Իմ մասնագիտական գնահատականը հստակ է՝ այս Սահմանադրությունն իր քաղաքական ծագումնաբանությամբ ալիևյան է։
Ես մերժում եմ այն քաղաքական տրամաբանությունը, ըստ որի՝ իմ պետության սահմանադրական օրակարգը կարող է պայմանավորված լինել մեկ այլ պետության պահանջով։
Վերջին մի քանի հոդվածներում անդրադարձել եմ այս խնդրի տարբեր իրավաքաղաքական կողմերին։ Այժմ համակարգել եմ իմ փաստարկները՝ ներկայացնելով դրանք 12 կետով։ Հույս ունեմ, որ այս նյութը մեր հայրենակիցներին կօգնի հասկանալ կատարվողը, իսկ քաղաքական գործիչներին՝ օգտվել ներկայացված հիմնավորումներից։
Սահմանադրության քաղաքական բնույթը որոշվում է ոչ միայն նրանով, թե ով է գրել դրա տեքստը, այլև նրանով, թե ում պահանջով է այն գրվել, ինչ խնդիր է լուծում, ինչ պայմաններում է ընդունվում և ում քաղաքական շահերն է սպասարկում։
Նախ արձանագրենք մի սկզբունքային հանգամանք։ Խոսքը նոր Սահմանադրության ընդունման մասին է, ոչ թե պարզապես սահմանադրական փոփոխությունների։ Նախագիծը կետ առ կետ քննարկելու իշխանության առաջարկը, իմ գնահատմամբ, Օվերտոնի պատուհանի բացման դրսևորում է։
Մեզ առաջարկվում է քննարկել, թե ինչպիսին պետք է լինի նոր Սահմանադրությունը՝ շրջանցելով սկզբունքային հարցը՝ արդյո՞ք ընդհանրապես ընդունելի է Ադրբեջանի պահանջով նոր Սահմանադրություն ընդունելը։ Այսպիսով՝ նոր Սահմանադրության անհրաժեշտությունը նախապես ընդունվում է որպես քննարկման ելակետ։ Այստեղ է ծուղակը, դուք կարոք եք քննարկել սահմանադրական փոփոխությունների օրակարգը, բայց էդպիսի օրակարգ չկա: Կա ալիևյան Սահմանադրության օրակարգ, որն ի բնե, ի ծնե, ի սկզբանե մերժման ենթակա է:
Նույնիսկ իրավաբանորեն կատարյալ տեքստը չի կարող արդարացնել քաղաքականապես անընդունելի գործընթացը։
Այսպիսով
Նախաստորագրված խաղաղության համաձայնագրի 2-րդ հոդվածով ամրագրված է փոխադարձ տարածքային պահանջների բացակայությունը, 4-րդով՝ միմյանց ներքին գործերին չմիջամտելու պարտավորությունը, իսկ 12-րդով՝ ներքին օրենսդրությունը որպես համաձայնագրի չկատարման հիմնավորում չվկայակոչելու սկզբունքը։
2025 թվականի սեպտեմբերի 30-ին Փաշինյանն ինքը ԵԽԽՎ-ում վկայակոչում էր 12-րդ հոդվածը՝ հիմնավորելով, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կարիք չկա։ Այսօր Հայաստանի կառավարությունն այդ նույն համաձայնագրի ստորագրման հետ է կապում նոր Սահմանադրության ընդունումը։
Ի՞նչ է փոխվել՝ համաձայնագրի բովանդակությո՞ւնը, Հայաստանի Սահմանադրությո՞ւնը, թե՞ կառավարության բանակցային դիրքորոշումը։ Թեև 12-րդ հոդվածն իրավաբանորեն վերաբերում է համաձայնագրի կատարմանը, այլ ոչ թե ստորագրմանը, քաղաքական հակասությունն ակնհայտ է. Հայաստանի կառավարությունն ինքն է չեզոքացնում սեփական բանակցությունների արդյունքում ձեռք բերված հակափաստարկները՝ Ադրբեջանի լրացուցիչ պահանջը վերածելով Հայաստանի ներքին օրակարգի։
Եթե կառավարությունն այսօր չի կարողանում պաշտպանել բանակցությունների արդյունքները, ապա ի՞նչ հիմքով է երաշխավորում համաձայնագրի հետագա կատարումը չլինի՞ credibility-ով: Փոխադարձ պարտավորությունների վրա հիմնված խաղաղությունն ու Ադրբեջանի հերթական պահանջի կատարմամբ պայմանավորված խաղաղության խոստումը տարբեր բաներ են։ Առաջինի հիմքում միջպետական համաձայնությունն է, երկրորդի հիմքում՝ քաղաքական կախվածությունը։
Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը դարձրել է խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման։ Հայաստանի կառավարությունն այդ պահանջին համընկնող փոփոխությունը ներկայացնում է որպես մեր ներքին անհրաժեշտություն։ Ալիևը պահանջել է վերացնել Անկախության հռչակագրին սահմանադրական հղումը։ Հրապարակված նախագծում այդ հղումը բացակայում է։ Արտաքին պահանջն ու առաջարկվող սահմանադրական արդյունքը համընկնում են։
Պահանջի անունը փոխելով՝ դրա հեղինակը չի փոխվում, իսկ արտաքին պահանջը հանրաքվեի դնելով՝ դրա քաղաքական ծագումը չի վերանում։
2024 թվականի սեպտեմբերի 26-ի ՍԴՈ-1749 որոշմամբ Հայաստանի Սահմանադրական դատարանը պարզաբանել է Անկախության հռչակագրին սահմանադրական հղման իրավական նշանակությունը։ Նույն թվականի նոյեմբերի 13-ին Փաշինյանն ինքն է հայտարարել, որ Հայաստանի Սահմանադրությունը Լեռնային Ղարաբաղին ուղղակի կամ անուղղակի հղում չի պարունակում։ Սակայն Ալիևը չի հրաժարվել իր պահանջից։
Եթե խնդիրը բացառապես իրավական էր, ապա ինչո՞ւ Հայաստանի բարձրագույն սահմանադրական ատյանի մեկնաբանությունը բավարար չհամարվեց։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ Բաքվին անհրաժեշտ է ոչ թե պարզապես իրավական պարզաբանում, այլ Հայաստանի կողմից նոր քաղաքական և սահմանադրական որոշման ընդունում։
Ո՞րն է Հայաստանի պետական կառավարման այն հիմնարար խնդիրը, որը հնարավոր չէ լուծել գործող Սահմանադրության փոփոխություններով և որի լուծման համար անհրաժեշտ է ամբողջությամբ նոր Սահմանադրություն ընդունել։
Նախկին սահմանադրական հանրաքվեների կեղծման մասին իշխանության պնդումները, նույնիսկ եթե դրանք ամբողջությամբ հիմնավորված համարենք, չեն պատասխանում այս հարցին։ Հանրաքվեի օրինականությունն ու սահմանադիր գործընթացի ինքնիշխանությունը տարբեր խնդիրներ են։ Նախկին հանրաքվեների հնարավոր անօրինականությունը չի արդարացնում արտաքին պահանջով նոր հանրաքվեի նախաձեռնումը։
Իշխանությունը շատ ավելի հստակ է բացատրում, թե ինչու է նոր Սահմանադրությունն անհրաժեշտ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, քան թե ինչու է այն անհրաժեշտ հենց Հայաստանի Հանրապետությանը։
Ալիևը սահմանադրական պահանջ է ներկայացնում, իսկ Փաշինյանն այդ պահանջին համընկնող փոփոխությունը հիմնավորում է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությամբ։
Նույն սահմանադրական արդյունքը ներկայացվում է տարբեր քաղաքական բառապաշարով՝ Բաքվում՝ որպես Հայաստանի նկատմամբ պահանջ, Երևանում՝ որպես Հայաստանի պետականության վերաիմաստավորում։ Սակայն արտաքին պահանջի ներպետական գաղափարախոսական հիմնավորումը դեռևս չի ապացուցում այդ որոշման ինքնիշխանությունը։
Իմ գնահատմամբ՝ Ալիևին Փաշինյանի քաղաքական համաձայնությունն այլևս բավարար չէ։ Նրան անհրաժեշտ է այդ համաձայնությունը վերածել Հայաստանի ժողովրդի սահմանադրական համաձայնության։ Հենց այս համատեքստում եմ դիտարկում նոր Սահմանադրության նախագծի նախաբանի ձևակերպումը՝ «Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է»։ Որքանո՞վ կարող է արտաքին պահանջով պայմանավորված որոշումը համարվել մեր ազատ հավաքական պայմանավորվածությունը։
