Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Կառուցելով վաղը՝ ձեռք ձեռքի. ժամանակն է վերականգնել համազգային վստահությունը 1in.am 1in.am

time
Կառուցելով վաղը՝ ձեռք ձեռքի. ժամանակն է վերականգնել համազգային վստահությունը

«Կառուցելով վաղը՝ ձեռք ձեռքի»։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա դրամահավաքի կարգախոսը հիշեցնում է մի կարևոր ճշմարտություն․ Հայաստանի ապագան կառուցելու մեր կարողությունը մեծապես կախված է միմյանց վստահելու, համախմբվելու և ընդհանուր նպատակների շուրջ աշխատելու պատրաստակամությունից։ Հայաստանը տասնամյակներ շարունակ միավորել է աշխարհասփյուռ հայությանը։ Վերջին տարիներին, ցավոք, մեր միջև հայտնվել են քաղաքական հակամարտությունները, փոխադարձ անվստահությունն ու սեփական ազգային հաստատությունները քայքայելու վտանգավոր սովորությունը։

Նոյեմբերի 26-ի դրամահավաքը լավ առիթ է վերջապես կանգ առնելու և վերագնահատելու անկախ Հայաստանի պատմության ամենահաջողված համազգային նախաձեռնություններից մեկի նշանակությունը։

1992 թվականին ստեղծված «Հայաստան» հիմնադրամն անկախության առաջին տարիների բացառիկ ձեռքբերումներից էր։ Պատերազմի, շրջափակման և տնտեսական փլուզման ծանր տարիներին հայությունը կարողացավ ձևավորել մի կառույց, որը տասնամյակներ շարունակ միավորեց տարբեր երկրներում ապրող մարդկանց ջանքերն ու միջոցները։ Կառուցվեցին ճանապարհներ, դպրոցներ, հիվանդանոցներ, ջրատարներ։ Հիմնադրամը դարձավ կազմակերպված համազգային աշխատանքի լավագույն օրինակներից մեկը։ Նրա ստեղծած ամենամեծ արժեքը փոխադարձ վստահությունն էր՝ Հայաստանի և սփյուռքի, նվիրատուի և շահառուի, տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց միջև։

Հենց այդ վստահությունն էլ վերջին տարիներին ծանր հարվածներ ստացավ։

Վերջին տարիներին «Հայաստան» հիմնադրամը հայտնվեց ներքաղաքական ամենակոշտ հակամարտությունների կենտրոնում։ Նախկին նախագահներն ու հոգևոր առաջնորդները նույնպես հեռացան համազգային այս կառույցի շուրջ տասնամյակներով ձևավորված համաձայնությունից։ Առավել ցավալի էր 2020 թվականի պատերազմից հետո ծավալված պայքարը։ Աշխարհի 73 երկրներից հանգանակված շուրջ 170 միլիոն դոլարը հայության բացառիկ համախմբման վկայությունն էր։ Պատերազմի ամենածանր օրերին հիմնադրամը ստանձնեց հսկայական մարդասիրական առաքելություն՝ համախմբելով հազարավոր մարդկանց ջանքերն ու միջոցները։ Սակայն հավաքված գումարների մի մասը կառավարությանը փոխանցելու որոշումը դարձավ քաղաքական սուր հակամարտության առարկա։ Այդ վեճի հետևանքով կասկածի տակ դրվեց նաև հիմնադրամի հանդեպ տասնամյակներով ձևավորված վստահությունը։ Պատերազմի օրերին այդքան դժվարությամբ ձեռք բերված համազգային միասնությունը խաղաղության օրերին սկսեցինք քայքայել սեփական ձեռքերով։

