Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի հրապարակումը նոր քաղաքական բովանդակություն է հաղորդել Բաքվի՝ տարիներ շարունակ առաջադրած պահանջին։ Սահմանադրական փոփոխությունները խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման դարձրած Ադրբեջանի իշխանությունների նույնիսկ դրական արձագանքն այսօր կարող է Հայաստանում խորացնել անվստահությունը սահմանադրական գործընթացի նկատմամբ և լրացուցիչ սնունդ տալ «ալիևյան սահմանադրության» մասին քարոզչությանը։
Բաքվից հնչող գնահատականները քաղաքական նշանակություն ունեն նաև Հայաստանի ներքին կյանքում։ Դիվանագիտության պատմությանը հայտնի է հակառակորդի նախաձեռնությանը հրապարակային հավանություն տալով՝ նրա հասարակության մեջ անվստահություն սերմանելու մարտավարությունը։ Դժվար է առայժմ դատել Բաքվի արձագանքների համակարգված բնույթի մասին, սակայն դրանց քաղաքական հետևանքն ակնառու է՝ Հայաստանի ինքնիշխան որոշման նկատմամբ կասկածների խորացում։
Հայաստանի սահմանադրական գործընթացն արդեն ձեռք է բերել արտաքին քաղաքական նշանակություն։ Ներքին համերաշխությունը, հանրային վստահությունն ու քաղաքական կայունությունը երկրի միջազգային դիրքերի ամրության կարևոր գործոններ են։ Սահմանադրության շուրջ հասարակական պառակտման խորացումը կարող է թուլացնել Հայաստանի բանակցային դիրքերը և նեղացնել արտաքին քաղաքական մանևրի դաշտը։
Հայաստանը մտնում է քաղաքականապես զգայուն ժամանակաշրջան, որը մեծ պատասխանատվություն է պահանջում առաջին հերթին սահմանադրական փոփոխությունների պաշտպաններից։ Նախագծի հրապարակմանը հաջորդած էյֆորիան, հապճեպ գնահատականներն ու ընդդիմախոսների մտահոգությունների անտեսումը կարող են լրջորեն վնասել քննարկման բովանդակությանը։ Հասարակության զգայունությունը պատմական հիշողության, Անկախության հռչակագրի, ազգային ինքնության և անվտանգության հարցերում ունի խորքային պատճառներ։ Դրանց անհրաժեշտ է արձագանքել իրավական հիմնավորումներով, պատմական փաստարկներով և քաղաքական նրբանկատությամբ։
Ֆրանսիայի Հինգերորդ Հանրապետության սահմանադրական պատմությունը ցույց է տալիս, որ նույնիսկ խոր ճգնաժամից ծնված քաղաքական վերափոխումների կենսունակությունը մեծապես որոշվում է հասարակական վստահությամբ։ Սահմանադրությունը պետք է կարողանա համախմբել տարբեր քաղաքական հայացքներ ունեցող քաղաքացիներին՝ ամրագրելով համատեղ ապագայի հիմնարար սկզբունքները։
Հայաստանի սահմանադրական բանավեճի առանցքում երկրի ժողովրդավարական կառավարման, արդարադատության, իշխանության ճյուղերի հավասարակշռության և ինքնիշխանության ամրապնդման հարցերն են։ Առարկայական քննարկման կարիք ունի նաև սահմանադրական փոփոխությունների առնչությունը խաղաղության գործընթացին։
Առաջիկա ամիսներին քաղաքական պատասխանատվությունը չափվելու է հանրային մտահոգություններին հիմնավոր պատասխաններ տալու կարողությամբ։ Անզգույշ ձևակերպումները, պատմական հիշողության նկատմամբ անբավարար նրբանկատությունն ու չփարատված կասկածները պարարտ հող են ստեղծում ներքին պառակտման և արտաքին միջամտության համար։
Նոր Սահմանադրության կենսունակությունը մեծապես կախված է հասարակության վստահությունից։ Սահմանադրական գործընթացի ինքնիշխանության կարևորագույն գրավականը քաղաքացիների գիտակցված մասնակցությունն ու իրենց երկրի ապագայի նկատմամբ պատասխանատվության զգացումն է։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test