Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանի սահմաններից ռուսական սահմանապահների փուլային դուրսբերումը կառավարության ծրագրով ամրագրված քաղաքականություն է։ Այս հայտարարությունը նախանշում է ավելի քան երեք տասնամյակ առաջ ձևավորված անվտանգային համակարգի վերափոխման նոր փուլ։ Հատկապես ուշագրավ է գործընթացի կապը եվրոպական ինտեգրման օրակարգի հետ։ Եվրամիության հետ վիզաների ազատականացման շրջանակում իրականացվող բարեփոխումները նպաստում են Հայաստանի սահմանապահ համակարգի արդիականացմանը՝ սեփական սահմանների պահպանության ամբողջական պատասխանատվության ստանձնմանը հաղորդելով ինստիտուցիոնալ բովանդակություն։
1992 թվականին ռուսական սահմանապահների տեղակայումը նորանկախ Հայաստանի ծանր ռազմաքաղաքական դրության հետևանքն էր։ Պատերազմի, շրջափակման և սեփական բանակի կազմավորման տարիներին Հայաստանը սահմանների պահպանության մի մասը վստահեց Ռուսաստանին։ Անկախության առաջին տարիների հրամայականով ընդունված այդ որոշումը հետագայում դարձավ տարածաշրջանում ռուսական ռազմաքաղաքական ներկայության առանցքային բաղադրիչներից մեկը՝ տասնամյակներ շարունակ ազդեցություն ունենալով Հայաստանի ինքնիշխանության իրացման և արտաքին քաղաքականության վրա։
Անկախության երեքուկես տասնամյակների ընթացքում էապես փոխվել են Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունները, արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու տարածաշրջանի անվտանգային միջավայրը։ Ռուս սահմանապահների հեռացումը «Զվարթնոց» օդանավակայանից և սահմանային անցակետերում հայկական կողմի լիարժեք ներկայության ապահովումն արդեն փոխել են տասնամյակներ շարունակ գործող սահմանապահ համակարգը։ Հաջորդ փուլում Հայաստանը պետք է ստանձնի իր միջազգայնորեն ճանաչված սահմանների ամբողջ երկայնքով պահպանության պատասխանատվությունը՝ այդ գործառույթի իրականացումն ամբողջությամբ վստահելով հայկական կառույցներին։
Ռուսական սահմանապահների փուլային դուրսբերման գործընթացը համընկնում է Եվրամիության հետ վիզաների ազատականացման օրակարգով նախատեսված համակարգային բարեփոխումների հետ։ Սահմանների համալիր կառավարումը, փաստաթղթերի անվտանգությունը, միգրացիոն քաղաքականության արդիականացումը և անդրսահմանային հանցավորության դեմ պայքարը պահանջում են Հայաստանի համապատասխան կառույցների մասնագիտական ու տեխնոլոգիական կարողությունների էական զարգացում։ Եվրոպական ինտեգրման գործընթացն այսպիսով նպաստում է ինքնիշխանության գործնական ամրապնդմանը։
Արփինե Սարգսյանն ակնկալում է մինչև 2027 թվականի կեսն ավարտել վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի օրենսդրական և ռազմավարական փուլը։ Դրան կհաջորդի բարեփոխումների գործնական կիրարկման գնահատումը։ Հատկանշական է, որ սահմանների համալիր կառավարումը նախարարն առանձնացնում է որպես իր հիմնական առաջնահերթություններից մեկը։
Հարցն առավել մեծ նշանակություն է ստանում Հարավային Կովկասի տնտեսական վերափոխման համատեքստում։ Տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնումը, TRIPP-ի իրականացումը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարը նոր պահանջներ են առաջադրում Հայաստանի սահմանապահ և մաքսային համակարգերին։ Սահմանների արդյունավետ կառավարումից մեծապես կախված են միջազգային տարանցիկ ծրագրերի հաջողությունը, ներդրումային միջավայրի գրավչությունն ու Հայաստանի տնտեսական դերակատարությունը տարածաշրջանում։
Ռուսական սահմանապահների դուրսբերումը պահանջելու է զգալի ֆինանսական միջոցներ, մասնագիտական պատրաստվածություն, տեխնոլոգիական արդիականացում և անվտանգության անխափան ապահովում։ Գործընթացի ժամկետները պետք է բխեն Հայաստանի համապատասխան կառույցների իրական պատրաստվածությունից։
1992 թվականին Հայաստանի առաջնային խնդիրը նորանկախ հանրապետության գոյության ապահովումն էր։ Երեքուկես տասնամյակ անց երկրի առջև ծառացած խնդիրներից է ինքնիշխանության լիարժեք իրացման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորումը։ Սեփական սահմանների պահպանության ամբողջական պատասխանատվության ստանձնումը կեզրափակի Հայաստանի անկախության պատմության այդ երկարատև անցումային շրջանի կարևոր էջերից մեկը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test