Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Ամեն ինչ վերածվել է հայհոյանքի, տուրուդմփոցի, թշնամին էլ է արդեն ծիծաղում մեզ վրա hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Ամեն ինչ վերածվել է հայհոյանքի, տուրուդմփոցի, թշնամին էլ է արդեն ծիծաղում մեզ վրա

Հարցազրույց նկարիչ, բանաստեղծ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սեւադայի հետ

- Մեր ընթերցողին ներկայացրեք, խնդրեմ, Ձեր արվեստանոցի առօրյան, նկարում եք, նկարել եք սովորեցնում, կարծեմ` հենց այստեղ էլ ապրում եք:

- Այո, հենց այստեղ էլ ապրում եմ` արվեստանոցում: Ինձ միշտ թվացել է, որ ես արվեստանոցում եմ ծնվել, մեծացել: Արվեստանոցը տրամադրում է, որ դու անընդհատ արվեստի մեջ լինես: Նաեւ դասավանդում եմ Մանկավարժական համալսարանում՝ գեղարվեստական լուսանկարչություն, արդեն 12 տարի, եւ պրոֆեսորի կոչում ունեմ: Աշխատում եմ շատ լավ ու հետաքրքիր ուսանողների հետ, շրջում ենք ամբողջ Հայաստանով` դեռ Արցախից սկսած, լուսանկարում ենք, ցացահանդեսներ ենք բացում: Իսկ արվեստանոցում շատ աշակերտներ ունեմ, որոնց նկարել եմ սովորեցնում: Իրենց հետ շփվում եմ, մաքրագործվում եմ: Այսինքն, էն, ինչը որ իրենց տալիս եմ, վերադառնում է, իրենց մաքրությունն ու զուլալությունն էլ փոխանցվում են ինձ, եւ ավելի երջանիկ եմ զգում:

- Կպատմե՞ք Սամվել Սեւադայի նախասիրությունների մասին՝ արվեստանոցից դուրս:

- Արվեստանոցից դուրս հիմա շատ կյանք չունեմ: Բացի գեղանկարչությունից, սիրում եմ արվեստի տարբեր ոլորտներում շփումները, նկարահանվել եմ տարբեր ֆիլմերում, բանաստեղծություններ եմ գրում՝ շատ, գրքեր ունեմ՝ մի քանի, հիմա մոդա է, չէ՞, գիրք ունենալը, ես էլ ունեմ: Հետաքրքիր է այդ կյանքով ապրելը: Լավ ընկերներ ունեմ, շփվում եմ, դուրս եմ գալիս, երբեմն հանրապետությունից էլ եմ հեռանում՝ նոր բաներ տեսնելու` նոր ապրելաձեւ ու նոր արվեստ: Վերջերս Իտալիայում էի, հատկապես՝ Ֆլորենցիայում։ Գնացի, իմ սիրած նկարիչների կյանքն ուսումնասիրեցի նորից ու մոտիկից: Այցելեցի Սանդրո Բոտիչելլիի գերեզմանին: Գնացի այդ լեգենդների օրրանը եւ շատ երջանիկ եմ դրա համար:

- Իսկ ի՞նչ «թուլություններ» ունեք:

- Լավ ընկերական շրջապատ ունեմ: Երբ ուղիղ 20 տարի առաջ եկա Ամերիկայից, մի օր նստած էինք Սասուն Պասկեւիչյանի ամառանոցում, բոլորս էլ՝ արվեստագետներ, խորովածից հետո որ պիտի նարդի խաղայինք, հիշեցի` մեքենայիս մեջ պոկերի ճամպրուկ կա, բերեցի ու իրենց խաղալ սովորեցրի: Արդեն 20 տարի է այդ խումբը, որ ոչ մի հոգի չի փոխվել, եւ փակ ակումբ է, շաբաթը մեկ հավաքվում ենք: Մեծ փողեր չենք խաղում, շատ քիչ, ուղղակի պոկեր ենք խաղում: Հրաշալի խումբ է, երբ ժամանակդ անցկացնում ես իրենց հետ, կտրվում ես աշխարհից, քո բոլոր պրոբլեմները մոռանում ես, որից հետո նորից վերադառնում ես կյանք:

- Երբ Ամերիկայում էիք, ի՞նչ էիք անում, նկարո՞ւմ էիք, թե՞ անպտուղ ժամանակ էր:

- Չէ, Ամերիկայում անպտուղ ժամանակ չեմ ունեցել: Նկարչական մեծ դպրոց ունեի` 120 աշակերտ, գիշեր-ցերեկ լարված աշխատում էի, արվեստի ամսագրեր էի տպում, նկարում էի, շատ ցուցահանդեսներ եմ ունեցել, նկարներս վաճառվում էին: Ամերիկան ինձ շատ բան տվեց:

- Ինչո՞ւ գնացիք եւ ինչո՞ւ ետ եկաք:

- Գնացի աշխարհ տեսնելու, հասկանամ` ինչ է կատարվում դրսում: Դեռ սովետ էր, երբ ես գնացի, 1989 թիվն էր: Էդ ժամանակ էր, երբեք չեմ մոռանում, Գրողների միության նկուղում, որ «Նավզիկե» սրճարանն էր, գնալուց առաջ իջա, տեսնեմ` տղերքը հավաքվել են, Վանոն էլ էր նստած: Ինձ տեսավ, հեգնանքով մի ունքը հանեց դրեց ճակատին՝ իր նման, եւ ասաց` գնում ես, հա՞: Ասացի՝ հա, գնում եմ: Հետո տեսա, որ իր էդ հեգնանքին չեմ կարողանում պատասխանել, հարցրի` ի՞նչ ուղարկեմ քեզ համար: Ինքն էլ լրջին տվեց, ասաց` կարո՞ղ ես զենք ուղարկել:

- Բայց հետո եկաք եւ 1996-1998թթ. որպես Երեւանի գլխավոր նկարիչ աշխատեցիք, կարծեմ՝ Վանո Սիրադեղյանն էր Երեւանի քաղաքապետը:

- 1996թ. զանգ ստացա Ամերիկայում մեր դեսպանատնից, թե՝ պարոն Սեւադա, Ձեր անունով ֆաքս է եկել, հրավիրում են Երեւանի գլխավոր նկարիչ աշխատելու: Ես շատ ուրախացա: Արթուր Մեսչյանի անունով էլ էր եկել` քաղաքի գլխավոր ճարտարապետ աշխատելու հրավերով: Զանգեցի, գտա իրեն, ու մենք եկանք աշխատելու: Այդ երկու տարին էլ ինձ շատ բան տվեց՝ լավ իմաստով: Ես ինչ որ կարող էի քաղաքի համար, արեցի: Էլի բաներ եղան: Մենք որոշել էինք Գառզուին եւ Ժանսեմին բերել Երեւան: Ես գործուղվեցի Փարիզ, նկարահանող խումբ էլ եկավ: Եվ ես 10-15 օրվա ընթացքում մի քանի անգամ հանդիպեցի երկուսի հետ էլ: Երկուսն էլ մեծ ուրախությամբ համաձայնեցին գալ Երեւան: Որովհետեւ Վանոն ասել էր` ես երկուսին էլ տուն կտամ՝ առանձին-առանձին:

- Գային Երեւան՝ հիմնակա՞ն բնակվելու:

- Եթե ոչ հիմնական, գոնե գային՝ այստեղ նկարեին, հետո իրենց անունով թանգարան կբացեինք, առանձին տուն-թանգարաններ: Էդ ոգեւորությամբ գնացի Փարիզ, շատ մտերմացա իրենց հետ, շատ լավ ընդունեցին ինձ: Խոսեցինք, պայմանավորվեցինք, երկուսն էլ համաձայնեցին, եւ ես ուրախ-ուրախ վերադարձա Երեւան: Բայց դրանից կարճ ժամանակ անց` հայտնի ուժերի ազդեցության տակ, կառավարությունը հրաժարական տվեց: Էդ գործն էլ, բնականաբար, արդեն ոչ մեկին հետաքրքիր չէր, էդ խառը ժամանակներն էին: Հետո իրենք մահացան, երկուսն էլ գնացին, եւ էդ գործը գլուխ չեկավ: Իսկ հիմա Ժանսեմի գործերի գները սարսափելի բարձրացել են, ամենահասարակ գծանկարն անգամ 60 հազար դոլարից է սկսվում: Նրա բոլոր իրավունքները Հարավային Կորեայի կառավարությունն առել է եւ Սեուլում բացել է Ժանսեմի թանգարան:

- Ժամանակ գտնո՞ւմ եք հետաքրքրվելու հասարակական, քաղաքական կյանքով, թե ինչ իրականության մեջ ենք ապրում, ինչ է կատարվում մեր շուրջը:

- Իհարկե, ես անընդհատ էլ հետեւում եմ, թե ինչ է կատարվում, շատ ուշադիր եմ: Կատարվում է էն, ինչ որ միշտ էլ կատարվել է: Այսպես կոչված` քաղաքական ներքին պայքար: Բայց քաղաքական էլ չէ դա, ինչ-որ գոյատեւելու պայքար է: Ուղղակի էն աստիճանի են արդեն խառնվել, չգիտես՝ որ մեկի կողմը պահես, որ ճիշտ լինի: Չգիտես՝ ով է ճիշտ, ով է սխալ: Եվ էդ խառնիճաղանջի մեջ գլուխդ կորցնում ես, երբ ամեն ինչ վերածվել է հայհոյանքի, տուրուդմփոցի, թշնամին էլ է արդեն ծիծաղում մեզ վրա, որովհետեւ նրանք գիտեն, չէ՞, թե ինչ է կատարվում. տեսագրվում է, դուրս է գալիս եթեր այդ ամենը, եւ նրանք տեսնում են: Ծիծաղելի վիճակի մեջ ենք հայտնվել ազգովի: Էն աստիճանի է հասել, որ արվեստագետներն էլ են գզում իրար, անպատիվ բաներ են գրում մեկը մեկի հասցեին, որը շատ վատ է: Եվ մեկը մեկին մեղադրում է, թե դու ինչ մտավորական ես, մտավորական էր, ասենք, էնինչը: Ես չեմ հասկանում՝ էս ի՞նչ դասակարգերի են բաժանել: Հիմա, պարզվում է, բոլորն են մտավորական, ազատ է, ամեն արժող ու չարժող մտնում է Ֆեյսբուք կամ որտեղ ասես, եւ անգրագետ-անգրագետ գրում են, խոսում են՝ ինչ ուզեն: Նույնիսկ տհաճ է կարդալը: Մեզ էլ` ինձ ու քեզ էլ են կպնում, մեկ էլ տեսնում ես՝ մեկը գրում է` իրեն մտավորական է կոչում, էլ չգիտեմ թե ինչ: Այդպես հնարավոր չէ, պետք է հանգստանա մեր երկիրը: Մեր քաղաքական գործիչներից է շատ բան կախված: Իրենք, անկախ իրենցից, սրում են իրավիճակը, ժողովուրդն էլ թշնամացել է: Հանկարծ տեսնում ես, որ արտասահմանում նստած հայերն ինչ ասես գրում են, նրանք էլ իրենց կողմից են իբր հայրենասեր, ոչ բարով: Հայրենասե՞ր եք` եկեք այստեղ, գնացեք կռվեք, թե շատ եք ուզում, կամ ինչ-որ բան: Իրենց թվում է, թե մի քանի դոլար փող են ուղարկում կամ մի քիչ ինչ-որ օգնություն են ցույց տալիս, փրկեցին, իրավունք ունեն: Հիմա, կարծեմ, Հայաստանում օգնության կարիք ունեցող մարդիկ շատ չեն, ինչքան էլ որ գրում են, թե աղքատ է Հայաստանի ժողովուրդը: Ո՞նց է աղքատ, երբ նայում եմ` խանութներում ասեղ գցելու տեղ չկա: Սովետի ժամանակ, հիշում եմ, Երեւանում մի 10 հատ ռեստորան կար, հիմա հազարավոր ռեստորաններ կան եւ այն էլ ի՜նչ չափերի: Անգամ մոտենալ հնարավոր չէ, տեղուդադար չկա: Իսկ մեքենաները արդեն գիտեք, թե ինչ է կատարվում, ամբողջ հանրապետությունում ուղղակի շարժվելու տեղ չկա, էլ չեմ խոսում` մայրաքաղաքում: Էսքան շենքեր են սարքում՝ առանց հաշվարկի, չգիտես` որին ինչ ասես: Ու սրա վերջը չի երեւում: Արդեն մեզ ձայն էլ չի հասնում, որ բողոքենք, խոսենք, ո՞վ է լսում:

- Եղել եք Երեւանի գլխավոր նկարիչը, ի՞նչ կասեք այսօրվա Երեւանի արտաքին տեսքի մասին:

