Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարը նոյեմբերի 25-ին Նյու Դելիում միջազգային լրագրողների հետ հանդիպմանը մի շարք ուշագրավ հայտարարություններով է հանդես եկել Հայաստանի հետ պաշտպանական համագործակցության, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման և ժամանակակից պատերազմների բնույթի փոփոխության վերաբերյալ։ Հնդկաստանի արտգործնախարարի խոսքում Հայաստանի հետ ռազմական գործընկերությունն ու տարածաշրջանային խաղաղության օրակարգը ներկայացված են փոխկապակցված քաղաքական համատեքստում։ Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության էական փոփոխություններից հետո այս մոտեցումն առանձնահատուկ նշանակություն ունի։ Այն հիմք է տալիս հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը դիտարկել նաև տարածաշրջանային կայունության և Հայաստանի միջազգային դերակատարության ամրապնդման տեսանկյունից։
Հայաստանի համար հատկապես ուսանելի է Հնդկաստանի արտաքին քաղաքականության փիլիսոփայությունը։ Ջայշանկարը, թվարկելով իր երկրի զինանոցում առկա ռուսական, ամերիկյան, ֆրանսիական, իսրայելական և բրիտանական սպառազինությունը, ըստ էության, ներկայացրել է Հնդկաստանի ռազմավարական ինքնուրույնության բանաձևը։ Տարբեր ուժային կենտրոնների հետ հարաբերությունները Նյու Դելիին արտաքին քաղաքական ազատության լայն տարածություն են ապահովում։
Դեռևս Ջավահարլալ Ներուի օրոք Հնդկաստանն արտաքին քաղաքականության հիմքում դրեց ռազմավարական ինքնուրույնության սկզբունքը։ Հետագա տասնամյակներին տնտեսական, ռազմական և տեխնոլոգիական վերելքն այդ սկզբունքին հաղորդեց իրական ուժ։ Այսօր Նյու Դելին խորացնում է հարաբերությունները Վաշինգտոնի հետ, պահպանում ռազմավարական կապերը Մոսկվայի հետ և ընդլայնում գործընկերությունը Եվրոպայի հետ։ Հնդկական դիվանագիտության հաջողության հիմքում սեփական ազգային շահերի գիտակցումն ու աշխարհաքաղաքական մրցակցությունը երկրի զարգացմանը ծառայեցնելու կարողությունն են։
Հայաստանը տասնամյակներ շարունակ իր անվտանգության համակարգը կառուցել է ռուսական ռազմաքաղաքական կենտրոնի շուրջ։ Այդ համակարգի ազդեցությամբ են ձևավորվել հայկական բանակի սպառազինության կառուցվածքը, ռազմական կրթությունը, սպայական մշակույթն ու ռազմավարական մտածողությունը։ 2020 թվականի պատերազմը բացահայտեց այդ մոդելի խորքային արատները՝ ռազմական տեխնոլոգիաների զարգացման համաշխարհային ընթացքից հետ մնալը և անվտանգության համակարգի անբավարար հարմարվողականությունը փոփոխվող աշխարհաքաղաքական իրողություններին։ Հայաստանի պաշտպանական համակարգի վերափոխումը ենթադրում է նաև ռազմական և դիվանագիտական մտածողության արմատական արդիականացում։
Հատկանշական է, որ Ջայշանկարը Ղարաբաղյան պատերազմը դիտարկում է ժամանակակից պատերազմների բնույթի փոփոխության կարևոր հանգրվաններից մեկը։ Հայաստանի համար ողբերգական հետևանքներ ունեցած պատերազմը միջազգային ռազմական մտքի համար դարձավ տեխնոլոգիական գերազանցության նշանակության ուսումնասիրության առարկա։ Այդ պատերազմի դասերի յուրացումը Հայաստանի համար ռազմավարական անհրաժեշտություն է։ Սպառազինության մատակարարների շրջանակի ընդլայնմանը զուգահեռ առանցքային նշանակություն են ստանում սեփական ռազմական գիտության զարգացումը, ինժեներական ներուժի իրացումն ու ժամանակակից պաշտպանական արդյունաբերության ձևավորումը։
Հայ-հնդկական հարաբերությունների աշխարհաքաղաքական նշանակությունը դուրս է գալիս ռազմական համագործակցության շրջանակից։ Թուրքիա–Ադրբեջան–Պակիստան ռազմաքաղաքական համագործակցության խորացումը և Հնդկական օվկիանոսը Եվրոպային կապող նոր առևտրային ուղիների ձևավորումը մեծացնում են Հարավային Կովկասի նշանակությունը Նյու Դելիի ռազմավարական հաշվարկներում։ Իրանի միջոցով Հնդկաստանի հետ հաղորդակցությունների զարգացումը Հայաստանին միջազգային տարանցիկ և տնտեսական համակարգերում նոր դեր ստանձնելու հեռանկար է ընձեռում։
Հնդկական քաղաքականության կարևոր առանձնահատկությունը միջազգային գործընկերությունները սեփական ազգային կարողությունների զարգացմանը ծառայեցնելն է։ Հայաստանի համար ևս սպառազինության ձեռքբերումը կարող է դառնալ ավելի ընդգրկուն համագործակցության հիմք՝ ներառելով պաշտպանական արդյունաբերությունը, ինժեներական կրթությունը, գիտական հետազոտություններն ու տեխնոլոգիաների փոխանցումը։ Այդպիսի գործընկերությունը երկարաժամկետ ազդեցություն կունենա նաև Հայաստանի տնտեսության կառուցվածքի և մրցունակության վրա։
Փոքր երկրների ինքնիշխանության ամրությունը մեծապես պայմանավորված է արտաքին քաղաքական ընտրության ազատությամբ և սեփական կարողություններով։ Գործընկերների բազմազանությունը մեծացնում է երկրի բանակցային կշիռը, իսկ սեփական տնտեսական ու տեխնոլոգիական ներուժը՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու ազատությունը։ Հնդկաստանի զարգացման պատմության մեջ այս երկու սկզբունքները փոխլրացրել են միմյանց։ Հայաստանի համար հենց այստեղ է հնդկական դասի խորքային նշանակությունը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test