակարգի կենտրոնական թեմա, իսկ իշխանությունն իրեն ներկայացնում է որպես միակ ուժ, որն ի վիճակի է կանխել աղետը։ Այսպիսով, ձևավորվում է քաղաքականության երկակի համակարգ. արտաքին աշխարհում՝ հարմարվողականություն և զիջումներ, ներքին կյանքում՝ վտանգի մշտական զգացողություն, որի հետևանքով ցանկացած քաղաքական այլընտրանք սկսում է ընկալվել որպես պատերազմի, արհավիրքների վտանգ։
Վախը՝ հանրության կառավարման միջոց
Պետք է տարբերակել արտաքին սպառնալիքի իրական գնահատումը և դրա օգտագործումը ներքին կառավարման նպատակներով։ Եթե պետության ղեկավարը մշտապես ընդգծում է, որ ցանկացած քաղաքական այլընտրանք կարող է հանգեցնել պատերազմի, ապա նա հասարակության առջև ստեղծում է կեղծ երկընտրանք՝ կամ գործող իշխանություն, կամ ազգային աղետ։ Այս տրամաբանությամբ ընդդիմությունը ներկայացվում որպես պատերազմի վտանգ, քննադատությունը՝ որպես պետության կայունությանը սպառնացող գործողություն, իսկ իշխանության քաղաքականության հետ անհամաձայնությունը՝ որպես անպատասխանատու վարքագիծ, կամ, ավելի վատ, արտաքին «չար» ուժերի խարդավանք։ Այս պարագայում ընդդիմությունը կարող է ներկայացվել՝ որպես լրտեսական ցանց, դավաճանների որջ։
Կա մի պարզ սկզբունք. արտաքին վտանգի առկայությունը չի վերացնում իշխանության նկատմամբ վերահսկողության անհրաժեշտությունը։ Ընդհակառակը՝ որքան մեծ են արտաքին սպառնալիքները, այնքան ավելի կարևոր են դառնում պետական ինստիտուտները, մասնագիտական քննարկումները և հասարակական համերաշխությունը։ Հանուն ճշմարտության պետք է ասել, որ ընդդիմությունը չի կարողանում դիմակայել հանրության նման մտավոր ստրկացմանը և, հետևապես, չի կարողանում մոբիլիզացնել հանրությանը։
Պատմության երեք կարճ դասերը
Չեխոսլովակիա։ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Չեխոսլովակիային ստիպեցին Հիտլերին զիջել Սուդեթի շրջանը՝ պատերազմի կանխման ակնկալիքով։ Սակայն 1939 թվականին Գերմանիան գրավեց արդեն ամբողջ Չեխոսլովակիան։ Պատմական դասը՝ սպառնալիքի դիմաց զիջումը, առանց փոխադարձ պարտավորությունների, կարող է խրախուսել նոր պահանջներ։ Հայաստանի պարագայում մենք դա տեսնում ենք։ Զիջումների պարագայում Ադրբեջանը կանգ չի առնում և շարունակում է նոր զիջումներ պահանջել, իսկ Հայաստանի գործող կառավարությունը չի կարողանում կանգ առնել և շարունակում է ընդունել թշնամու՝ գնալով ավելի լկտի պահանջները։
Փաստորեն, 2022-ին Պրահայում եվրոպացիների կողմից խաղարկվեց նույն Մյունխենի սցենարը, երբ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, խաթարելով Արցախի ժողովրդի միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքը։ Դա իրավական հիմք դրեց Արցախի էթնիկ զտմանը։
Գերմանիա, 1933 թվական։ Ռայխստագի հրդեհից հետո նացիստական իշխանությունը կոմունիստական հեղաշրջման վտանգի մասին հայտարարություններով հասավ արտակարգ լիազորությունների հաստատմանը։ Կասեցվեցին մի շարք սահմանադրական իրավունքներ, սահմանափակվեցին խոսքի և մամուլի ազատությունները, սկսվեցին քաղաքական հակառակորդների ձերբակալությունները։ Արտաքին և ներքին վտանգների մասին վախը դարձավ բռնապետության հաստատման գործիք։
Իրան։ Իրանի պարագայում մենք ունենք հակառակ օրինակը։ ԱՄՆ-ը և Իսրայելը լիկվիդացրեցին Իրանի քաղաքական ու ռազմական ղեկավարությանը, ռմբակոծեցին աղջիկների դպրոցը, որի նպատակն էր բնակչության շրջանում սարսափի մթնոլորտ տարածել։ Ավելին, Թրամփը սպառնաց վերացնել իրանական քաղաքակրթությունը, սակայն Իրանը չընկրկեց, դիմացավ և այսօր դարձել է միջազգային քաղաքականության կարևոր գործոն։
Քիսինջեր. ուժը, վախը և քաղաքական հավասարակշռությունը
Հենրի Քիսինջերի միջազգային քաղաքականության հայեցակարգում կենտրոնական տեղ է զբաղեցնում ուժերի հավասարակշռությունը։ Նրա մոտեցմամբ կայուն միջազգային կարգը չի կարող հիմնվել միայն բարի մտադրությունների կամ հայտարարությունների վրա։ Այն պահանջում է ուժերի հարաբերակցության, պետությունների շահերի և փոխադարձ ընդունելի պայմանավորվածությունների հաշվառում։