- Չե՞ք տեսնում, թե Երեւանում ինչ է կատարվում, ահավոր է: Երեւանն այլեւս մերը չէ, իմը չէ էս Երեւանը: Հա, կենտրոնը պուպուշ է, սարքել են, լույսեր են դրել, բայց ուրիշ մարդիկ են քայլում, օտար դեմքեր են, եւ մերը չէ այլեւս Երեւանը։ Ռեստորանները` թանկ, ամեն ինչը` թանկ, կենտրոն իջնել հնարավոր չէ, սարսափելի վիճակ է, եւ ես շատ դժգոհ եմ այդ իմաստով: Ինձ համար շատ քիչ է, որ Երեւանի կենտրոնը սիրուն է, դրանից որեւէ բան չի փոխվում: Մենք գիտեինք վարդագույն Երեւանը, սիրում էինք, աշխարհում միակ քաղաքն էր: Կարելի էր այդ վարդագույն պատերը մաքրել, բացել, եւ դառնում է հրաշք: Ինձ ասում են` ինչի՞դ է պետք էդ վարդագույն տուֆը: Քաղաքը սիրուն էր, նուրբ էր, մարդամոտ էր: Էդ բարձրահարկերը սարքել են, խեղճանում ես դրանց շուքի ներքո՝ անկախ քեզնից: Մեքենաներն էլ բորենիների նման վրադ են քշում, եւ դրա վերջը չկա:

- Խոսենք մի մեծադիր կտավի մասին, որ հիմա այստեղ` արվեստանոցում, Ձեր թիկունքում է դրված: Ի՞նչ եք նկարել:

- Էս նկարը վերջերս եմ նկարել, կոչվում է «Զանգեզուրյան զանգեր»: Էս վերջին դեպքերի հետ է կապված, թե` մեր Սյունիքը, Մեղրին, Գորիսը կամ, չգիտեմ, Թրիփփը, ճանապարհները… Դրա համար էլ ես այդտեղ զանգեր եմ նկարել, այսինքն` իմ հաշվով, զանգեր եմ հնչեցնում: Տագնապի զանգեր են:

- Դուք ապրել, ստեղծագործել եք ե՛ւ Ամերիկայում, ե՛ւ Հայաստանում: Ի՞նչ պայմաններում է ապրում արվեստագետն այսօր մեր երկրում: Ի՞նչ է նրան պետք, ինչ-որ պակաս բան ունի՞, թե՞ ամեն ինչ լավ է:

- Նկարչին լավ հայրենիք է պետք, մնացածը հեշտ է: Տագնապ կա օդում կանգնած: Արվեստագետները շատ շուտ են զգում էդ տագնապը, ժամանակից շուտ են զգում: Մենք կատվի նման ենք, երկրաշարժը դեռ չեղած` կատուները, ձկները շուտ են զգում: Էդ տագնապը մեր մեջ կա, մենք հանգիստ չենք ապրում, անընդհատ տրոփում ենք, որովհետեւ էդ ցավը, էդ դարդը մեզ էլ են պատել, բնականաբար: Անհանգստություն կա օդում: Իսկ, ընդհանրապես, նկարիչները, արվեստագետները ո՞նց են ապրում: Շատ բարդ է ապրել հիմա այստեղ, որովհետեւ աշխատավարձը շատ ցածր է, արվեստագետը չի կարող միայն նստել արվեստանոցում: Լավ-լավ նկարիչներ կան, ընտիր, որ Սարյանի արձանի մոտ նկարները դրած՝ նստած են: Արդեն մեկ-մեկ էլ իրենց խմելու են տալիս, բնականաբար, բա ի՞նչ պիտի անեն: Էդպես ապրում ենք, էլի: Բայց ամբողջ աշխարհում էլ այդ բանը կա: Փարիզում քայլում էի Սենայի ափով, նկարիչները` հարյուրավոր, էլ չեմ ասում` հազարավոր, նստած նկարում էին: Չգիտես` դրանցից ով ինչ է դառնալու, որի ապագան ինչ է լինելու: Այնպես որ, մենք էլ ապրում ենք մեր կյանքով՝ մեր սիրելի երկրում, ինչ էլ լինի` մեր երկիրն է, մենք շատ սիրում ենք, նվիրված ենք էս երկրին: Ես անձամբ աշխատում եմ երեխաների հետ, շատ երջանիկ եմ, որ վերադարձել եմ Ամերիկայից եւ ինչ սովորել եմ, ինչ գիտեմ, փոխանցում եմ հաջորդ սերունդներին:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test