Հայաստանի ընդդիմության ու հասարակության զգալի մասի կողմից «ալիևյան սահմանադրություն» որակված նոր Սահմանադրության նախագիծն ադրբեջանական է ոչ միայն ու ոչ այնքան՝ դրանում Անկախության հռչակագրի բացակայության պատճառով:
Իրականում Ալիևին Անկախության հռչակագրի հիշատակումը քիչ է հետաքրքրում: Ադրբեջանի համար կենսականորեն կարևոր է «խաղաղություն՝ Սահմանադրության դիմաց» գործարքի անվան տակ Հայաստանի վերջնական կապիտուլյացիայի անշրջելիությունը, քանի որ ցանկացած նոր իշխանություն հեշտորեն կարող է փոխել Սահմանադրությունը՝ վերադարձնելով Անկախության հռչակագիրը: Իսկ անշրջելիությունը կարող է ապահովվել միայն Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանության հարաբերական հավերժացմամբ:
Հենց այդ խնդիրն է լուծում նոր Սահմանադրությունը, որն արդեն իսկ ավտորիտար դարձած Նիկոլ Փաշինյանին օժտելու է գործնականում անսահմանափակ իշխանությամբ՝ սկսած խամաճիկային դատարաններից, մինչև ամբողջությամբ վերահսկելի իրավապահ համակարգ ու զինված ուժեր, քաղաքացիության զրկումից/շնորհումից մինչև սեփականության իրավունքի կամայական տնօրինում:
Ավտորիտար իշխանություններն, իհարկե, որևէ փաստաթղթով կամ սահմանադրությամբ չեն ստանում այդ բնույթը: Հայաստանի գործող՝ իրականում ժողովրդավարական երկրին հատուկ սահմանադրությամբ է Նիկոլ Փաշինյանը ստեղծել իր միահեծան իշխանական համակարգը: Պարզապես նոր Սահմանադրությամբ նրա դե ֆակտո ավտորիտարիզմն ամրագրվելու է նաև դե յուրե: Այս հարցում Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի շահերը համընկնում են հարյուր տոկոսով:
Ալիևին անհրաժեշտ է, որպեսզի Փաշինյանը որքան հնարավոր է երկար ժամանակով սոսնձվի իշխանությանը՝ Հայաստանի պետական համակարգի ու հանրային կառույցի ապամոնտաժումն անշրջելի դարձնելու համար, Փաշինյանին էլ պետք է նույն նպատակը սեփական իշխանության երկարաձգումը՝ մինչև այս պահին իր համար անտեսանելի ապագա:
Այս պատմության մեջ Անկախության հռչակագիրը սոսկ այն խայծն է, որով քողարկվում է գործընթացի ողջ իմաստը: Հայաստանի ո՛չ կործանումը, ո՛չ փրկությունը կախված չէ որևէ սահմանադրությունից: Դա ուղղակիորեն պայմանավորված է գործող իշխանության որակով ու պետական շահերը պաշտպանելու/ոտնահարելու կարողությամբ: Ազգային/պետական շահերը կարելի է պաշտպանել անգամ ամենաանորակ սահմանադրությամբ և հակառակը՝ դրանք կարելի է մատաղ անել թշնամիներին՝ քիչ թե շատ նորմալ սահմանադրության պայմաններում, ինչպես արդեն ութ տարի վարվում է Նիկոլ Փաշինյանը:
Այս արձանագրումը կարևոր է առաջիկա քաղաքական գործընթացի համար այն պատճառով, որպեսզի հանրությանը չներկայացվի, թե նոր Սահմանադրությունը Հայաստանի կործանումն է, իսկ դրա ընդունման խափանումը՝ փրկությունը: Հայաստանի կործանման երաշխավորված պատճառը Փաշինյանի իշխանության շարունակությունն է, որը կենսականորեն վտանգավոր է, անգամ, եթե վաղը չեղարկվի նոր Սահմանադրության ընդունումը:
Սահմանադրության հանրաքվեի անվան տակ Հայաստանում ընթանում է իշխանության պայքար: Եվ խնդիրը ոչ թե ալիևյան սահմանադրության մերժումն է, այլ բովանդակորեն ալիևյան իշխանության հեռացումը: Այլապես, ալիևյան իշխանությունը ոչ թե Սահմանադրությունից է հեռացնելու Անկախության հռչակագիրը, այլ աշխարհի քաղաքական քարտեզից դուրս է դնելու այն, ինչը ստեղծվել է այդ հռչակագրի ընդունմամբ:
Հարություն Ավետիսյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test