ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Քաղաքացիությունից զրկելը, որը նախատեսած է ՀՀ նոր Սահմանադրության
նախագծով, կարող է գործիք դառնալ Հայաստանի իշխանությունների ձեռքում՝ քաղաքական ընդդիմախոսների հետ պայքարելու համար։ Sputnik-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Նոյեմբերի 23-ին հրապարակված ՀՀ նոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ քաղաքացիությունից զրկելու ներկայիս բացարձակ արգելքը վերացվում է։ Մասնավորապես՝ Հայաստանի քաղաքացիությունից զրկելը հնարավոր կլինի սահմանադրական կարգի հիմքերի կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար։
Sputnik-ի զրուցակիցը չի բացառում, որ ձերբակալությունների ու կալանավորումների, ինչպես նաև ընդդիմադիրների տներում պարբերաբար իրականացվող խուզարկությունների համեմատ Հայաստանի իշխանությունները քաղաքացիությունից զրկելը կներկայացնեն որպես «մարդասիրական» միջոց։
«Սա գործիք է, որը թույլ է տալիս ընդդիմախոսների հետ հարցերը լուծել հենց այս կերպ։ Իհարկե, սա կարելի կլինի նույնիսկ հիմնավորել «մարդասիրական» նկատառումներով՝ ասելով. «Լսե՛ք, բանտ չենք նստեցրել, չէ՞, ուրախացե՛ք»»,— ասում է քաղաքագետը։
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանն այս առումով բացառություն չէ։ Նմանատիպ փորձեր արվում են մի շարք հետխորհրդային երկրներում՝ Մոլդովայում, Վրաստանում, Ուկրաինայում։ Բանն այն է, որ այդ երկրները, ըստ Մարկեդոնովի, իրենց հայացքներով բազմաշերտ են։
«Օրինակ՝ հայ ժողովրդի մի մասը համարում է, որ Լեռնային Ղարաբաղն ավելորդ բեռ էր, իսկ մյուս մասի համար ԼՂ-ի կորուստը ծանր հարված դարձավ»,— նշում է նա։
Համապատասխանաբար, Հայաստանի իշխանություններն ընտրում են երկու ճանապարհներից մեկը.
«Սրան գումարենք նաև այն, որ Մայր օրենքը, հավանաբար, պետք է հանրաքվեի դնել։ Իսկ եթե հանրաքվեն կայանա, և Փաշինյանը չհաղթի՞։ Սա մեծ հարց է։ Չէ՞ որ նա արդեն ունի ճնշումների մթնոլորտում նախընտրական քարոզարշավներ անցկացնելու փորձ։ Հիշենք, թե ինչ եղավ Գյումրու քաղաքապետի հետ, ինչպես անցկացվեցին ընտրությունները Էջմիածնում, ինչպես էին միավորվում, վերաձևվում ընտրատարածքները և այլն։ Նայեք Հայաստանի ՆԳՆ վիճակագրությունը, թե հունիսի 7-ի քվեարկության օրը քանի բերման ենթարկված և կալանավորված կար։ Համաձայնեք՝ երբ տեսնում ես այս ամենը, ցույցերի դուրս գալու ցանկությունն ինչ-որ կերպ կորչում է։ Հակառակ դեպքում կարելի է փորձանք բերել սեփական գլխին»,— նկատում է փորձագետը։
Մինչդեռ, ըստ Մարկեդոնովի, նոր Սահմանադրության նախագծով Հայաստանի իշխանություններն ինքնիշխանության մասին խոսակցությունների քողի տակ հասկացնել են տալիս, որ իրենց սփյուռք պետք չէ։
«Մի այսպիսի սև հումոր կար, թե հայկական սփյուռքը
one question diaspora է՝ մեկ հարցի սփյուռք։ Իսկ հիմա ստացվում է, որ այդ նույն հայկական սփյուռքը, որը շատ ժամանակ էր ծախսում Ցեղասպանության ճանաչման հարցերի վրա, մեծ հաշվով պետք չէ Հայաստանի իշխող կուսակցությանը»,— ասում է միջազգայնագետը։
Միևնույն ժամանակ նա նշում է, որ հայությունը դարեր շարունակ գոյատևել է որպես սփյուռքահայ էթնոս, և այժմ կասկածի տակ է դրվում ոչ միայն այս գործոնը, այլև հայկական ավանդույթներն առհասարակ։
«Այսինքն՝ մի կողմից սա ներկայացվում է որպես ինքնիշխանացում, իսկ մյուս կողմից հստակ ասվում է. «Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Բոստոնում, Թեհրանում, Փարիզում ու Լիոնում ապրող ժողովուրդ, ձեր կարծիքը մեզ առանձնապես հետաքրքիր չէ։ Ինքներս գլուխ կհանենք»»,— կարծում է նա։