Հավաքված միջոցների տնօրինումը, անշուշտ, պահանջում էր մանրակրկիտ ստուգում և ամբողջական հրապարակայնություն։ Յուրաքանչյուր նվիրատու իրավունք ունի իմանալու իր փոխանցած վերջին լումայի ճակատագիրը։ Սակայն Ռոբերտ Քոչարյանի և նրա քաղաքական շրջանակների նախաձեռնած պայքարը հիմնադրամի շուրջ ծագած հարցերը վերածեց ներքաղաքական հակամարտության՝ ծանր հարված հասցնելով կառույցի հեղինակությանը։ Հետագա ուսումնասիրություններով միջոցների յուրացման հավաստի ապացույցներ չհայտնաբերվեցին, սակայն անվստահությունն արդեն խորացել էր։ Տասնամյակներով ձևավորված համազգային վստահությունը դարձավ քաղաքական պայքարի զոհ, իսկ դրա հետևանքները մինչ օրս զգում է ամբողջ հայությունը։

Առանձնապես ցավալի էր հոգևոր առաջնորդների և նախկին նախագահների՝ հիմնադրամի շուրջ տասնամյակներով ձևավորված համազգային համաձայնությունից հրաժարվելը։ Նրանց մասնակցությունը խորհրդանշում էր հայկական աշխարհի միասնականությունը՝ անկախ քաղաքական տարաձայնություններից։ Այդ համաձայնության խաթարումը ծանր հարված հասցրեց հիմնադրամի հեղինակությանը։ «Հայաստան» հիմնադրամն անկախության տարիների մեր բացառիկ ձեռքբերումներից է, ամբողջ հայության ընդհանուր ժառանգությունը։ Այն քաղաքական հակամարտություններից զերծ պահելը բոլորի, առաջին հերթին՝ ազգային ու հոգևոր առաջնորդների պարտականությունն է։

Պատմական ծանր փորձություններից հետո ազգերի վերականգնումը մեծապես կախված է իրենց ստեղծած հաստատությունները պահպանելու և համատեղ գործելու կարողությունից։ Հետպատերազմյան Եվրոպայի վերածննդի հիմքում նաև հանրային վստահության վերականգնումն էր, ամուր հաստատությունների և երկարաժամկետ համագործակցության զարգացումը։ Հայաստանի համար այս դասը հատկապես կարևոր է։ Մենք քիչ համազգային կառույցներ ունենք, որոնք կարողացել են տասնամյակներ շարունակ միավորել աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերին։ «Հայաստան» հիմնադրամը դրանցից է։ Նման հաստատության հեղինակությունը տարիներով է կառուցվում, իսկ կորցրած վստահությունը վերականգնելու համար երբեմն սերունդների ջանքեր են պահանջվում։

Այս ծանր ժամանակաշրջանում Հայկակ Արշամյանին հաջողվեց պահպանել հիմնադրամի գործունեության շարունակականությունը, մեղմել նրա շուրջ կուտակված լարվածությունը և նոր ղեկավարությանը փոխանցել կայուն կազմակերպություն։ Այդ աշխատանքն արժանի է գնահատանքի։ Այժմ հիմնադրամի առջև նոր խնդիր է՝ վերականգնել համազգային վստահությունը, համախմբել հայկական աշխարհի ներուժը և ձեռնամուխ լինել Հայաստանի ապագան փոխող խոշոր, հավակնոտ ծրագրերի։

Հայաստանին այսօր անհրաժեշտ են մեծ, համարձակ, նույնիսկ առաջին հայացքից անիրագործելի թվացող ծրագրեր։ Համաշխարհային տնտեսության ծանրության կենտրոնը տեղափոխվում է դեպի գիտություն, կրթություն և բարձր տեխնոլոգիաներ։ Երկրների տնտեսական հզորությունն ու միջազգային ազդեցությունն ավելի ու ավելի որոշվում են նրանց գիտական նվաճումներով, համալսարաններով և մարդկային ներուժով։ Հայաստանը պետք է հավակնի ունենալու համաշխարհային մակարդակի հետազոտական կենտրոններ, ժամանակակից լաբորատորիաներ, տեխնոլոգիական համալսարաններ։ Պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որը աշխարհի լավագույն հաստատություններում կրթություն ստացած հայ երիտասարդներին կբերի Հայաստան՝ գիտությամբ զբաղվելու, նոր ընկերություններ հիմնելու և սեփական երկրի զարգացմանը մասնակցելու համար։

