Կառավարությունն այսօր հավանություն տվեց ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետիրական կառավարմանն առնչվող որոշմանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում նախատեսվում է ստորագրել ընկերության բաժնետերերի համաձայնագիրը, որից հետո այն կգրանցվի Հայաստանում և գործնականում հնարավորություն կունենա իրականացնելու նախագծի աշխատանքները։
«ԹՐԻՓՓ-ի շրջանակում գործնական աշխատանքներն արդեն սկսվել են այս շաբաթ։ Մեկնարկել են շինհրապարակի նախապատրաստական աշխատանքները»,- հայտարարել է Փաշինյանը։
ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան ենթակառուցվածքային նախագիծ է, որը ներառում է երկաթուղի, ավտոճանապարհ, նավթատար, գազատար խողովակաշարեր, հոսանքի և ինտերնետային կապի գծեր: TRIPP-ը նախատեսված է Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի տարածքով անխոչընդոտ հաղորդակցություն ապահովելու համար՝ միաժամանակ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը։
Նոյեմբերի 23-ին Հայաստանի և ԱՄՆ ղեկավարները հայտարարել էին նախագծի գործնական փուլի մեկնարկի մասին։
Սա որակելով որպես պատմական իրադարձություն Հայաստանի նորագույն պատմության մեջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ևս հայտարարեց, որ մեկնարկում են անկախությունից ի վեր Հայաստանի խոշորագույն տնտեսական ծրագրի աշխատանքները:
Նախօրեին Հայաստանի հանրային ռադիոյին տված հարցազրույցում TRIPP նախագծով զբաղվող ամերիկյան կողմի ներկայացուցիչ Արիե Լայթսթոունը հայտնել էր, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության շուրջ հայ-ամերիկյան բանակցություններն ավարտվել են նոյեմբերի 20-ին։ Նրա խոսքով՝ այժմ իրավաբաններն աշխատում են ընկերության կանոնադրության վրա, իսկ ստորագրման ժամկետը կախված է նաև արարողության օրվա համաձայնեցումից։ Լայթսթոունը նաև հայտնել էր, որ ԹՐԻՓՓ-ի սկզբնական փուլում նախատեսվում է կառուցել երկաթուղի և ավտոճանապարհ, իսկ հետագայում նախագիծը կարող է ընդլայնվել՝ ներառելով գազատարներ, նավթատարներ, էլեկտրահաղորդման գծեր և թվային մալուխներ։
Հայ-ամերիկյան համաձայնագրով ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետոմսերի 74 տոկոսը պատկանելու է Միացյալ Նահանգներին, 26 տոկոսը՝ Հայաստանին։ Ընկերությանը նախատեսվում է 49 տարով տրամադրել նախագծի ենթակառուցվածքների զարգացման իրավունք՝ ևս 50 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Երկարաձգման դեպքում Հայաստանի բաժնեմասը կավելանա՝ հասնելով 49 տոկոսի։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test