Ռուսաստանցի քաղաքագետի կարծիքով՝ ներքին հարթակում սահմանադրական բարեփոխումը սթրես-թեստ է՝ Հայաստանի բնակիչներին սփյուռքահայերից կտրելու, իշխանության քաղաքական ընդդիմախոսներին քաղաքացիությունից զրկելու, ինչպես նաև մի շարք այլ հարցերի համատեքստում (պետական խորհրդանիշների «սրբագրում» և այլն)։
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական և տնտեսական հարցերին, որոնք Հայաստանը կանգնեցնում են նոր մարտահրավերների առաջ, ապա այստեղ խոսքը հիմնականում Ռուսաստանի և թուրք-ադրբեջանական տանդեմի հետ հարաբերությունների մասին է։
«Փաստացի Նիկոլ Փաշինյանի իշխանության ներքո Հայաստանն արտաքին քաղաքականության սթրես-թեստ է ապրում, արտաքին տնտեսական սթրես-թեստ, ինչպես նաև սահմանադրական և ներքին քաղաքական։ Նույնիսկ դրանցից մեկը, ներողություն կրկնաբանության համար, մեծ սթրես է ստեղծում, ուր մնաց՝ բոլորը միասին»,— մտորում է փորձագետը։
Մեկնաբանելով պետական խորհրդանիշների հարցը՝ նա փաստում է, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում (հոդված 16) հեռացվել է դրոշի և զինանշանի մանրամասն նկարագրությունը (այդ թվում՝ Արարատ լեռան և Նոյյան տապանի հիշատակումը), իսկ դրանց, ինչպես և օրհներգի երաժշտության սահմանման կարգը փոխանցվել է հանրաքվեով ընդունվող օրենքին։
Այսինքն՝ ստացվում է, որ իշխանությունները «հետոյի» են թողել սուր թեման, որն անմիջականորեն կապված է ազգային ինքնության և երկրի արտաքին քաղաքականության ուղու հետ։
Նա սա համարում է վարչապետ Փաշինյանի քաղաքական ոճին բնորոշ գիծ, որը երբեմն փորձում է տրոհել որոշ «սյուժեներ». «Եթե հիմա չի ստացվում, ապա եկեք անենք դա հաջորդ անգամ», «Փորձենք հանրաքվե անցկացնել, իսկ հետո գուցե ինչ-որ բան փոխենք և հանրաքվե չանցկացնենք, իսկ եթե անցկացնենք, մինչ այդ ինչ-որ մեկին կզրկենք քաղաքացիությունից»։
Մարկեդոնովը նշում է, որ սա տիպիկ «սալյամիի մարտավարություն» է, երբ մեծ նպատակին հասնում են մի շարք փոքր, առաջին հայացքից աննշան քայլերի միջոցով։
Մարկեդոնովը տարակուսում է` ինչպե՞ս կարող է «Իրական Հայաստանը» գոյություն ունենալ պատմական իրողություններից անջատ, ինչպե՞ս «չեղարկել» նրա կապը ռուս զորահրամանատար, պետական գործիչ, գեներալ-ֆելդմարշալ Իվան Պասկևիչի, խորհրդայնացման շրջանի, համամիութենական մասշտաբի հայ գործիչների (Անաստաս Միկոյանից մինչև Կարեն Դեմիրճյան) հետ։
«Եթե նայենք այս դրաֆթին, թվում է, թե Ռուսաստանի հասցեին որևէ կոնկրետ հարձակում չկա։ Բայց ստացվում է, որ եթե չկա պատմական Հայաստան, բայց կա «իրական Հայաստան», այս ամենը, բոլոր այս անունները փակագծերից դուրս են մնում»,— ասում է նա։
Անդրադառնալով ռուս-հայկական հարաբերություններում առկա խնդիրներին՝ Մարկեդոնովը վստահություն է հայտնում, որ հուզական մակարդակում, զուտ մարդկային առումով Ռուսաստանը կարող է հասկանալ հայերի բազմաթիվ դժգոհությունները։ Ընդ որում՝ դա հասկանում են մարդիկ, որոնք Հայաստանում հանդես են գալիս Ռուսաստանի հետ կապերը պահպանելու օգտին։ Սակայն երբ խոսքը կառուցողական մոտեցման մասին է, հնչում են «հարաբերությունների վերափոխման» մասին նարատիվներ, որոնք, չգիտես ինչու, մեկնաբանվում են բոլոր կապերի խզման և նոր կապերի կառուցման համատեքստում։ Մարկեդոնովը կարծում է, որ հենց այսպիսի միտում է նկատվում Հայաստանի կառավարության 2026–2031 թվականների ծրագրում, որը հիմնված է «Իրական Հայաստան» գաղափարախոսության վրա։
Միևնույն ժամանակ նա հավելում է, որ նման վերափոխումն իրատեսական է միայն այն դեպքում, երբ կան անվտանգության այլընտրանքային համակարգեր և տնտեսական զարգացման մեխանիզմներ։