Կառավարությունն ու ժողովուրդը նույն քաղաքական սուբյեկտը չեն, իսկ գործող քաղաքական իշխանությունն ու սահմանադիր իշխանությունը՝ նույն իրավաքաղաքական կատեգորիաները։ Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պատասխանատու չեմ գործող իշխանության տված բոլոր քաղաքական համաձայնությունների համար։ Իմ քաղաքացիական կամքը կառավարության քաղաքական որոշումների շարունակությունը չէ։
Իշխանության քաղաքական համաձայնությունը դեռևս իմ սահմանադրական համաձայնությունը չէ։
Ռազմական պարտություն → քաղաքական զիջում → հանրային համաձայնություն → սահմանադրական ամրագրում։
Սա ռազմաքաղաքական պարտության հետևանքների ինստիտուցիոնալացման հնարավոր շղթան է։ Եթե ռազմական ուժով ստեղծված քաղաքական իրողություններն ամրագրվում են պարտված պետության հիմնարար օրենքում, ապա պարտության հետևանքները ստանում են երկարաժամկետ իրավական ամրագրում։
Իշխանությունները փոխվում են, քաղաքականությունը վերանայվում է, ուժերի միջազգային հարաբերակցությունը փոփոխվում է։ Մինչդեռ սահմանադրական որոշումների հետևանքները կարող են պահպանվել սերունդներ շարունակ։ Պարտության հետևանքով ստեղծված իրողությունների հետ հաշվի նստելը դեռևս չի նշանակում դրանք սահմանադրորեն հավերժացնել։
Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ստորագրումը կապում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հետ, իսկ Հայաստանի իշխանությունը սահմանադրական գործընթացը հիմնավորում է խաղաղության անհրաժեշտությամբ։ Այս պայմաններում քաղաքացին կարող է կանգնել ոչ թե լավ և վատ Սահմանադրությունների, այլ խաղաղության և պատերազմի միջև ընտրություն կատարելու առջև։ Սա սահմանադրական կամքի ազատ արտահայտման սկզբունքային խնդիր է։
Ժողովրդի՝ խաղաղության բնական ցանկությունը չպետք է օգտագործվի նրա սահմանադրական կամքը սահմանափակելու համար։ Խաղաղությունն ու սահմանադրական ինքնիշխանությունը միմյանց բացառող արժեքներ չեն։
ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է նաև ընտրությունների և ներկայացուցչական մարմինների միջոցով։ Իսկ 202-րդ հոդվածով նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի համաձայնությունը։ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում ՔՊ-ն չի ստացել այդ մեծամասնությունը։ Իշխանությանը պակասում է վեց պատգամավորի ձայն։ Սա ժողովրդի ընտրական որոշման սահմանադրական հետևանքն է, այլ ոչ թե ընդդիմության ստեղծած արհեստական խոչընդոտը։
Ընդդիմությունը նույնպես ժողովրդի ընտրությունն է։ Ընդդիմադիր պատգամավորների մանդատը ժողովրդական ինքնիշխանության արտահայտություն է նույնքան, որքան իշխանական պատգամավորների մանդատը։ Ժողովրդավարության իրական փորձությունը ոչ միայն ժողովրդի այն որոշումն ընդունելն է, որը քեզ իշխանություն է տալիս, այլև այն որոշումը հարգելը, որը սահմանափակում է քո իշխանությունը։
Երբ քննարկում ենք, թե Ադրբեջանի ինչպիսի երաշխիքների դիմաց կարելի է փոխել Հայաստանի Սահմանադրությունը, մեր սահմանադրական ինքնիշխանությունն արդեն իսկ դարձնում ենք միջպետական սակարկության առարկա։ Նույնիսկ Ադրբեջանի կողմից հետագա պահանջներ չներկայացնելու վստահելի երաշխիքներն ինքնին չեն հիմնավորում ներկայիս պահանջի ընդունելիությունը։
Հանրաքվեի ժողովրդավարական ընթացակարգն ու դրա օրակարգի ինքնիշխան ծագումը տարբեր հարցեր են։ Սահմանադիր գործընթացի ինքնիշխանության խնդիրը ծագում է ոչ թե քվեարկության օրը, այլ գործընթացի նախաձեռնման պահից։ Հայաստանի հիմնարար օրենքը չպետք է լինի միջպետական սակարկության առարկա։