Ըստ Քիսինջերի, միջազգային կարգը պահպանվում է այն ժամանակ, երբ պետությունները ոչ միայն ունեն ուժ, այլև ճանաչում են միմյանց շահերի և հնարավորությունների սահմանները։ Հայաստանի համար սա նշանակում է, որ անհրաժեշտ է ոչ թե անտեսել Ադրբեջանի ռազմական առավելությունը, այլ մշակել այնպիսի քաղաքականություն, որի պայմաններում այդ առավելությունը չի վերածվի Հայաստանի նկատմամբ անսահմանափակ քաղաքական ազդեցության։
Միաժամանակ պետք է հասկանալ, որ եթե պետության ղեկավարն արտաքին ճնշման ներքո իր քաղաքականության միակ հիմնավորումը դարձնում է պատերազմից խուսափելը, ապա նա կարող է կորցնել բանակցային նախաձեռնությունը։
Խաղաղությունը պետք է հիմնված լինի փոխադարձ շահերի հավասարակշռության, ոչ թե միակողմանի վախի վրա։
Վախի գաղափարախոսությունից դեպի քաղաքական գաղափարախոսություն
Հայաստանի ներկայիս իրավիճակում կարևոր է ուսումնասիրել ոչ միայն արտաքին բանակցությունների արդյունքները, այլև այն լեզուն, որով իշխանությունը բացատրում է իր որոշումները հասարակությանը։
Արդյո՞ք խաղաղության օրակարգը ներկայացվում է որպես պետական զարգացման, անվտանգության և տնտեսական համագործակցության երկարաժամկետ ծրագիր, թե՞ հիմնականում որպես պատերազմի կանխման միակ հնարավոր ճանապարհ։
Եթե հասարակությանը մշտապես ասվում է, որ այլ քաղաքական ուժերի իշխանության գալը կարող է հանգեցնել պատերազմի, ապա արտաքին սպառնալիքը վերածվում է ներքաղաքական մրցակցության գործիքի։
Այստեղ ձևավորվում է վտանգավոր շղթա.
1. Արտաքին ուժը սպառնալիքի միջոցով ճնշում է պետության ղեկավարությանը։
2. Ղեկավարությունը սկսում է իր քաղաքականությունը կառուցել այդ սպառնալիքից խուսափելու շուրջ։
3. Նույն վտանգը փոխանցվում է հասարակությանը՝ որպես մշտական ազգային աղետի հավանականություն։
4. Իշխանությունն իրեն ներկայացնում է որպես այդ աղետը կանխելու միակ երաշխավոր։
5. Քաղաքական այլընտրանքները սկսում են ընկալվել որպես անվտանգության ռիսկեր։
Այսպիսով, արտաքին վախը կարող է վերածվել ներքին գաղափարախոսության։ Սա է, այսպես կոչված, «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը։ Դա չի նշանակում, որ Հայաստանի անվտանգության սպառնալիքները հորինված են։ Դրանք իրական են։ Խնդիրը դրանց քաղաքական օգտագործման և հասարակության վրա ազդեցության սահմանն է։
Պետությունը պետք է հասարակությանը պատրաստի վտանգներին դիմակայելուն, ոչ թե սովորեցնի մշտապես ապրել դրանց վախի ներքո։
Ի՞նչ պետք է լինի այլընտրանքը
Հայաստանին անհրաժեշտ է արտաքին քաղաքականություն, որը միաժամանակ հաշվի կառնի ուժերի իրական հարաբերակցությունը և կպահպանի պետական ինքնուրույնությունը։
Դրա համար անհրաժեշտ է՝
Պետության ուժը միայն բանակի կամ դիվանագիտական հնարավորությունների մեջ չէ։ Այն նաև հասարակության վստահության, պետական ինստիտուտների նկատմամբ հարգանքի և ապագայի հանդեպ հավատքի մեջ է։
Եզրակացություն. վախը չի կարող փոխարինել պետական կամքին
Ի՞նչ է տեղի ունենում, երբ պետության ղեկավարն արտաքին սպառնալիքների ազդեցության տակ սկսում է սեփական ժողովրդին նույնպես կառավարել վախի միջոցով։ Այդ ժամանակ արտաքին ճնշումը կարող է վերածվել ներքին քաղաքականության հիմնավորման, իսկ խաղաղության գաղափարը՝ իշխանության պահպանման գաղափարախոսության։
Պետք է տարբերել խաղաղությունը և վախի պայմաններում հնազանդությունը, պետական զգուշավորությունը և քաղաքական կամազրկությունը, դիվանագիտական փոխզիջումը և ռազմավարական ինքնասահմանափակումը։
Պետությունը գոյություն ունի ոչ թե իր քաղաքացիներին մշտական վտանգի մեջ պահելու, այլ նրանց անվտանգությունն ու ապագան ապահովելու համար։
Վախը կարող է ստիպել ժողովրդին լռել, բայց չի կարող պետությանը դարձնել ուժեղ։
Ստեփան Դանիելյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test