«Այսօր մենք արձանագրում ենք, որ թեև Մոսկվայի և Երևանի առևտրատնտեսական հարաբերություններն անկում են ապրում, միևնույն է, ՌԴ-ն մնում է կարևոր խաղացող։ ՌԴ-ից հեռանալն արդյունավետ չէ, քանի որ կարող են բարդություններ առաջանալ։ Խաղաղություն դեռ չկա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռու է, հասկանո՞ւմ եք։ Բայց ստեղծվել է փոխադարձ անվստահության այնպիսի մթնոլորտ, որ Մոսկվան հարյուր անգամ կմտածի՝ արդյո՞ք ջանքերն արդարացված են։ Եվ Հայաստանը հայտնվում է երկու ափերի միջև. մեկից պոկվել է, մյուսին դեռ չի հասել։ Այս փոթորկոտ ծովում Հայաստանը մնում է միայնակ։ Ինձ թվում է՝ սա ամենալավ տարբերակը չէ»,— պնդում է քաղաքագետը։
Մարկեդոնովի տեսանկյունից՝ դաշնակիցների միջև միշտ կարող են տարաձայնություններ ու նույնիսկ լարվածություն առաջանալ, և Հայաստանն ու Ռուսաստանը առաջինը չեն, որ բացահայտել են այս պարզ ճշմարտությունը. աշխարհի շատ երկրներ են իրենց հարաբերություններում ճգնաժամերի միջով անցել։
Գլխավորը սեղանի շուրջ նստելն ու նպատակը հստակեցնելն է՝ կապո՞ւմ ենք կտրված թելերը, թե՞, հակառակը, գնում ենք հարաբերությունների խզման։
Ռուսաստանցի քաղաքագետի գնահատմամբ՝ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրված «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը» որևէ կոնկրետ բան չի պարունակում Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում կուտակված ամենասուր խնդիրների լուծման վերաբերյալ։ Դրա պատճառով ստեղծվել է մի իրավիճակ, երբ 2022 թվականից բանակցություններ են ընթանում սահմանների բացման շուրջ, բայց «սայլը տեղից չի շարժվել»։
«Նախաստորագրված փաստաթուղթը 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտի մոտավոր վերապատմումն է (որին, ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հետ միասին, կողմերը հենվում են նախաբանում — խմբ.)։ Այնպես, ինչպես, ենթադրենք, մենք ձեզ հետ հանձնարարություն ստանայինք շարադրություն գրել տեքստին մոտ բովանդակությամբ։ Գրեցինք։ Իսկ կոնկրետությունն այն ձորերն են, որոնցով պետք է անցնենք։ Թղթի վրա ամեն բան հարթ է, խոչընդոտներ այնտեղ չկան։ Եվ ինչպե՞ս են դրանք շարադրելու։ Մեծ հարց է»,— մեկնաբանում է Մարկեդոնովը։
Նա մատնանշում է ադրբեջանական գործոնի ազդեցությունը ոչ միայն Անկարա–Բաքու հարաբերություններում, այլև ներթուրքական գործընթացներում։ Այնպես որ, չի կարելի ակնկալել, թե Թուրքիան կասի. «Տղե՛րք, մենք կբացենք սահմանը նախքան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության փաստաթուղթ ստորագրվելը»։
Քաղաքագետը հիշեցնում է, որ Թուրքիայում ապրում են ադրբեջանական ծագում ունեցող մարդիկ, ինչպես նաև նրանք, ովքեր այս կամ այն կերպ կապված են Ադրբեջանի հետ։ Եվ պատահական չէ, որ երեք տարի առաջ կայացած ընտրությունները ցույց տվեցին ադրբեջանական ձայների զգալի ազդեցությունը։ 2023 թվականի մայիսին ծագումով ադրբեջանցի, ծնունդով իգդիրցի Սինան Օղանը դարձավ Թուրքիայի նախագահական ընտրությունների առանցքային դեմքը։ Նա զբաղեցրեց երրորդ տեղը՝ հավաքելով ձայների մոտ 5,2%-ը (ավելի քան 2,8 մլն ընտրող) և կոչ արեց իր համախոհներին երկրորդ փուլում քվեարկել Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին։
«Թուրքիայի համար սա միայն աշխարհաքաղաքական հարց չէ։ Մեծ քաղաքականությամբ տարվելով՝ մենք հաճախ անտեսում ենք ներքաղաքական նրբությունները, ինչը սխալ է։ Ուստի Թուրքիան կանի այն, ինչ իրեն է ձեռնտու, ինչը համապատասխանում է իր շահերին, իսկ նրա շահը Ադրբեջանի հետ ռազմավարական կապի պահպանումն է։ Եվ այդ բլոկը զուտ հայ-թուրքական կարգավորումից առանձնացնելու փորձը չի ստացվում։ Անգամ լավագույն տարիներին, երբ «ֆուտբոլային դիվանագիտություն» կար, չէր ստացվում։ Իսկ ինչո՞ւ հիմա պետք է ստացվի»,— եզրափակել է Մարկեդոնովը։
Ավելի վաղ Սերգեյ Մարկեդոնովը կարծիք էր հայտնել, որ Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ սառնասրտություն և համակարգված մոտեցում է պահանջում։