«Դեմ ենք ՀՀ քաղաքացիություն ստանալու պարագայում մեր անձնագրերում Ադրբեջան գրելուն՝ ծննդավայր դաշտում։ Հազար այլ տարբերակ կա, մենք այդ ընտրությանը դեմ ենք»,- ՀՀ կառավարության շենքի դիմաց արցախցիների բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց «Վերածնվող Արցախ» հ/կ նախագահ Անաստաս Իսրայելյանը։
Նա վրդովված ասաց՝ մենք Ադրբեջանի հողում չենք ապրել, ինչի՞ պիտի իմ ծննդավայրը գրեն Ադրբեջան։
Կոչ արեց գալ ու կանգնել իրենց կողքին ու զգուշացրեց․ «Վաղն ասելու են՝ բա որ համաձայն չեք եղել, ինչի՞ եք այդ անձնագիրը վերցրել, ինչի՞ հեղափոխություն չեք արել»։
Անաստաս Իսրայելյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունում իրենց չեն ընդունել ու մտահոգություն հայտնեց․ «Վերջին ժամանակները կառավարության կողմից ակտիվացնելով այս խնդիրը՝ արդեն օրինավոր դաշտով ժողովրդին փորձում են համոզել, որ Ադրբեջան գրելն օրինական է։ Մենք՝ որպես այդ իրավունքը կրող, եկել ենք կառավարության դեմ կանգնելու և ասելու՝ իմ տեղն ինչի՞ եք այդ որոշումը կայացնում»։
Հետո էլ պատմեց իր հետ կատարվածը․ «Ես՝ ինքս անձնագիր եմ ստացել, մեջը գրված՝ Ադրբեջան, բերել, հետ եմ տվել, ասել եմ՝ ես ձեզ փաստաթղթեր եմ տվել, որոնց մեջ Ադրբեջան բառ գրված չի եղել, ինչի՞ հիման վրա եք տվել այս անձնագիրը։ Ասացին՝ մի քանի րոպե սպասեք, և կես ժամից հետո բերեցին անձնագիր՝ մեջը Ադրբեջան գրված չէ։ Որ չեք գրում, խի՞ եք ժողովրդին կրկնապատիկ ցավ պատճառում։ Կապույտ անձնագիրն էր։ Ադրբեջանը նույն առաջարկներն արցախցիներին անում էր բլոկադայի ժամանակ՝ ծայրահեղ սոված ժամանակ, ասում էր՝ ապրեք այստեղ, կլինի անձնագրում գրված, որ Ադրբեջանի քաղաքացի եք, արցախցիները դա չէին ընդունել, որովհետև, եթե ընդունեինք, ինքներս մեզ կդավաճանեինք։ Հիմա նույն խոսույթն է գրվելու անձնագրերում, ինչը մեզ ժամանակին Ադրբեջանն է առաջարկել»։
Անաստաս Իսրայելյանը վստահեցրեց՝ Արցախի հարցը փակելով քաղաքական տարբեր շրջանակներ են շահագրգռված ու ասաց․ «Արցախի հարցը փակելով՝ միանգամից փակվելու են հանցագործության հետքերը, թալանած, լափած ֆինանսական հոսքերի հարցերը, դրա համար բոլորը շահագրգռված են, որ Արցախի հարցը փակվի։ Ինքնորոշման իրավունքը միջազգային տարբեր նորմերով՝ ՄԱԿ-ից սկսած տարբեր միջազգային հարթակներով գրված է։ Այդ իրավունքը թողեք ինձ, դուք չեք կարողացել այդ հարցին լուծում տալ, դրա համար այդ հարցն իրավունք չունի ոչ մեկը փակելու։ Գալու է ժամանակ, երբ ապացուցվելու է, որ այդ հողի, ջրի տերը մենք ենք, որովհետև Ադրբեջանը հորինված պետություն է։ Ադրբեջանն իրավունք չունի Արցախի մասին խոսելու, այն մինչ օրս մի օրինակ չի կարողացել բերել Արցախում, որ դա Ադրբեջանի պատմական հող է»։
Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այս առնչությամբ պարզաբանել էր․ «ICAO-ն ունի ստանդարտ, որով անձնագրի դաշտերի կանոնակարգը նախատեսված է և ծննդյան վայրը դաշտի մասով ունի լրացման կոնկրետ կառուցակարգեր՝ պետություն, քաղաք, բնակավայր կարող ես նշել։ Ունենք նաև ISO ստանդարտ՝ տեղանունների հաստատված ցուցակ։ Մենք ընտրել ենք երկիրը նշելու տարբերակը՝ հաշվի առնելով ICAO-ի փորձագետների հետ մեր կոնսուլտացիաները։ Եթե մենք որոշեինք, որ գնալու ենք բնակավայրը նշելու ճանապարհով, ապա ISO ստանդարտում Ղարաբաղի մեր հայրենակիցների կողմից մատնանշված տեղանունները չեք գտնի այն անվանումներով, որոնք նրանք ցանկություն ունեն տեսնելու իրենց անձնագրերում։ Մենք գնացել ենք ավելի գլոբալ ճանապարհով, դրա համար նշված է Ադրբեջանի Հանրապետություն ծննդավայր դաշտի համար։ Մեզ ասում են, որ դա կամարտահայտությամբ է։ Ամենայն հարգանքով բոլոր հայրենակիցների կողմից ներկայացված փաստարկներին՝ միջազգային ստանդարտը հստակ է․ դա ոչ թե անձի կամարտահայտությունն է, այլ պետությունների ցանկությունն է ծննդավայր դաշտն ինչպես լրացնել։ Եթե մեկն ասի, որ չի ցանկանում ծննդավայր դաշտում որևէ բան նշվի, այդպիսի բան լինել չի կարող․ մենք միջազգային ստանդարտներով ենք շարժվում»։
Այս առիթով Փաստերի ստուգման հարթակը, ստուգելով Արփինե Սարգսյանի հիմնավորումները, պարզել է հետևյալը․Հայաստանում ծննդյան վայրը պետության անվանումը պարտադիր նշելը և նախկինում քաղաքացուն վերապահված ընտրության հնարավորության վերացումը ներպետական օրենսդրական որոշման արդյունք են։ Ուսումնասիրված միջազգային ստանդարտներում նման փոփոխություն կատարելու պարտադիր պահանջ չի սահմանվում։
Արցախցիների բողոքի ցույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test