«Փաշինյանի քաղաքականությանը հակադրվելը նշանակում է սիրել Հայաստանը, սիրել հայ ազգը եւ աշխատել հանուն ուժեղ, արժանապատիվ ու անկախ Հայաստանի»,- մեզ հետ զրույցում ասում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։
- Նիցցայի քաղաքապետը վերջերս պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց Ադրբեջանում ապօրինի պահվող մեր գերիներին։ Արդյո՞ք այս քայլն օրինակելի կդառնա սփյուռքի մեր մյուս համայնքների համար եւս։
- Ադրբեջանում պահվող հայ պատանդների ազատ արձակման հարցն առաջնահերթ նշանակություն ունի։ Այն պետք է կենտրոնական տեղ զբաղեցնի մեր գործողություններում։ Մենք արդեն համատեղ նախաձեռնություն էինք իրականացրել Փարիզի քաղաքապետարանի հետ, որը մեծ ջանքեր է գործադրել հանուն պատանդների եւ Արցախի։ Ողջունում ենք նաեւ Նիցցայի քաղաքապետարանի մոբիլիզացումը, որը պատրաստակամորեն միացավ պատանդների ազատ արձակման կոչին։ Հիշեցնենք նաեւ, որ նախագահական ընտրությունների բազմաթիվ թեկնածուներ, խոշոր քաղաքների քաղաքապետեր եւ մարզերի ղեկավարներ համատեղ ստորագրել են Le Figaro-ում հրապարակված՝ պատանդների ազատ արձակմանն ուղղված հոդվածը։ Մենք կշարունակենք մեր ջանքերը սփյուռքում, սակայն քանի դեռ Հայաստանի կառավարությունն այս հարցը չի դնում Ադրբեջանի հետ բանակցությունների օրակարգի կենտրոնում, առաջընթաց չենք ունենա։
- Ֆրանսիայի հայ համայնքում ինչպե՞ս են վերաբերվում ՔՊ-ականների կողմից Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին արվող վիրավորական հայտարարություններին։
- Հայ եկեղեցին հայ ազգի կարեւորագույն հիմնասյուներից է։ Այն դարեր շարունակ դիմակայել է բոլոր փոթորիկներին եւ մեծ դեր է ունեցել ամբողջ աշխարհում հայ ինքնության պահպանման գործում։ Եկեղեցին եղել է համախմբման կենտրոն եւ պատմության ընթացքում միավորող դեր է խաղացել։ Ես հասկանում եմ, որ կառույցի եւ նրա առաջնորդի դեմ հարձակվելով՝ վարչապետը ցանկանում է թուլացնել հայկական պետականության այս կարեւոր հենասյունը։ Մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Եկեղեցի՝ իր ենթակայության տակ, սփյուռք՝ իր ենթակայության տակ, նոր ընդդիմություն՝ նույնպես իր ենթակայության տակ։ Նա ցանկանում է նաեւ իր ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցներ։ Սարսափելի է, որ անհանդուրժողականությունը կարող է հասնել այսպիսի աստիճանի՝ նպաստելով ավտորիտար ռեժիմի ձեւավորմանն ու ամրապնդմանը։
- ՀՀ գործող իշխանությունների վարած քաղաքականությանը ֆրանսահայությունն ինչպե՞ս է վերաբերվում՝ սատարո՞ւմ է, թե՞ ոչ։
- Ինչպե՞ս եք ուզում, որ սփյուռքի մեծ մասը սատարի Նիկոլ Փաշինյանին, երբ նա Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության իրողությունը։ Ինչպե՞ս եք ուզում, որ նրան սատարեն, երբ նա հայտարարում է, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի կառավարության օրակարգում բնավ չկա։ Ինչպե՞ս սատարել նրան, երբ նա պնդում է, թե Արցախը միշտ եղել է Ադրբեջանի տարածք, կամ երբ հետ է կանչում Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններ ներկայացված հայցերը։ Ինչպե՞ս սատարել նրան, երբ նա հրաժարվում է հայ գերիների ազատ արձակման հարցը Բաքվի հետ բանակցությունների կենտրոնում դնելուց։ Ինչպե՞ս սատարել նրան, երբ ժողովրդավարական պետության նախագիծը վերածում է ավտորիտար պետության։ Ինչպե՞ս սատարել նրան, երբ առնվազն վեց տարի շարունակ բազմաթիվ նախաձեռնություններով պառակտում է սփյուռքը եւ փորձում ստեղծել իր ենթակայության տակ գտնվող նոր կազմակերպություններ։ Ինչպե՞ս սատարել նրան, երբ որոշում է Արցախի հայերի անձնագրերում նշել, որ նրանք ծնվել են Ադրբեջանում։ Տարիներ շարունակ ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանին իշխանության են բերել հայ ազգը թուլացնելու համար։ Հենց դա էլ նա փորձում է անել։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը հակադրվելը նշանակում է սիրել Հայաստանը, սիրել հայ ազգը եւ աշխատել հանուն ուժեղ, արժանապատիվ ու անկախ Հայաստանի։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test