Հայկական երկաթուղու ռուսական կառավարումը Վաշինգտոնը դիտարկում է որպես TRIPP-ի իրականացման վրա ազդող գործոն։ Նախագծի ճարտարապետներից մեկի՝ Արյե Լայթսթոունի հայտարարություններից դատելով՝ ամերիկյան կողմը դիտարկում է ինչպես ռուսական կառույցների հետ համագործակցության, այնպես էլ դրանցից անկախ ենթակառուցվածքային համակարգի ձևավորման տարբերակները։ Այս մոտեցումը Երևանի համար սկզբունքային նշանակություն ունի հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների վերանայման համատեքստում։
2008 թվականին Հայաստանը երկաթուղու կառավարումը երեսուն տարով հանձնեց Ռուսաստանին։ Այդ տարիներին երկաթուղու զարգացման հեռանկարները չափազանց սահմանափակ էին՝ փակ սահմանների և տարածաշրջանային հակամարտությունների պատճառով։ Այսօր նույն ենթակառուցվածքը միջազգային առևտրային նոր երթուղիների ձևավորման շնորհիվ ձեռք է բերում աշխարհատնտեսական բացառիկ նշանակություն։ Հայաստանի առջև ծառացած է մի հիմնարար հարց՝ որքանո՞վ են շուրջ երկու տասնամյակ առաջ ստանձնած պայմանագրային պարտավորությունները համապատասխանում երկրի զարգացման այսօրվա հեռանկարներին։
Երկաթուղու կառավարումը ենթադրում է ազդեցություն բեռնափոխադրումների սակագների, ներդրումային քաղաքականության և միջազգային հաղորդակցության զարգացման վրա։ Մոսկվայի պնդումները TRIPP-ում ռուսական մասնակցության անհրաժեշտության վերաբերյալ պետք է դիտարկել նաև այդ տնտեսական շահերի համատեքստում։ Վաշինգտոնի համար, իր հերթին, առանցքային նշանակություն ունեն նոր երթուղու անխափան գործունեությունը և միջազգային փոխադրումների բազմազանեցումը։ Հայաստանի շահերի տեսանկյունից վճռորոշ են երկաթուղային համակարգի միասնականությունը, մրցունակությունը և երկրի իրավազորության լիարժեք իրացումը։
Լայթսթոունի հարցազրույցի առավել ուշագրավ դրվագը TRIPP-ի աշխարհագրական ընդլայնման հեռանկարն է։ Սյունիքի 42,5 կիլոմետրանոց հատվածը կարող է դառնալ համահայաստանյան ենթակառուցվածքային վերափոխման սկիզբը։ Նավթամուղների, գազամուղների, էլեկտրահաղորդման գծերի և թվային մալուխների ներգրավմամբ նախագիծը ձեռք է բերում բոլորովին այլ տնտեսական բովանդակություն։ Հայաստանի տարածքով կարող են անցնել միջազգային առևտրի, էներգետիկայի և թվային տնտեսության կարևորագույն հաղորդակցություններ։
Տասնիններորդ դարի վերջին Բաքու–Թիֆլիս–Բաթում երկաթուղին վերափոխեց Հարավային Կովկասի տնտեսական աշխարհագրությունը և տասնամյակների համար կանխորոշեց տարածաշրջանի զարգացման ուղղությունը։ Այսօր աշխարհում ընթացող ենթակառուցվածքային մրցակցությունն ունի համադրելի պատմական նշանակություն։ Առևտրային նոր երթուղիների շուրջ ընդունվող որոշումներն իրենց ազդեցությունն են ունենալու առաջիկա մի քանի սերունդների տնտեսական և քաղաքական կյանքի վրա։
Հայաստանի համար առանցքային խնդիր է տարանցիկ հաղորդակցությունների շուրջ տնտեսական ամբողջական համակարգի ձևավորումը՝ արդյունաբերական ձեռնարկություններով, լոգիստիկ կենտրոններով, էներգետիկ և տեխնոլոգիական նոր կարողություններով։ Տարանցումից ստացվող եկամուտները տնտեսական այդ ներուժի ընդամենը մի մասն են։
Հայկական երկաթուղու ճակատագրի շուրջ Երևանի և Մոսկվայի բանակցություններն այս իմաստով դուրս են գալիս կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության հարցի շրջանակից։ Քննարկման իրական առարկան Հայաստանի տեղն է Եվրասիայի ձևավորվող տնտեսական աշխարհագրության մեջ։ Երկրի աշխարհագրական դիրքը տասնամյակներ շարունակ եղել է նրա տնտեսական դժվարությունների աղբյուրներից մեկը։ Այժմ այն կարող է դառնալ Հայաստանի զարգացման և միջազգային դերակատարության ամրապնդման կարևորագույն ռեսուրս։ Հենց այդ հեռանկարի հաշվառմամբ էլ անհրաժեշտ է գնահատել անցյալից ժառանգած ենթակառուցվածքային պայմանագրերը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test