«Հայաստան» հիմնադրամը կարող է դառնալ այդ հավակնությունների համազգային հենարանը։ Պատկերացնենք հայկական աշխարհի համատեղ միջոցներով ստեղծված միջազգային գիտահետազոտական համալիր, հազարավոր երիտասարդների կրթությունը ֆինանսավորող մշտական հիմնադրամ, Հայաստանի գիտական ու տեխնոլոգիական առաջընթացին ծառայող տասնամյակների ծրագրեր։ Դրանք կարող են արմատապես փոխել մեր տնտեսության կառուցվածքը, բարձրացնել երկրի մրցունակությունը և Հայաստանին նոր տեղ ապահովել միջազգային աշխատանքի բաժանման մեջ։

Հայկական աշխարհը դրա համար ունի անհրաժեշտ մարդկային և ֆինանսական ներուժը։ Տարբեր երկրներում հաջողության հասած գիտնականները, ձեռնարկատերերը, ինժեներներն ու համալսարանականները կարող են մասնակցել Հայաստանի զարգացման բոլորովին նոր համակարգի ձևավորմանը։ Սակայն այդ ներուժն ինքնաբերաբար չի վերածվում ազգային ուժի։ Անհրաժեշտ են վստահելի հաստատություններ, երկարաժամկետ նպատակներ և կազմակերպված աշխատանք։ «Հայաստան» հիմնադրամը կարող է ստանձնել այդ առաքելության առանցքային դերերից մեկը՝ ապահովելով թափանցիկ կառավարում, անկախ աուդիտ և նվիրատուների առաջ լիարժեք պատասխանատվություն։

Տասնամյակներ շարունակ խոսել ենք հայկական սփյուռքի հարստության, ազդեցության և բացառիկ կարողությունների մասին։ Ժամանակն է այդ ներուժը չափել Հայաստանում ստեղծված գիտական կենտրոններով, կրթված սերունդներով, նոր ձեռնարկություններով և իրական տնտեսական նվաճումներով։ Հայրենիքի հետ կապը պետք է ունենա ամենօրյա աշխատանքի ու երկարաժամկետ պատասխանատվության բովանդակություն։

Նոյեմբերի 26-ի դրամահավաքը լավ առիթ է վերականգնելու այդ գիտակցությունը։ Անձամբ ինձ համար անհասկանալի է «Հայաստան» հիմնադրամին աջակցելու հարցում ավելորդ խնայողությունը։ Յուրաքանչյուրն ունի իր հոգսերն ու միջոցները, սակայն համազգային այս կառույցի պահպանման և զարգացման գործում մասնակցությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Տասնամյակներով ստեղծված այս բացառիկ հաստատությունը պետք է փոխանցենք հաջորդ սերունդներին շատ ավելի ուժեղ, հեղինակավոր և մեծ ծրագրեր իրականացնելու կարողությամբ։

Կառուցելով վաղը՝ ձեռք-ձեռքի»։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա դրամահավաքի կարգախոսը հիշեցնում է մի կարևոր ճշմարտություն․ Հայաստանի ապագան կառուցելու մեր կարողությունը մեծապես կախված է միմյանց վստահելու, համախմբվելու և ընդհանուր նպատակների շուրջ աշխատելու պատրաստակամությունից։Այս տարվա կարգախոսը պետք է դառնա համազգային նոր համաձայնության հիմքը։ Մենք կարողացել ենք միավորվել պատերազմների ու աղետների օրերին, հավաքել հսկայական միջոցներ, օգնել հայրենիքին ամենածանր պահերին։ Հիմա ժամանակն է նույն համախմբվածությամբ ներդրումներ կատարել գիտության, կրթության, տնտեսական առաջընթացի և Հայաստանի ապագայի մեջ։

Սփյուռքի ուժի մասին բավական խոսել ենք։ Ժամանակն է այդ ուժը տեսնել Հայաստանում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test