Հրապարակված նախագծով առաջարկվում է սահմանադրական հանրաքվե նախաձեռնելու խորհրդարանական շեմը երկու երրորդից իջեցնել երեք հինգերորդի։ Գործող խորհրդարանում իշխանությանն անհրաժեշտ է ընդդիմադիր առնվազն վեց պատգամավորի աջակցությունը։ Առաջարկվող շեմի դեպքում, մանդատների նույն հարաբերակցության պայմաններում, այդ անհրաժեշտությունը կվերանա։ Այսպիսով՝ մի կողմից առաջարկվում է Ադրբեջանի պահանջին համընկնող փոփոխություն, մյուս կողմից՝ իշխանությունը սահմանափակող սահմանադրական հակակշռի թուլացում։
Եթե գործող երկու երրորդի շեմը հաղթահարելու նպատակով ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ կիրառվեն ապօրինի ճնշման կամ հարկադրանքի միջոցներ, կառաջանա սահմանադրական լիազորությունների յուրացման վտանգ։ Իսկ հակակշիռների համակարգային ապօրինի չեզոքացումը կարող է ձեռք բերել ինքնահեղաշրջմանը (self-coup) բնորոշ հատկանիշներ։
Սահմանադրությունը պետք է պաշտպանի ինձ իշխանության հնարավոր կամայականությունից, այլ ոչ թե դառնա այդ կամայականությունը սահմանադրորեն ապահովագրող փաստաթուղթ։
Եթե այսօր Ադրբեջանի պահանջը կարող է դառնալ Հայաստանի հիմնարար օրենքը վերաձևելու հիմք, ապա ի՞նչ սկզբունքով է վաղը մերժվելու մեր պետական խորհրդանիշների, օրենսդրության, կրթական քաղաքականության կամ ազգային ինքնության նկատմամբ արտաքին միջամտությունը։ Իսկ եթե այդ պահանջի կատարման ճանապարհին թուլացվեն նաև ներքին սահմանադրական հակակշիռները, վտանգի տակ կհայտնվեն ինքնիշխանության երկու հարթությունները՝ պետության արտաքին ինքնուրույնությունն ու ժողովրդի ներքին իշխանությունը։
Խնդիրն այլևս Անկախության հռչակագրին կատարված մեկ հղումը չէ։ Խնդիրը Հայաստանի՝ սեփական պետական և սահմանադրական օրակարգն ինքնուրույն որոշելու իրավունքն է։
Ամփոփելով՝ «Ալիևյան Սահմանադրություն» բնորոշումը փաստաթղթի բառացի հեղինակության մասին պնդում չէ։ Դա իմ քաղաքագիտական գնահատականն է՝ հիմնված գործընթացի քաղաքական ծագումնաբանության, արտաքին պահանջի, հանրային համաձայնության ձևավորման պայմանների և հնարավոր սահմանադրական հետևանքների վրա։ Այս նախագծում միաժամանակ առկա են Ադրբեջանի պահանջին համընկնող փոփոխությունն ու իշխանությունը սահմանափակող սահմանադրական հակակշիռներից մեկը թուլացնելու առաջարկը։
Ես խաղաղության հակառակորդ չեմ։ Ես խաղաղությունը քաղաքական շահի համար շահարկելու հակառակորդ եմ։
Ես սահմանադրական բարեփոխումների հակառակորդ չեմ։ Ես իմ պետության սահմանադրական օրակարգն արտաքին պահանջներով պայմանավորելու հակառակորդ եմ։
Ես ժողովրդավարական հանրաքվեի հակառակորդ չեմ։ Ես հանրաքվեի ժողովրդավարական ընթացակարգով արտաքին պարտադրանքն ինքնիշխան որոշում ներկայացնելու հակառակորդ եմ։
Ես ուզում եմ ապրել մի պետությունում, որտեղ Սահմանադրությունը պաշտպանում է ինձ իշխանության հնարավոր կամայականությունից, իսկ իմ պետությունը՝ արտաքին քաղաքական պարտադրանքից։ Ո՛չ Ալիևի պահանջը, ո՛չ Փաշինյանի քաղաքական համաձայնությունը չեն կարող փոխարինել իմ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնիշխան կամքին։
Հայաստանի Սահմանադրությունը պետք է լինի մեր անկախության և ինքնիշխանության երաշխավորը, այլ ոչ թե խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց վճարվող քաղաքական գինը։
Վլադիմիր Մարտիրոսյան
Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test